Երկար տասնամյակներ կարծել էինք, որ Մեծ եղեռնից հետո մեր պատմական հայրենիքի տարածքն այլևս դատարկված է հայ տարրից: Մինչդեռ, ինչպես պարզվում է, վերապրել են ոչ միայն արաբական անապատներ քշված հայերի բեկորներ, որոնք գոյացրին ժամանակակից սփյուռքը, այլև հենց Թուրքիայի սահմաններում, անասելի տառապանքներ հաղթահարելով, գոյատևել է հայերի մի քանի սերունդ: Մեկ հարյուրամյակի ընթացքում նրանք ստիպված են եղել ծպտվել թուրքի, քրդի, զազայի անվան տակ, առերես կամ իրականում իսլամանալ, որպեսզի պահպանեն իրենց նախնիների հողում կյանքը շարունակելու իրավունքը:
Ծպտյալ և բացահայտ հայերի տարատեսակությունների, ժամանակակից Թուրքիայում նրանց ահռելի թվաքանակի, տեղաբաշխվածության մասին էր ՀԱՊՀ Լեզուների գիտակրթական կենտրոնի նախաձեռնած սեմինարը: Բացման խոսքում Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Լիլիթ Սեյրանյանը ներկայացրեց բանախոսներին՝ դոցենտ Միքայել Հայրապետյանին և հայրենադարձ ազատամարտիկ, ռեժիսոր և հայագետ Սարգիս Հացպանյանին: Սեմինարի կազմակերպման խթան էր հանդիսացել ցայսօր գիտական շրջանառությունից դուրս մնացած Գևորգ Հալաջյանի՝ 1932 թ. Բոստոնում լույս տեսած ստվարածավալ «Դեպի կախաղան» օրագրային հուշագրությունը: Այդ գրքում պատկերված` 1925-1928 թթ. իրադարձությունների և հայությանը նետված ժամանակակից գլոբալ մարտահրավերների զուգահեռների բացահայտմանն էր նվիրված Մ. Հայրապետյանի զեկուցումը:
Այնուհետև, մոտ երկու ժամ, Պոլիտեխնիկի հարգարժան հյուրը՝ Սարգիս Հացպանյանը, հանգամանալից ներկայացրեց արևմտահայության հետեղեռնյան անցած ուղին, դեգերումները, Թուրքիայում նրանց ներկա կարգավիճակները, ազգային ինքնության որոնումները, վերահայացման հետ կապված դժվարությունները: Նա նահանգ առ նահանգ ներկայացրեց ներկա Թուրքիայում հայերի տարածվածության, բարքերի, սովորույթների և, մեծ հաշվով, իղձերի քարտեզը: Բանախոսի առինքնող խոսքն ուղեկցվում էր լուսապատկերների ցուցադրությամբ, ուր կոնկրետ մարդիկ էին՝ կոնկրետ անուններով և ճակատագրերով, իսկ այդպիսիք արդի Թուրքիայում հաշվըվում են հարյուր հազարներով, եթե ոչ միլիոններով: Սեմինարի մասնակիցները, Հացպանյանի հարուստ տեղեկատվության շնորհիվ, իրենց համար բացահայտեցին մի նոր իրողություն, որն անհնար է գտնել համացանցում, գրքերում և մամուլում: Նրանք տեղեկացան, որ Արաքսից այն կողմ՝ մեր պատմական հայրենիքում որպես հայ շարունակում են ապրել մեր ազգակիցները՝ հայախոս կամ քրդախոս, թրքախոս կամ զազայախոս, լուսավորչական կամ սունի, ալևի կամ աթեիստ, բայց ամեն դեպքում՝ իրենց գենին ու պատմական հիշողությանը հավատարիմ, և մենք ոչ միայն իրավունքը չունենք կորցնելու միմյանց, այլև վերագտնելու պարտավորությունն ունենք:
Վերջում Ս.Հացպանյանը շնորհակալություն հայտնեց Պոլիտեխնիկի ՀԱՊՀ Լեզուների գիտակրթական կենտրոնի աշխատակիցներին միջոցառումը կազմակերպելու համար, իսկ մասնակիցները, միջոցառման ավարտից հետո, դեռ երկար ժամանակ նոր հարցեր էին ուղղում Սարգիս Հացպանյանին՝ միաժամանակ իրենց երախտագիտությունը հայտնելով հարգարժան բանախոսին: