Վանիկ Սուրենի Զաքարյանը ծնվել է 1936 թվականին Մեղրի քաղաքում։ Նույն թվականին ընտանիքը տեղափոխվում է Երևան, և այդ ժամանակից Վ. Զաքարյանի կյանքը կապվում է ՀՀ մայրաքաղաքի հետ։ Գերազանցությամբ ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Վ. Զաքարյանը 1954 թվականին ընդունվում է ԵՊՀ-ի Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ, որը գերազանցությամբ ավարտում է 1959 թվականին։
Պրոֆեսոր Զաքարյանը հետաքրքրություն հանդես բերեց կոմպլեքս փոփոխականով ֆունկցիաների տեսության, այդ ժամանակ մաթեմատիկայի բուռն զարգացող բնագավառներից մեկի նկատմամբ։ Հայաստանում այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում էին մի շարք փայլուն մաթեմատիկոսներ` հիմք դնելով և որոշակի դարձնելով հայկական ժամանակակից մաթեմատիկական դպրոցի հետագա զարգացումը։ Հայկական մաթեմատիկական դպրոցի հիմնադիր Ա. Շահինյանը, նրա անմիջական աշակերտներ և հետնորդներ Մ. Ջրբաշյանը, Ս. Մերգելյանը, գիտնականներ, որոնց հետազոտությունները դարձան դասական, այդ ժամանակ գտնվում էին իրենց տաղանդի ծաղկման շրջանում և, իհարկե չէին կարող գիտական աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն չարթնացնել երիտասարդ տաղանդավոր շրջանավարտի մոտ:
1959 թվականին Վ.Զաքարյանն ընդունվում է ԵՊՀ-ի ասպիրանտուրա «Ֆունկցիաների տեսություն» մասնագիտությամբ: Գիտական ղեկավարը Մ. Ջրբաշյանն էր: Այստեղ էլ սկսվում է Վ.Զաքարյանի և ակադեմիկոս Մ. Ջրբաշյանի բազմամյա արգասաբեր համագործակցությունը: 1963 թվականին Վ. Զաքարյանը պաշտպանում է թեկնածուական, իսկ 1977 թվականին` դոկտորական ատենախոսություն: Վ.Զաքարյանի հետազոտությունները կապված են միավոր շրջանում մերոմորֆ ֆունկցիաների որոշ դասերի սահմանային վարքագծի ուսումնասիրության հետ: Բացի այդ Վ. Զաքարյանը ստացել է մի շարք, արդյունքներ կապված բազմությունների վրա Մ. Ջրբաշյանի կողմից ներդրված անալիտիկ և մերոմորֆ ֆունկցիաների խնդիրների լուծման առանձնահատկությունների վերաբերյալ։ Ստացված արդյունքները եղել են Ֆրոստմանի և Կարլեսոնի դասական արդյունքների ընդհանրացումները և արժանացել են մասնագետների բարձր գնահատականին: Երկար տարիների հետազոտությունների արդյունքը այս ուղղությունում դարձել է Մ. Ջրբաշյանի համահեղինակությամբ գրված մենագրությունը, որը տպագրվել է 1993 թվականին` «Նաուկա» հրատարակչությունում:
1962 թվականից Վ.Զաքարյանը մեծ ջանք ու եռանդ է ներդնում մանկավարժական գործունեության, Հայաստանի երիտասարդ գիտնականների դաստիարակության ուղղությամբ: Վ. Զաքարյանը աշխատել է ԵՊՀ-ում, այնուհետև Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, իսկ 1977 թվականից մինչ օրս ղեկավարում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետը: Գիտական և մանկավարժական արգասավոր գործունեության համար 1979 թվականին Վ.Զաքարյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում:
Հատկապես արժե նշել Վ. Զաքարյանի դերը ՀԱՊՀ-ում Մասնագիտացված մաթեմատիկայի ուսուցման ամբիոնի կազմակերպման գործում: Դժվար է գերագնահատել ժամանակակից աշխարհում բարձրորակ մաթեմատիկական լուրջ պատրաստվածություն ունեցող ինժեներների դերը` ունակ մաթեմատիկայի լեզվով ձևակերպել և լուծել պրակտիկ խնդիր: Ելնելով մաթեմատիկական միջոցների բազմազանությունից, որն անհրաժեշտ է այդ խնդիրների լուծման համար, այդպիսի մասնագետներ կարող է պատրաստել միայն Մաթեմատիկայի ֆակուլտետը: Դա հիանալի հասկանալով՝ պրոֆեսոր Վ. Զաքարյանը ձեռնարկում է լուրջ քայլեր պոլիտեխնիկական համալսարանում «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» մասնագիտություն բացելու գործում: Նրա անդուլ ջանքերի շնորհիվ ներկայումս նորագույն տեխնիկայով հագեցած Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետը տարեկան տալիս է շուրջ 30 մասնագետ շրջանավարտ:
Գրեթե 40 տարի պրոֆեսոր Վ.Զաքարյանն աշխատում է ՀԱՊՀ-ում: Այս ամբողջ ժամանակաշրջանում նա մեծ ուշադրություն է դարձնում գիտական կադրերի պատրաստմանը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 9 թեկնածուական ատենախոսություններ: Նա ավելի քան 100 գիտական և գիտամեթոդական աշխատանքների հեղինակ է: Գիտական հանրույթը բարձր է գնահատել Վ.Զաքարյանի վաստակը գիտական և մանկավարժական գործունեության ոլորտում: 1990 թվականին նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1996 թվականին` Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս:
Այս բոլոր տարիների ընթացքում Վ.Զաքարյանը գիտական և մանկավարժական աշխատանքը համատեղում է ակտիվ կազմակերպչական գործունեության հետ: Նրա բազմաթիվ հասարակական պարտականություններից նշենք միայն հետևյալները. նա ՀՀ կրթության և գիտության նախարարությանն առընթեր գիտամեթոդական խորհրդի նախագահ է, ինչպես նաև ՀԱՊՀ-ում գործող թիվ 053 գիտական աստիճանների շնորհման մասնագիտական խորհրդի նախագահ: Պրոֆեսոր Վ. Զաքարյանը «Մաթեմատիկան բարձրագույն դպրոցում» ամսագրի հիմնադիրը և գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև «Հայաստանի ԳԱԱ զեկուցումները» գիտական ամսագրի գլխավոր խմբագիրը:
Անհնար է չգնահատել Վ.Զաքարյանի բազմակողմանի գործունեության ևս մեկ կողմը: Շախմատը Վ.Զաքարյանի համար դարձել է 2-րդ մասնագիտություն, և այս բնագավառում նույնպես նա հասել է փայլուն արդյունքների: Հանրապետության շախմատի բազմակի չեմպիոն Վ. Զաքարյանը 1996 թվականից ՖԻԴԵ-ի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահն է: Շնորհիվ Վ. Զաքարյանի փայլուն կազմակերպչական տաղանդի` 1996 թվականին Հայաստանում բարձր մակարդակով անցկացվեց շախմատի միջազգային օլիմպիադան, որի համար Վ.Զաքարյանը արժանացավ ՖԻԴԵ-ի 1-ին կարգի դիպլոմի:
Պրոֆեսոր Վ.Զաքարյանի գիտական, մանկավարժական և հասարակական գործունեությունը արժանվույնս գնահատվել է նաև Հայաստանի կառավարության կողմից: 1999 թվականին նա պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով, իսկ 2003 թվականին նրան շնորհվել է ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչում: Նույն թվականին գիտության և կրթության զարգացման մեջ մեծ ներդրում ունենալու համար Վանիկ Սուրենի Զաքարյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, իսկ 2011 թվականին` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Ի. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կիր. մաթ-ի և ֆիզ-ի ֆակուլտետի
դեկանի տեղակալ, ֆմ. գ.թ., դոցենտ
Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի
տնօրեն, ֆմ. գ.թ., դոցենտ