Հուլիսի 25-30-ից Հայաստանի գեղատեսիլ բնության գրկում` Հրազդանի շրջանի Մեղրաձորի «Տուրիստ» մարզաառողջարարական ճամբարում անցկացվեց Պոլիտեխնիկի ուսանողության կողմից սիրված «Մեղրաձոր-2015» ավանդական ամառային հանգիստը:
Կազմակերպիչը այս տարի նույնպես Ուսանողական խորհուրդն էր: Ճամբարային օրերի ընթացքում կազմակերպվեցին մրցութային խաղեր: Պոլիտեխնիկի ուսանողները խաղային ծրագրի ընթացքում բաժանվեցին 3 ճակատների` կարմիր, կապույտ և ծիրանագույն: Կարմիր ճակատը կազմեցին Էներգետիկայի, Կիբեռնետիկայի, Տրանսպորտային համակարգերի, Մեխանիկամեքենագիտական և Մեքենաշինական ֆակուլտետների ուսանողները՝ Կիբեռնետիկական ֆակուլտետի ՈւԽ նախագահ Լևոն Ազիզյանի գլխավորությամբ: Կապույտ ճակատը կազմեցին Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի, Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության, Ընդերքաբանության և մետալուրգիայի, Էլեկտրատեխնիկական ֆակուլտետների ուսանողները՝ ՌՏ և ԿՀ ֆակուլտետի ՈւԽ նախագահ Տիգրան Ալիխանյանի գլխավորությամբ: Ծիրանագույն ճակատը կազմեցին Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի, Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետների ուսանողները՝ ԿՄ և Ֆ ֆակուլտետի ՈւԽ նախագահ Գոռ Իսպիրյանի գլխավորությամբ: Եռագույնը կազմող այս ճակատները մրցեցին միմյանց հետ սպորտային, մշակութային և ինտելեկտուալ մրցույթներում, որոնք ոչ միայն ապահովում էին առողջ մրցակցություն, այլև ստեղծում էին ընկերական միջավայր: Տարբեր ճակատների մասնակիցները, մնալով ընկերներ, անզիջում պայքար էին մղում միմյանց դեմ, բայց և անկեղծորեն ուրախանում հաղթանակներով: Նաև չէին ընկճվում պարտություններից: Խաղային ծրագրի ընթացքում ճակատներից յուրաքանչյուրը ուժեղ գտնվեց տարբեր մրցույթներում: Կարմիր ճակատը ինտելեկտուալ, կապույտը սպորտային, իսկ ծիրանագույնը հավասարապես հաղթանակեց բոլոր մրցույթներում՝ տանելով արժանի հաղթանակ, որի համար ՀԱՊՀ Ուսխորհուրդը սրտանց շնորհավորում է ծիրանագույն ճակատին և նրա ղեկավար Գոռ Իսպիրյանին:
Անհրաժեշտ է նաև նշել, որ բոլոր ճակատները արժանի էին հաղթանակի: Այդ իսկ պատճառով կարելի է արձանագրել, որ «Մեղրաձոր 2015» ճամբարային հանգստի ժամանակ հաղթանակ տարավ ՀԱՊՀ ուսանողության միասնական ոգին, ընկերասիրությունը և բարձր կարգապահությունը:
ՀԱՊՀ ՈւԽ մամուլի և լրատվության
Հանձնաժողով