Մայիսի 12-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան էին այցելել «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Խաչատուր Սուքիասյանը և ԱԺ նախագահի խորհրդական Վահագն Գրիգորյանը։
Արդեն 3-րդ տարին է՝ «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներին հանձնում է «Ալբերտ Սուքիասյան» անվամբ կրթաթոշակ։ Համալսարանի տարբեր ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ սովորող 20 ուսանող արժանացել է կրթաթոշակի։ Յուրաքանչյուր ուսանողի 250.000-ական դրամի չափով կրթաթոշակի հավաստագրերն ու «Հայէկոնոմ» բանկի քարտերն անձամբ հանձնեց պարոն Սուքիասյանը:
Խաչատուր Սուքիասյանն իր խոսքում ընդգծեց, որ կրթաթոշակի նպատակն է աջակցել և շահագրգռել լավ սովորող ուսանողներին, քանի որ առանց գիտելիքների մեծ պաշարի անհնար է ունենալ մրցունակ տնտեսություն և զարգացած պետություն։ Ըստ Խ.Սուքիասյանի՝ բարեկեցիկ կյանք ունենալու համար պետք է պայքարել, աշխատել, ստեղծագործել, իսկ ցանկացած նախաձեռնություն և գործունեություն հաջողությամբ կպսակվի արդյունավետության և խնայողության շնորհիվ։
Պոլիտեխնիկցի շրջանավարտի բարեգործական նման արարքը ոչ միայն նյութապես օգնում է ուսանողներին, այլև դառնում օրինակելի: Բարեգործությունը չի ավարտվում, այլ շարունակվում է նաև այլ մարդկանց կողմից: Իրենց հետագա աշխատանքային գործունեության ընթացքում Կրթաթոշակի արժանացած այսօրվա ուսանողներից մի քանիսը հնարավորության դեպքում, համոզված ենք, անպայման կդառնան բարեգործներ՝ նյութապես և բարոյապես օգնելով և աջակցելով կարիքի մեջ գտնվող շնորհալի ուսանողներին: