Առաջնորդվելով ինտելեկտուալ ազատություն ու ստեղծագործ նորարարություն տեսլականով «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Ուսանողական խորհրդի Ինտելեկտուալ հանձնաժողովը հուլիսի 22-ից 24-ը Թռչկանի ջրվեժի հարևանությամբ կազմակերպել էր միջհամալսարանական եռօրյա «Թռչկան-2015» ինտելեկտուալ վրանային արշավ մրցույթ-փառատոնը: Այն վրանային ճամբարի կազմակերպում էր, ինտելեկտուալ տարաբնույթ խաղերի և ակտիվ ժամանցի անցկացում և Թռչկանի հարակից տարածքի բնապահպանական ակցիայի իրականացում: Ջրվեժը գտնվում է Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի ափին:
Փառատոնի 3 հիմնական խաղ-մրցույթներն էին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը, «Բրեյն ռինգ»-ը, «Սեփական խաղ»-ը: «Թռչկան-2015» վրանային ինտելեկտուալ արշավ մրցույթ-փառատոնի տարբերանշանը ջրի երանգներով էլիպսաձև օղակն էր: Կենտրոնում պատկերված էր վրան, որի հենքի վրա էլ, պատրաստվել էին մրցույթ-փառատոնի մյուս տարբերանշանները: Մրցույթ-փառատոնի կարգախոսն էր «Միասին՝ դեպի ինտելեկտուալ ազատություն...»:
«Թռչկան-2015»-ին մասնակցում էին Երևանի և Գյումրու բուհերը ներկայացնող 8 թիմեր: Մայրաքաղաքից ներկայացված էին ՀԱՊՀ, ԵՊՀ, ԵՊԼՀ, ՀՌՀ, ԵՊԲՀ, ՀՊՄՀ իսկ Գյումրուց՝ ԳՊՄԻ և ՀՊՏՀ ԳՄ բարձրագույն ուսումնական հաստատությունները:
Երեք օրերի ընթացքում որոշվեցին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ», «Սեփական խաղ» ինտելեկտուալ խաղերի հաղթողները:
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցույթում հաղթող ճանաչվեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի թիմը, «Բրեյն ռինգ» մրցույթում՝ ԳՊՄԻ թիմը իսկ «Սեփական խաղ» անհատական խաղում լավագույնը ճանաչվեց ԳՊՄԻ ներկայացուցիչ Թաթուլ Խաչատրյանը:
Հատկանշական է նաև, որ մրցույթի երկրորդ օրը Թռչկան այցելեցին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և ՈւԽ նախագահ, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը: Նրանք զրուցեցին մասնակիցների հետ նաև մի քանի ինտելեկտուլ հարցեր ուղղեցին նրանց՝ փորձելով մասնակիցների գիտելիքները: Պրոֆեսոր Ո.Մարուխյանը թիմերին նվիրեց «Անձի էկոլոգիական կուլտուրան» իր ուսումնական ձեռնարկը:
Փառատոնի վերջում բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր, իսկ մրցանակակիրները նաև պատվոգրեր, մեդալներ և գավաթներ:
«Թռչկան-2015» վրանային ինտելեկտուալ արշավ մրցույթ-փառատոնի կազմակերպչական աշխատանքների ղեկավարն էր ՀԱՊՀ ՈՒԽ ինտելեկտուալ հանձնոժողովի նախագահ Մերուժան Պետրոսյանը: