Երեխաները մեր ապագան են, մեր կյանքի ծաղիկները: Այս արտահայտությունները շատ հոգեհարազատ են բոլորիս համար, քանի որ երեխաները թարմություն, գեղեցկություն և լավատեսություն են հաղորդում մեր կյանքի առօրյա ռիթմին: Հունիսի 1-ին Պոլիտեխնիկի բակը նոր տեսք էր ստացել: ՀԱՊՀ արհեստակցական կազմակերպությունը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպել էր միջոցառում: ՀԱՊՀ արհեստակցական կազմակերպության վարչակառավարչական մասի նախագահ, արհկոմի կազմակերպիչ Լևոն Մացակյանը և գլխավոր հաշվապահ Անահիտ Ղուրշուդյանը վաղ առավոտից Պոլիտեխնիկի ասֆալտապատ բակում 100-ից ավելի երեխաների համար գծելով առանձնացնում էին փոքրիկ մակերեսներ: Նրանց միացավ նաև Տնտեսական մասի արհկազմակերպության նախագահ Լևոն Իգիթյանը: Աշխատանքն ավարտվելուց հետո ամբողջ բակը վերածվեց ուղղանկյուններով լի մի մեծ մակերեսի, որտեղ փոքրիկ նկարիչները գունավոր կավիճներով պատկերելու էին իրենց ցանկություններն ու մտահղացումները: Միջոցառումն սկսվեց մանկական երգերով, որոնց ուրախ մեղեդիների ներքո պոլիտեխնիկցի փոքրիկներին ողջունեց ՀԱՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Գևորգ Բալումյանը: Շնորհավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ` նա փոքրիկներին մաղթեց երջանիկ մանկություն և անամպ, խաղաղ երկինք: Միջոցառմանը մասնակցում էին Պոլիտեխնիկի աշխատակիցների հարյուրից ավելի 5-10 տարեկան երեխաներ և թոռնիկներ: Բոլոր մասնակիցները ստացան նվերներ, իսկ 8 լավագույն նկարների հեղինակները ստացան գովասանագրեր: Նրանցից 6-ը` տարիքով ավագները, ստացան «Կենդանական աշխարհի հանրագիտարաններ», իսկ 2 փոքրիկները` գունավոր մատիտների հավաքածուներ և «Ներկիր ինքդ» գրքեր: