Հունիսի 8-ից 19-ը Բելգիայի Թագավորության Մեխելեն քաղաքի Թոմաս Մորի համալսարանում անցկացվել է «Software for Embedded systems and CAD/CAM/CAE» (ներկառուցվող համակարգերի և CAD / CAM / CAE ծրագրային ապահովում) թեմայով դասընթացը: Դասընթացը կազմակերպվել էր «TEMPUS DesIRE» նախագծի «Retrain academic teachers on ESD engineering and virtual learning platform» (բուհերի դասախոսների վերապատրաստում ներկառուցվող համակարգերի նախագծում և վիրտուալ ուսուցման հարթակ թեմաներով) ծրագրի շրջանակներում: Ծրագրին մասնակցում են բուհեր Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Սլովակիայից, Բելգիայից և Գերմանիայից: «TEMPUS DesIRE» նախագծին Հայաստանի կողմից մասնակցում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ), Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը:
Բելգիայում կայացած դասընթացին ՀԱՊՀ-ից մասնակցել են՝ «Էլեկտրոնային տեխնիկա» ամբիոնի ասպիրանտ Վաչագան Մելքոնյանը, «Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքեր» ամբիոնի ասիստենտ Սերոբ Մուրադյանը և «Քոմփյութերային համակարգեր և ցանցեր» ամբիոնի դոցենտ Գոհար Սարգսյանը:
Երկշաբաթյա դասընթացի ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Թոմաս Մորի համալսարանում իրականացվող ներկառուցվող համակարգերի դասընթացների ծրագրերին (միկրոկարգավորիչներ, ներկառուցվող համակարգերի համար C ծրագրավորման լեզու, օպերացիոն համակարգեր և այլն) և դասավանդման մեթոդաբանությանը: CAD / CAM / CAE համակարգչային նախագծման համակարգերից մանրամասն ներկայացվեցին Altium և Creo ծրագրային փաթեթները:
Դասընթացի շրջանակներում այց կազմակերպվեց Բելգիայի Պոպերինյա քաղաքում գտնվող տպասալերի արտադրությամբ զբաղվող Page ընկերություն:
«TEMPUS DesIRE» ծրագրին մասնակցելու արդյունքում ՀԱՊՀ-ն կստանա նոր սարքավորումներ՝ ներկառուցվող համակարգերի լաբորատոր աշխատանքներ իրականացնելու համար: