2016թ. ապրիլի 24-ին կյանքից անժամանակ հեռացավ Մեքենաշինական ֆակուլտետի «Մեքենաշինական արտադրության տեխնոլոգիաներ և սարքավորումներ» ամբիոնի վարիչ, «Մեքենաշինական տեխնոլոգիաներ» բազային լաբորատորիայի գիտական ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Ստեփան Շմավոնի Խրիստաֆորյանը:
Ս.Շ. Խրիստաֆորյանը ծնվել է 1946 թ. Երևանում: 1965թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Մեքենաշինական տեխնիկումը: Ուսումնառության ընթացքում աշխատել է Կիրովի անվան գործարանում՝ որպես խառատ:
1965 թ.-ից մինչև 1970 թ. սովորել է Կ.Մարքսի անվան Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Մեխանիկամեքենաշինական ֆակուլտետում: 1970 թ. աշխատանքի է անցել ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքների բաժնում, իսկ 1984 թ.-ից` «Մեքենաշինության ավտոմատացման և կոմպլեքսային մեքենայացման» ամբիոնում` որպես ավագ դասախոս, 1987թ.-ից՝ ամբիոնի դոցենտ և 1997թ-ից ամբիոնի պրոֆեսոր:
1986թ. Կիևի Պոլիտեխնիկական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 1996թ. ՀՊՃՀ Թ034 Մասնագիտական խորհրդում` դոկտորական ատենախոսություն, որն արժանացել է ՀՊՃՀ Առաջին մրցանակի` որպես լավագույն դոկտորական ատենախոսական աշխատանք:
2006-2011 թթ. ղեկավարել է ՀՊՃՀ-ի Մեքենաշինական ֆակուլտետի Մեքենաշինության ավտոմատացման և համալիր մեքենայացման, իսկ 2012թ-ից` «Մեքենաշինական արտադրության տեխնոլոգիաներ և սարքավորումներ» ամբիոնները: 2003 թ.-ից զբաղեցրել է նաև «Մեքենաշինական տեխնոլոգիաներ» բազային լաբորատորիայի գիտական ղեկավարի պաշտոնը:
ՀՊՃՀ-ի 70 ամյակին նվիրված մրցանակաբաշխությունում՝ «Լավագույն գիտական աշխատանքների և գյուտերի համար» արժանացել է` առաջին մրցանակի, Մեքենաշինարարների միջազգային միության երկու առաջին աստիճանի դիպլոմի, «XXI դարի մեքենաշինություն և տեխնոսֆերա» գիտատեխնիկական կոնֆերանսների 3 երկրորդ և 2 երրորդ աստիճանի դիպլոմի, ՀՊՃՀ առաջին աստիճանի 2 դիպլոմի («Լավագույն գյուտի համար»), Լեհաստանի Լյուբեսկա-Պոլիտեխնիկական համալսարանի «Ոսկե շքանշանի», Մեքենաշինարարների միջազգային միության շքանշանի, ՀՀ ԿԳ նախարարության հուշամեդալի:
Մեքենաշինարարների միջազգային միության (ՄՄՄ) անդամ էր, ՄՄՄ խորհրդի և ՀՀ-ում ՄՄՄ ներկայացուցչության նախագահ, 1995-2001թթ եղել է ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ (ՓԲԸ ԵՎԳ-ում), իսկ 1996-2003թթ. ՀՀ ԿԳ նախարարության էքսպերտային խորհրդի անդամ, 1996 թ-ից ՀՊՃՀ Գիտական խորհրդի և գիտատեխնիկական խորհրդի անդամ, «Մեքենաշինություն և մեքենագիտություն» գիտատեխնիկական խորհրդի սեկցիայի նախագահ, 5 մասնագիտություններով 031 և 034 մասնագիտացված խորհուրդների անդամ և մասնագիտացված 034 խորհրդի նախագահի տեղակալ: Եղել է մեկ դոկտորանտի, և չորս ասպիրանտների գիտական ղեկավար և խորհրդատու, ինչպես նաև 2008, 2009, 2012 և 2014 թվականներին Երևանում կազմակերպված «Մեքենաշինական տեխնոլոգիաներ և ավտոմատացման տեխնիկա» միջազգային գիտատեխնիկական կոնֆերանսների կազմկոմիտեների նախագահ: ՀՃԱ-ի ակադեմիական խորհրդատու, ՀՊՃՀ «Լրաբեր»-ի «Մեխանիկամեքենագիտության», «Մեքենաշինության» սերիայի խմբագիր, ինչպես նաև մի շարք միջազգային հանդեսների խմբագրական կոլեգիաների և միջազգային գիտատեխնիկական կազմակերպությունների անդամ է եղել: Հեղինակ է 270-ից ավելի գիտական աշխատությունների, այդ թվում Խորհրդային Միության, ՌԴ և ՀՀ թվով 52 գյուտերի: Մասնակցել է մի շարք խոշոր տնտհաշվարկային աշխատանքների կատարմանը:
Ս.Շ. Խրիստաֆորյանը առանձնանում էր իր բացառիկ նվիրվածությամբ գիտությանը, վերելք էր ապրում հաջողություններով և միշտ ձգտում էր անել ավելին: Կենսուրախ ու բարի այդ մարդուն սիրում էին և գործընկերները, և ուսանողները: Այդ են վկայում սոցիալական ցանցերում արտասահմանյան և հայրենական գործընկերների, շրջանավարտների և ուսանողների ցավակցական գրառումները: Միայն արտասահմանյան բուհերից ֆակուլտետին ցավակցական գրառումներ են հղել մեկ տասնյակից ավելի հայտնի գիտնականներ, այդ թվում Մեքենաշինարարների միջազգային միության անդամների անունից` միության նախագահ, պրոֆեսոր Ա.Ն.Միխայլովը:
Գրառումներում բոլորը նշում են նրա մեծ ավանդը մեքենաշինական գիտության զարգացման գործում` հիշելով նրան որպես կենսուրախ, բարի և հումորի զգացումով մեծ գիտնականի:
Ուզում եմ ավարտել Ստեփան Խրիստաֆորյանի ասպիրանտ, գործընկեր Արմեն Արթունյանի ֆեյսբուքյան գրառումով ԱՄՆ-ից. «Բոթը ցնցող էր. Ստեփան Խրիստաֆորյանը չկա… Անհավատալի է, անըմբռնելի, անընդունելի…
Հեռացավ կյանքով ու եռանդով լեցուն, կենսախինդ, չափազանց ջերմ, հումորաշատ ու վեհանձն անհատականությունը։ Այնքան շուտ հեռացավ։ Ամեն ինչ անավարտ մնաց, ամեն ինչ ընդհատվեց. անսպասելի դաժան, անընկալելի, անբացատրելի, անհասկանալի …
Կորցրեցի մեծահոգի մարդու, ավագ ընկերոջ, լավ բարեկամի…Սիրելի Ստեփան Շմավոնի, խոնարհվում եմ Ձեր հիշատակի առջև… Հանգչեք խաղաղությամբ…»:
ԱՐՄԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ
Մեքենաշինական ֆակուլտետի
Դեկան