Մայիսի 5-ին՝ Ա.Բաբայանի ծննդյան օրը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ նրա հարազատ կրթօջախում նշվեցին մեծ գիտնականի 110-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ։ Ա. Բաբայանի ղեկավարությամբ պաշտպանվել են մի շարք դոկտորական ատենախոսություններ, իսկ թեկնածուականների թիվը հասնում է 5 տասնյակի։ Ա.Բաբայանը արժանացել է շատ պարգևների, նոմինացվել է Նոբելյան մրցանակի համար։ Շատ արդյունավետ և մասշտաբային է նրա աշխատանքային գործունեությունը ինչպես մեր երկրում, այնպես էլ արտերկրում։
ՀԱՊՀ-ի Գիտխորհրդի նիստերի դահլիճում (1301 լսարան) տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված կին գիտնականի 110-ամյակին։ Նիստը նախագահում էր Ա.Բաբայանի աշակերտ, Քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, ք.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Թորոսյանը։
Միջոցառմանը ներկա էին Պոլիտեխնիկի ղեկավարությունը, դեկաններ, ամբիոնների վարիչներ, դասախոսներ, ուսանողներ։ Շատ հյուրեր էին մասնակցում հանդիսավոր արարողությանը՝ Ա. Բաբայանի դուստրը՝ Լիլիթը իր ընտանիքով, վաղամեռիկ տղայի՝ մեր համալսարանի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետի շրջանավարտ Արմեն Թումանյանի ընտանիքը, ՀՃԱ-ի նախագահ Ս. Մինասյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Մանթաշյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Ս. Դավթյանը, Վ. Թոփուզյանը, քիմիայի բնագավառի այլ հայտնի գիտնականներ, Երևանի Ֆ.Նանսենի անվան հիմնադրամի և թանգարանի աշխատակիցներ, Երևանի Ֆ.Նանսենի անվան թիվ 150 դպրոցի մանկավարժներ, աշակերտներ, ՀՀ արտգործնախարարության Հյուսիսային Եվրոպայի բաժնի աշխատակիցներ, ՀՀ-ում Նորվեգիայի հյուպատոսության ներկայացուցիչը։
Հանդիսությունը բացեց ՀԱՊՀ գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը՝ հակիրճ ներկայացնելով Ա.Բաբայանի գործունեությունը՝ կապված Պոլիտեխնիկի և հայ-նորվեգական կապերի հետ։ Ի դեպ Ա. Բաբայանը եղել է «Նանսենյան անձնագիր» ունեցողներից մեկը Հայաստանում:
Այնուհետև ելույթ ունեցավ Գ.Թորոսյանը, նշելով, որ աշակերտներով այցելել են Ա.Բաբայանի շիրմին և հարգանքի տուրք մատուցել սիրելի ուսուցչի հիշատակին։
ՀՃԱ-ի նախագահ Ս.Մինասյանը շնորհավորեց Գագիկ Թորոսյանին և հանձնեց միջազգային ճարտարագիտական ակադեմիայի շքանշանը։ Գ. Թորոսյանը պարգևատրվեց նաև «Ֆ. Նանսեն» հիմնադրամի Ֆ.Նանսենի անվան Ոսկե հուշամեդալով, որը հանձնեց հիմնադրամի տնօրեն նշանավոր գրականագետ, գրող, թարգմանիչ Ֆ. Բախչինյանը։
«ՀԱՊՀ թանգարան-մշակութային կենտրոնի» տնօրեն Արկադի Դուրինյանը, ով մեծ ներդրում է ունեցել այս միջոցառման կազմակերպման գործում, սլայդների ցուցադրումով ներկայացրեց Ա. Բաբայանի կյանքը և գործունեությունը:
ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո. Մարուխյանի ելույթը լի էր երախտագիտությամբ ու հիացմունքով մեծ գիտնական և Պոլիտեխնիկի նվիրյալ Ա. Բաբայանի նկատմամբ: Ռեկտորն իր ուրախությունն արտահայտեց «Թամանյանական այս մասնաշենքին բնորոշ միջոցառում անցկացնելու առթիվ, որով հիշում ենք մեր մեծերին՝ կատարելով մեր հոգու պարտքը»: Շնորհավորելով բոլորին միջոցառման առթիվ` պարոն Մարուխյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչ, Քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, ք.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Թորոսյանին՝ հանուն Պոլիտեխնիկի զարգացման ջանքերի համար և խոստացավ օգնել Քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի մշտական պահպանմանը՝ բոլոր մարտահրավերների դեպքում։
Ելույթ ունեցավ քիմիական գիտությունների դոկտոր Էմմա Չուխաջյանը՝ ներկայացնելով Ա. Բաբայանի գիտական գործունեությունը:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Մանթաշյանի ելույթը լի էր ոչ միայն դահլիճում տեղի ունեցած անմոռաց դեպքերի և գիտության բնագավառում հայտնի դեմքերի մասին գեղեցիկ հուշերով, այլև քիմիան այժմյան Հայաստանում զարգացնելու առաջարկներով։ Նա մեծարեց Ա.Բաբայանին՝ որպես երջանիկ մարդու և որպես գիտնականի, ում հիշատակը վառ է։
Հանդիսավոր նիստի ավարտին Գ. Թորոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և ընթերցեց Նորվեգիայից` CPEA – 2012/10097, ENORA ծրագիր, Հայաստանում «Շրջակա միջավայրի օրգանական անալիտիկ քիմիա» առարկայի ասպիրանտական ուսուցում, դրամաշնորհի տրամադրողներից՝ Արտաքին գործերի նախարարության «Եվրասիա» հիմնադրամից, Օսլոյի համալսարանից շնորհավորական նամակները՝ լաբորատորիայի և ցուցասրահային տարածքի բացման կապակցությամբ։ Նամակներից մեկում ասվում էր. «Հայաստանի համար այս դժվար պայմաններում ստեղծվում է նման լաբորատորիա և ցուցասրահային տարածք, ուրեմն Ֆ. Նանսենի ջանքերը իզուր չեն անցել»։
Նիստն ավարտելուց հետո Քիմիական տեխնոլոգիաների ամբիոնում բացվեցին «Հայ - նորվեգական բարեկամություն» լաբորատոր և ցուցասրահային տարածքները։ Արարողությունը լայնորեն լուսաբանվեց նաև ՀՀ ԶԼՄ-ներում և հեռուստատեսային ալիքներով, ՔՏ ամբիոնի հետ ակտիվորեն համագործակցող և վերը նշված ծրագրին ուսանողների մասնակցությունը ապահովող (թվով յոթ սեմինարային 1-2 շաբաթյա պարապմունքներ) ՀՀ Երիտասարդական հիմնադրամի կողմից: