Լրացավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի Բնական գիտությունների և տեղեկատվական համակարգերի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Պանդուխտի Հարոյանի ծննդյան 65-ամյակը, նաև մասնաճյուղում գիտամանկավարժական գործունեության 40-ամյակը:
Բնական գիտությունների նկատմամբ առանձնահատուկ սերը, հակումը նրա մոտ ի հայտ են եկել դպրոցական վաղ տարիներից: Էդիկ Հարոյանը 1966 թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանին կից Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, որը գերազանցությամբ ավարտելով՝ ընդունվում է նույն համալսարանի Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Ինչպես դպրոցական, այնպեսլ էլ համալսարանական տարիները իրենց խորը, իմաստալից հետք թողեցին նրա՝ որպես մասնագետ, մարդ և քաղաքացի ձևավորման բնականոն ընթացքի վրա: Այդ տարիներին նա նորովի է կարդում և յուրովի ուսումնասիրում հայ և համաշխարհային դասականներին: Էդիկ Հարոյանը հաճախում է Երվանդ Քոչարի և Մինաս Ավետիսյանի արվեստի դասերին: Համալսարանն ավարտելուց հետո՝ որպես երիտասարդ մասնագետ, գործուղվում է աշխատելու Մոսկվայի ատոմային էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի Երևանի նորաբաց մասնաճյուղում, որն իր կարևորագույն և անուրանալի դերն է ունեցել Մեծամորի ատոմակայանի անվտանգության ապահովման հարցում:
1976 թվականից Է. Հարոյանը աշխատում է ԵրՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում: Այս և հետագա տարիներին հոբելյարի գործունեությունը ամբողջովին կենտրոնանում է նույն մասնաճյուղում, որտեղ նա սկզբում եղել է լաբորատորիայի վարիչ, ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ, իսկ 2010-ին ընտրվում է Ընդհանուր ճարտարագիտական կրթության ֆակուլտետի դեկան: Է. Հարոյանը ասպիրանտական տարիները անցկացրել է Խորհրդային Միության լավագույն կրթօջախներից և գիտական կենտրոններից մեկում` Լենինգրադի (այժմ` Սանկտ-Պետերբուրգ) պետական համալսարանում, որտեղ էլ «Տոպոլոգիական կիսախմբերի գծային և երկգծային արտապատկերումները» թեմայով 1987 թվականին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն և ստանում ֆիզմաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (գիտական ղեկավարներն էին պրոֆ. Մ. Լեսոխինը և հանրաճանաչ գիտնական, դոկտորական թեզերի պաշտպանության խորհրդի նախագահ Մ. Բորևիչը): 1988 թվականի աղետալի երկրաշարժից անմիջապես հետո տնակային, անհավատալի պայմաններում Վանաձորի մասնաճյուղի ողջ անձնակազմը, այդ թվում և Է. Հարոյանը շարունակեցին իրենց նվիրյալ աշխատանքը: Հասարակածային Գվինեայում (Կոնակրիի համալսարան) աշխատելու համար Է. Հարոյանը, ԽՍՀՄ արտաքին կապերի կոմիտեի կողմից դասախոսական աշխատանքի գործուղվելու նպատակով, 1989-90 թվականներին անցել է Մոսկվայի Մ.Թորեզի անվան օտար լեզուների ինստիտուտում կազմակերպված ֆրանսերենի մեկամյա դասընթացը: Գիտամանկավարժական ողջ աշխատանքային գործունեության ընթացքում նա ակտիվ մասնակցություն է ունեցել մասնաճյուղի և համալսարանի տարաբնույթ միջոցառումներին, ՀԱՊՀ-ի գիտական խորհրդի անդամ է, ֆակուլտետի խորհրդի նախագահ: Էդիկ Հարոյանը պարգևատրվել է համալսարանի և մասնաճյուղի վաստակագրով, շնորհակալագրերով:
Ամուսնացած է, ունի 4 երեխա և ութ թոռնիկ:
Հարգելի´ պարոն Հարոյան,
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ողջ անձնակազմը շնորհավորում է Ձեր 65-ամյակը:
Ձեր անմնացորդ նվիրումը բուհական կրթության և մատաղ սերնդի դաստիարակման գործին մշտապես իր արձագանքն է գտել գործընկերների և ուսանողների սրտերում: Մենք գնահատում ենք այն ավյունն ու ավանդը, որ ներդրել եք մեր ուսանողների կրթության և դաստիարակության գործում: Ձեզ առողջություն, երկար տարիների կյանք և արգասավոր աշխատանք: