Ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, «Հելիոտեխնիկա» բազային լաբորատորիայի ղեկավար Ժոզեֆ Ռեթևոսի Փանոսյանը 4 տասնամյակից ավելի` աշխատում է հարազատ կրթօջախում` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում:
Ծնվել է Երևանում` 1940 թվականին: 1957 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը` Ոսկե մեդալով: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը: Պրոֆեսոր Ժոզեֆ Փանոսյանի համար հատկապես հիշարժան է 1975 թվականը, երբ նա մրցույթով աշխատանքի ընդունվեց ԵրՊԻ-ի Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ամբիոնում` որպես դոցենտ: 1997-ին նա ստանում է ֆիզմաթ գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 4 տարի անց` պրոֆեսորի գիտական կոչում:
Փորձենք համառոտակի բնութագրել պրոֆեսոր Ժոզեֆ Փանոսյանի գիտամանկավարժական գործունեության 4 տասնամյակների ուղին: Քիչ է ասել, որ այն լի է անընդհատ ինքնազարգացմամբ, գիտական նոր ուղղությունների որոնմամբ, գիտաժողովների ու մրցույթների մասնակցությամբ և հաղթելու կամքի դրսևորմամբ, և այս ամբողջ աշխատանքների ճանապարհին շնորհալի երիտասարդ մասնագետների հայտնաբերմամբ ու աջակցությամբ: Նրա գործունեությունը լի է նաև բարձրագույն պարգևների ու կոչումների առատությամբ:
Նրա պարգևների ակունքը եղել է միջնակարգն ավարտելու Ոսկե մեդալը, որին հաջորդել են ևս 4 ոսկե մեդալները, կազմելով գեղեցիկ շղթա, որոնց տարբեր տարիների արժանացել է վաստակաշատ գիտնականն ու դասախոսը:
Ժ. Փանոսյանն արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուրքի նախարարության և ՀՀ ԳԱԱ-ի կողմից 2009 թվականին հայտարարված «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակաբաշխության դափնեկրի կոչման և Ոսկե մեդալի: Գիտնականն այս պարգևին արժանացել է «Ալմաստանման ածխածնային թաղանթների ստացումը և կիրառումը ֆոտոէներգետիկայում» 2009թ. հայերեն և ռուսերեն տպագրած աշխատանքների շարքի համար, որտեղ ներկայացված է եղել նաև ԱՄՆ-ում արտոնագրված պատենտ:
Հաջորդ Ոսկե մեդալը Ժ. Փանոսյանը ստացել է «Արևային էներգիան էլեկտրաէներգիայի ուղիղ կերպափոխման նոր սարքերի մշակման» աշխատանքների շարքի համար` Հայաստանի և Պոլիտեխնիկի անունը հնչեցնելով Սանկտ-Պետերբուրգի Էկոլոգիայի և շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային գիտությունների ակադեմիայում, որտեղ նրան շնորհվել է Ակադեմիկոսի և Գիտության վաստակավոր գործչի կոչում և «Գիտնականի աստղ» ոսկե մեդալ:
Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար այս տարվա մարտի 29-ին Ժ. Փանոսյանը արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն պարգևի` Ոսկե հուշամեդալի:
Շնորհավորում ենք սիրելի Ժոզեֆ Փանոսյանին ՀՀ ԿԳՆ Ոսկե հուշամեդալի արժանանալու կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, գիտակրթական նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք:
«ՀԵԼԻՈՏԵԽՆԻԿԱ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ 30 ՏԱՐԵԿԱՆ Է
Այս տարի լրացավ «Հելիոտեխնիկա» գիտահետազոտական լաբորատորիայի գործունեության 30 ամյակը, որի հիմնադիրը և ղեկավարը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Ժոզեֆ Ռեթևոսի Փանոսյանն է: Լաբորատորիայի գիտագործնական հիմնական ուղղությունը արևային էներգիայի լուսաէլեկտրական կերպափոխման համար անհրաժեշտ կիսահաղորդչային նոր նյութերի և սարքերի մշակումն է: Լաբորատորիայի ղեկավար Ժ. Փանոսյանը ԱՄՆ-ի Ֆուլբրայթ ծրագրի համաձայն 1991թ. ընթացքում վերապատրաստվել է Կալիֆորնիայի Իռվայնի համալսարանում և ԱՄՆ-ի Դենվեր քաղաքի «Վերականգնվող էներգիայի ազգային լաբորատորիայում», որի բազմամյա համագործակցության արդյունքում ստեղծվել են ՀՀ և ԱՄՆ-ի պատենտներ և գիտական հոդվածներ: 1992-2002 թթ. «Հելիոտեխնիկա» լաբորատորիան ընդգրկվել է ՀՊՃՀ-ի «Փոքր էներգետիկական համակարգեր» կենտրոնի աշխատանքներում: Արցախյան ազատամարտի մութ և ցուրտ տարիներին լաբորատորիայում միջազգային ստանդարտներին համապատասխան մշակվել և պատրաստվել են տարբեր հզորությունների՝ 30, 45 և 80 Վտ, էլեկտրաէներգիա արտադրող արևային լուսաէլեկտրական մոդուլներ, որոնք տեղադրվել են հասարակական մեծ նշանակության շենքերի տանիքներին և հարավային պատերի վրա, որպես շուրջ 5 կՎտ հզորություն տվող աղբյուրներ: 2004-2008 թթ. լաբորատորիան կատարել է ՀՀ «Նանոտեխնոլոգիա» նպատակային ծրագիրը՝ բյուջետային ֆինանսավորմամբ: Պատրաստվել են նանոկառուցվածքային թաղանթների աճեցման տեխնոլոգիական սարքեր, պլազմային նանոտեխնոլոգիայով աճեցվել նոր հատկություններով ալմաստանման ածխածնային թաղանթներ: Այդ թաղանթների և դրանցով ստեղծված սարքերի առևտրայնացումը կարող է հանգեցնել ինովացիոն նանոտեխնոլոգիաների շուկայում շահավետ կիրառությունների: Շուկային առաջարկվող թաղանթները և սարքերը, որպեսզի ունենան բարձր որակ և շարունակեն լինել պահանջարկված, նպատակահարմար է ստեղծել հատուկ պայմաններ մաքուր տեխնոլոգիաների իրականացման համար: Ակնհայտ է, որ նոր նյութերի և սարքերի մշակումը և արդյունավետ կիրառումը կարող է խթան հանդիսանալ ՀՀ 21-րդ դարի արդյունաբերության և տնտեսության զարգացման համար: «Հելիոտեխնիկա» բազային լաբորատորիայում վերապատրաստվել են վերականգնվող էներգիայի աղբյուրների ստեղծման և կիրառման ուղղությամբ մի քանի տասնյակ ուսանողներ, մագիստրոսներ և ասպիրանտներ` որպես մրցունակ պրոֆեսիոնալներ: Հարկե նշել, որ նրանցից մի քանիսը արժանացել են նաև տարբեր պարգևների: Օրինակ՝ 2002-2008 թթ. Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետից լաբորատորիայում վերապատրաստված Արմեն Ղարիբյանը ստացել է ՀՀ Նախագահի 4 մրցանակներ. որպես «Լավագույն ուսանող», հետագայում` «Լավագույն մագիստրոս», «Լավագույն ասպիրանտ» և վերջում` Նախագահի «Մեծ մրցանակը»: Այժմ նա «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» առաջավոր մասնագետն է: Բարձր որակավորման պրոֆեսիոնալների պատրաստումը «Հելիոտեխնիկա» լաբորատորիայում շարունակվում է նաև այսօր: ՀԱՊՀ-ի Էներգետիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Ալեքսանդր Դռնոյանը 2015թ. արժանացել է ՀՀ ԿԳՆ բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի ճարտարագիտության ոլորտում 1-ին տեղին՝ լաբորատորիայում կատարած Արևի շարժմանը հետևող լուսաէլեկտրական նոր արդյունավետ մոդուլների մշակման հոդվածաշարի և Արտոնագրի տպագրման ու բարձր առաջադիմության համար: Նմանատիպ շատ օրինակներ կարելի է բերել: Կարևոր է նաև նշել, որ «Հելիոտեխնիկա» գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող երիտասարդ Նարեկ Մարգարյանը միլիարդ անգամ խոշորացնող Ատոմաուժային մանրադիտակով կատարած հետազոտությունների համար հրավիրվել է 2016թ. հունիսին Փարիզում տեղի ունեցող «Նանոմետրոլոգիա 2016» միջազգային գիտաժողովում զեկուցելու, իսկ լաբորատորիայի հիմնադրմանը մասնակցող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, «Հելիոտեխնիկա» բազային լաբորատորիայի գիտաշխատող Արամ Մայիլյանը հրավիրվել է Հունաստան` հուլիսին տեղի ունեցող «Նանոտեխնոլոգիա 2016» միջազգային կոնֆերանսում զեկուցելու համար: Այսօր լաբորատորիայում աշխատում է ֆիզիկոս- փորձարարների և տեսաբանների, ճարտարագետ հետազոտողների և տեխնոլոգների մեծ խումբ, այդ թվում` գիտության դոկտորներ և թեկնածուներ: Լաբորատորիայում ստեղծվել են համապատասխան նանոհետազոտական և տեխնոլոգիական սարքեր, որոնց միջոցով պատրաստվում և հետազոտվում են 1-1000 նմ հաստությամբ նանոկառուցվածքային ածխածնալին և գրաֆենային թաղանթներ:
Լաբորատորիան համագործակցում է ինչպես ՀՀ ավանդական համալսարանների և ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, այնպես էլ այլ երկրների մեծ հեղինակություն ունեցող համալսարանների և արդյունաբերական հիմնարկների հետ: Կատարվում են մեծ ծավալների, բազմաթիվ միջազգային հետազոտական աշխատանքներ ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար գումարային արժողության, որոնց մեծ մասն ուղղվել է ժամանակակից նոր տեխնոլոգիական և հետազոտական սարքեր, ինչպես նաև նյութեր ձեռք բերելուն: 2015թ. ավարտված ԱՄՆ-ի Էներգետիկայի դեպարտամենտի 350 հազար դոլար արժողությամբ պայմանագիրը` «Լուսաէլեկտրական կերպափոխիչների բնութագրերը կայունացնող տեխնոլոգիայի մշակում» Ժ. Փանոսյանի ներկայացմամբ, արժանացավ բարձր գնահատականի ԱՄՆ-ի ռազմական արդյունաբերության առաջատար «Կանզաս սիթի փլանթ» հիմնարկի աշխատանքային համաժողովում: Երեսուն տարիների ընթացքում լաբորատորիայում ստեղծված գիտատեխնոլոգիական հզոր ներուժի առկայությունը լուծում է գիտական և կիրառական ժամանակակից խնդիրներ, որտեղ բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ աշխատում են նաև տարբեր մասնագիտության ուսանողներ և ասպիրանտներ: