«Կիրառական մեխանիկա» ամբիոնի դոցենտ Արսեն Կարապետյանը վերջերս դարձավ 60 տարեկան:
Երևանի Դ.Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1973-ին Ա. Կարապետյանն ընդունվեց ԵրՊԻ-ի Մեխանիկամեքենաշինական ֆակուլտետ և մեծ ոգևորությամբ սկսեց բուհում իր ուսումնառությունը: Աշխատասիրությունը, որը սկիզբ էր առնում նրա՝ գիտելիքի հանդեպ ունեցած սիրուց, բարի պտուղներ տվեց: 1978-ին Ա.Կարապետյանը գերազանցությամբ ավարտեց Պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ-մեխանիկի որակավորմամբ: Կարևոր մի քայլ արված էր, իսկ հետագա ուսումնառությունն իրականացնելու համար հարկավոր էր աշխատել: Հարազատ բուհը սիրով ընդունեց խոստումնալից շրջանավարտին: Ա. Կարապետյանն իր աշխատանքային գործունեությունն սկսեց ԵրՊԻ-ի գիտահետազոտական բաժնում՝ որպես ավագ գիտաշխատող, այնուհետև «Մեքենաների մասեր» ամբիոնում՝ ավագ լաբորանտ: 1985-ին նա ընդունվում է ԵրՊԻ-ի ասպիրանտուրա՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ալբերտ Պողոսյանի գիտական ղեկավարությամբ:
1985-86 թթ. երիտասարդ հետազոտողը գործուղվում է Մոսկվա՝ Ռուսաստանի ԳԱ Օրգանական միացությունների ինստիտուտ համատեղ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու (խորհրդատու պրոֆեսոր` Իրինա Գրիբովա): 1987 թվականին՝ սահմանված ժամկետից շուտ, ավարտում է ասպիրանտուրան և Բելառուսի ԳԱ Մեխանիկայի և մետաղապոլիմերային ինստիտուտում պաշտպանում է ատենախոսությունը՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1987 թվականից մինչև 1994 թվականը Ա. Կարապետյանը «Մեքենաների մասեր» ամբիոնի ավագ դասախոս էր, իսկ 1994-ից «Կիրառական մեխանիկա» ամբիոնի դոցենտ է:
Մոսկվայում ուսանած տարիներին ձեռք բերած գիտական պոտենցիալը` նյութագիտության, շփագիտության և մեքենագիտության բնագավառում երիտասարդ գիտնականի առջև բացում է նոր հեռանկարներ: Մեքենաների և սարքերի շփման հանգույցների ու մեքենամասերի ավանդական թանկարժեք մետաղական մասերը նա առաջարկում է փոխարինել ժամանակակից էկոլոգիապես մաքուր նոր կոմպոզիտային ինքնայուղվող պոլիմերային նյութերով` լցոնված հայկական հանքանյութերով: Նրա կողմից մշակված նոր հակաշփական պոլիմերային նյութերի ստեղծման շփագիտական, շփաքիմիական և տեխնոլոգիական սկզբունքները և մեթոդները կիրառական մեծ նշանակություն ունեն մետաղապոլիմերային և պոլիմեր - պոլիմերային շփման զույգերի համար:
Հայկական հանքանյութերի հատկությունների վերլուծությունը, նրանց ֆիզիկաքիմիական ձևափոխման մեխանիզմի բացահայտումը, լցանյութերի տեսակի, ձևի, քանակի և չափի ազդեցությունը մեքենաների և մեխանիզմների շփման հանգույցների շփատեխնիկական, տեխնոլոգիական և շահագործման հատկությունների կայունացման վրա, ինչպես նաև մեքենամասերի տեխնոլոգիական ճշտության և կայունության բարձրացման եղանակների վերլուծությունը կարևոր ներդրում են շփագիտության և մեքենագիտության բնագավառում:
Դոցենտ Ա. Կարապետյանի կողմից մշակվել է պոլիմերային հիմքով սահքի առանցքակալների համար կոմպոզիտային ինքնայուղվող պոլիմերային նյութերի նոր դաս՝ «Սիփան» անվանմամբ: Այս նյութերը արտոնագրված են և կիրառվել են Մոսկվայի «Պլաստմասսաներ» գ/ա միավորումում և Երևանի ժամացույցի գործարանում: Ա. Կարապետյանը համատեղ գիտական հետազոտություններ կատարելու նպատակով հրավիրվել է 1999, 2006 և 2010 թվականներին՝ Գերմանիա, Իլմենաուի և Ռոստոկի համալսարաններ, 2001 և 2003 թվականներին՝ Վարշավայի տեխնոլոգիական համալսարան: Արդյունքում տպագրել է 6 գիտական հոդված, որոնցից 2-ը՝ արտերկրում: Լեհական TVP 3 հեռուստատեսության և Վարշավայի WOT հեռուստաալիքի կողմից պատրաստվել և ցուցադրվել է «Բացիր նոր աշխարհ քեզ համար» հեռուստահաղորդումը` նվիրված Ա. Կարապետյանի գիտական հետազոտություններին: Նա բազմիցս ելույթ է ունեցել ՀԱՊՀ-ի, հանրապետական, ինչպես նաև միջազգային գիտաժողովներում, հեղինակ է շուրջ 85 գիտական հրատարակությունների, (որոնցից 30-ը արտերկրի գիտական պարբերականներում) այդ թվում` 3 արտոնագիր և 6 մեթոդական աշխատանքներ:
Գրեթե 40 տարի է, ինչ Ա.Կարապետյանը նվիրումով աշխատում և դասավանդում է հարազատ Պոլիտեխնիկում` հաղորդելով երիտասարդ սերունդներին հարուստ գիտելիքներ՝ վայելելով գործընկերների և ուսանողների սերն ու հարգանքը: Նրա ուսանողները հաճախ են երախտագիտության խոսքեր ասում սիրելի դասախոսի հասցեին:
Դոցենտ Ա. Կարապետյանը, դասախոսական աշխատանքին զուգահեռ, 2011 թվականից ՀԱՊՀ-ի Շփագիտության գ/հ լաբորատորիայի ավագ գիտաշխատող է:
1985-ին նա պարգևատրվել է Հայաստանի Ժողտնտեսության ցուցահանդեսի պատվոգրով, իսկ մեր բուհում արգասաբեր աշխատանքային գործունեության համար՝ ՀԱՊՀ-ի շնորհակալագրերով ու վաստակագրով:
Մեխանիկամեքենագիտական ֆակուլտետի և «Կիրառական մեխանիկա» ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը և աշխատակիցները ջերմորեն շնորհավորում են սիրված դասախոս, հուսալի գործընկեր և հավատարիմ պոլիտեխնիկցի Արսեն Կարապետյանին 60-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական հաջողություններ և նորանոր գիտակրթական ձեռքբերումներ: