Մայիսի 25-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքի Էլեկտրատեխնիկայի և Էլեկտրաբանեցման ամբիոնում բացվեց ՀՀ վաստակավոր ինժեներ, էլեկտրամոբիլի հեղինակ, Պոլիտեխնիկի նվիրյալ Էմիլ Դիլանյանի անվան լսարան: Հանդիսությանը ներկա էին ՀԱՊՀ ղեկավարությունը` ռեկտոր, պրոֆեսոր Ո. Մարուխյանի գլխավորությամբ, Պոլիտեխնիկի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, Է. Դիլանյանի որդին` Վլադիմիր Դիլանյանը, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, հյուրեր, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ուսանողներ:
Հանդիսությունը բացեց Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով ՀԱՊՀ պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը:
Ելույթ ունեցան Էլեկտրական մեքենաների և ապարատների և Էլեկտրատեխնիկայի ամբիոնների դասախոսներ Ավգեն Գասպարյանը և Մերի Ստեփանյանը: Նրանց ելույթները լի էին երախտագիտությամբ և սիրով լավ ղեկավարի և մարդկային վեհ ու ազնիվ նկարագիր ունեցող իրենց դասախոսի, դեկանի` Էմիլ Դիլանյանի մասին:
Միջոցառումը շարունակվեց 1-ին մասնաշենքի Գիտխորհրդի նիստերի դահլիճում: Պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը, բացելով Է. Դիլանյանի հիշատակին նվիրված միջոցառումը, խոսքը փոխանցեց ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանին:
«Հավատարիմ համալսարանի որդեգրած քաղաքականությանը` Պոլիտեխնիկի հիմնադիր մասնաշենքի կամարների ներքո այսօր ներկայացնում ենք մեր համալսարանի երախտավորներից մեկին, Պոլիտեխնիկում արժանի ներդրում ունեցող, կազմակերպական մեծ ձիրքերով օժտված ղեկավարին ու գիտնականին, դասախոսին ու խիզախ անձնավորությանը», – ասաց Ո. Մարուխյանը: Ռեկտորը ներկայացրեց Է.Դիլանյանին որպես Պոլիտեխնիկի երախտավորի, գիտնականի ու մարդկային մեծ արժանիքներով օժտված անհատի և հասարակական գործչի` կանգ առնելով նրա կենսագրական կարևոր փաստերի վրա: Ո. Մարուխյանը անդրադարձավ Եյսկի ռազմածովային ուսումնարանի շրջանավարտ Է. Դիլանյանի Մեծ հայրենականում օդաչուական գործունեության մի շարք ուշագրավ դրվագներին, որոնք հատկապես աչքի էին ընկնում հայ օդաչուի անձնազոհ խիզախությամբ։ Է. Դիլանյանը ունեցել է 142 մարտական թռիչք, եղել է 15 օդային մարտերի` օղակի հրամանատար, խոցել է թշնամու 10 ինքնաթիռ:
Շատ-շատ են Է. Դիլանյանի շքանշանները` Աշխատանքային կարմիր դրոշի, Մարտական կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի, Կարմիր աստղի, մի շարք մեդալներ և պատվոգրեր:
Պատերազմից վերադառնալով` նա ուսումը շարունակում է Պոլիտեխնիկի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետում: Ռեկտոր Ո. Մարուխյանը նշեց նաև միջոցառման առանձնահատկությունը` որպես մեր համալսարանի Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինստիտուտի անդրանիկ միջոցառում: Է. Դիլանյանի հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցում էին ուսանողներ, պետական, քաղաքական, հասարակական, ռազմական գործիչներ:
Այնուհետև ՀԱՊՀ թանգարան-մշակութային կենտրոնի ղեկավար Ա. Դուրինյանը և Է. Դիլանյանի որդին՝ Վլադիմիր Դիլանյանը, սլայդներով ներկայացրեցին Էմիլ Դիլանյանի գործունեությունը:
Մեծ հետաքրքրությամբ լսվեցին Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնի դոցենտ Մ. Մուրադյանի, ավագ գիտաշխատող Ռ. Դաշտոյանի ելույթները, որոնք լի էին իրենց դասախոսի ու դեկանի հանդեպ սիրով ու ափսոսանքով:
Միջոցառման ավարտին պրն Մարուխյանին, տկն Բաղդասարյանին և պրն Դուրինյանին շնորհակալանքի խոսքեր ասաց Միջազգային բիզնեսագետ-դիվանագետ Վլադիմիր Դիլանյանը:
«Բոլորս հաճելի վերհուշ ապրեցինք Պոլիտեխնիկի երախտավորի նկատմամբ: Եվ, եթե հիշում ենք, երախտապարտ ենք, ուրեմն հաջողություն կունենանք»,- Ո. Մարուխյանի խորհրդանշական այս խոսքերով ավարտվեց միջոցառումը: