ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցը ապրիլի 23-ից 30-ը կազմակերպել էր «Պոլիտեխնիկական» միջվարժարանային օլիմպիադա՝ նվիրված համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Սուրենի Զաքարյանի 80-ամյա հոբելյանին։
Օլիմպիադային մասնակցում էին ՀԱՊՀ ավագ դպրոցը, «Քվանտ» վարժարանը, ՀԱՊՀ Գյումրու «Ֆոտոն» ավագ դպրոցը, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ դպրոցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, Երևանի պետական համալսարանին կից Ա· Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, Անանիա Շիրակացու անվան ճեմարանը՝ ընդհանուր թվով՝ «Ֆիզիկա» առարկայից 55, «Մաթեմատիկա» առարկայից՝ 101 աշակերտով։
«Պոլիտեխնիկական» միջվարժարանային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 23-ին՝ ՀԱՊՀ-ի Մեծ դահլիճում։ Բացմանը ներկա էին ՀԱՊՀ-ի ռեկտորատի անդամներ, ֆակուլտետների դեկաններ, Հայաստանի առաջատար դպրոցների տնօրեններ, օլիմպիադայի մասնակիցներ։ Հանդիսությունը բացեց ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը՝ նշելով. «Համալսարանում այսօր նշանավոր իրադարձություն ունենք, որը հերթական վերադարձ է պոլիտեխնիկական ավանդույթներին։ Այսօր անցկացվում է ֆիզիկամաթեմատիկական օլիմպիադա։ Ուրախ եմ, որ օլիմպիադայի մասնակիցների շարքերը համալրում են Հայաստանի լավագույն դպրոցների սաները։ Օլիմպիադան նշանակալից է հատկապես, որ նվիրվում է Պոլիտեխնիկի երախտավոր, հնաբնակներից, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, անվանի գիտնական, մաթեմատիկոս, համալսարանում և Հայաստանում մեծ համբավ ունեցող Վանիկ Զաքարյանի 80-ամյա հոբելյանին։ Օգտագործելով պատեհ առիթը՝ համալսարանի Ռեկտորատի, աշխատակիցների ու գործընկերների, ինչպես նաև օլիմպիադայի մասնակիցների անունից շնորհավորում ենք սիրելի հոբելյարին՝ նրան մաղթելով առողջություն, ստեղծագործական աշխատանք։ Օլիմպիադայի մասնակիցները իրենց ցուցաբերած գիտելիքներով ապացուցում են, որ արժանի են այս միջոցառման՝ այս օլիմպիադայի մասնակիցը լինելու»։
Ապա ելույթ ունեցավ Պոլիտեխնիկի երախտավոր Վ· Զաքարյանը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ շնորհավորանքների համար, նա նույնպես անդրադարձավ օլիմպիադային, որտեղ լավ կազմ է հավաքվել։ Նա կարևորեց ֆիզիկայի և մաթեմատիկայի իմացությունը հատկապես տեխնոլոգիական բուհում ուսանելիս և ցանկություն հայտնեց հաջորդ տարիներին ևս նման օլիմպիադաներ անցկացնել։
Ապրիլի 30-ին կայացավ ակադեմիկոս Վ. Զաքարյանի 80-ամյա հոբելյանին նվիրված պոլիտեխնիկական միջվարժարանային օլիմպիադայի հանդիսավոր փակումը:
Հանդիսությունը բացեց Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը: Նա արժևորեց պոլիտեխնիկական միջվարժարանային օլիմպիադան՝ և շնորհակալություն հայտնեց ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանին, ակադեմիկոս Վ. Զաքարյանին, ՀԱՊՀ ավագ դպրոցի տնօրեն Ա. Առաքելյանին, ովքեր նպաստել են օլիմպիադայի կայացմանը։
Այնուհետև ՀԱՊՀ-ի Երևանի ավագ դպրոցի տնօրեն Ա. Առաքելյանը և պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը աշակերտներին շնորհավորեցին և հանձնեցին դիպլոմներ և գովասանագրեր:
ԵՊՀ-ին կից Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներից 11-ը արժանացել էին դիպլոմների և 8-ը` գովասանագրերի:
Պարգևների առատությամբ 2-րդ տեղում էր ՀԱՊՀ ավագ դպրոցը` 6 դիպլոմով և 11 գովասանագրով: