Մայիսի 10-ին Պոլիտեխնիկի բակում նշվում էր Մայիսյան եռատոնը: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի գլխավորությամբ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ռեկտորի տեղակալ, ՈՒԽ նախագահ Գոռ Վարդանյանը, աշխատակիցները և ուսանողները թարմ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Հայրենական պատերազմի և Արցախյան ազատամարտի հուշակոթողներին:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում պոլիտեխնիկցիները հարգանքի տուրք մատուցեցին հանուն հաղթանակի ընկած զինվորների, այդ թվում` պոլիտեխնիկցիների հիշատակին, ովքեր, թողնելով տուն, ընտանիք, իրենց պարտքը համարեցին կռվել հանուն հայրենի երկրի խաղաղության: Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների մեջ ևս կային պոլիտեխնիկցիներ՝ Արամ Աբրահամյանը և ԿարենՆերսիսյանը:
Պարոն Մարուխյանը շեշտելով պոլիտեխնիկցիների անուրանալի ներդրումը և Հայրենական պատերազմի, և Արցախյան ազատամարտի հաղթանակներում, հավելեց, որ Մեծ հայրենականի վետերանների նոսրացող շարքերում մնացել են երկու պոլիտեխնիկցի՝ Մնացական Վարդանյանը և Սերգեյ Շաբոյանը:
«Արցախյան գոյամարտի առաջին իսկ օրերից հարյուրավոր պոլիտեխնիկցիներ հայրենիքի կանչով մեկնեցին Արցախ. ցավոք, հինգ տասնյակից ավելին զոհվեցին: Այսօր, հավուր պատշաճի, հարգանքի տուրք ենք մատուցում Արցախյան և Քառօրյա պատերազմների զոհերի հիշատակին: Միևնույն ժամանակ գնահատելով Հայրենական պատերազմի մասնակիցներ Մնացական Եղիշեի Վարդանյանի, Սերգեյ Արտեմի Շաբոյանի և Արցախյան պայքարի ազատամարտիկներ Հեկտոր Ռուբենի Բաղյանի, Հակոբ Էդիկի Դաշյանի, Համլետ Մարտիկի Գևորգյանի՝ ռազմի դաշտում և պոլիտեխնիկցիների ռազմահայրենասիրական դաստիարակության մեջ ունեցած ավանդը՝ պարգևատրում ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շնորհակալագրով և դրամական պարգևով», - ասաց ռեկտորը:
Միջոցառման ավարտին Պոլիտեխնիկի ուսանողները անուն առ անուն հիշեցին Արցախյան ազատամարտում հերոսացած պոլիտեխնիկցիներին և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նրանց՝ տանելով հերոս ազատամարտիկների լուսանկարները:
Հայրենական մեծ պատերազմի վետերան Սերգեյ Շաբոյանն իր մարտական ուղին սկսել է Մոզդոկից,անցնելով ռազմաճակատներով՝ հաղթանակը տոնել է Բեռլինում, ապա զինվորական ծառայությունը շարունակել Չեխոսլովակիայում: Հայրենիքին մատուցած ծառայության համար նա պարգևատրվել է մեդալներով և շքանշաններով: 1968 թ. Սերգեյ Շաբոյանն աշխատանքի է անցել ԵրՊԻ-ի «Մետաղահատ հաստոցներ և գործիքներ» ամբիոնի նույնանուն լաբորատորիայում և մինչև 1993 թ. ղեկավարել է լաբորատորիան՝ դառնալով իսկական պոլիտեխնիկցի:
Հայրենական մեծ պատերազմի վետերան Մնացական Վարդանյանը պատերազմի ավարտից հետո սովորել է ԵրՊԻ-ի Մեխանիկական ֆակուլտետում: Երկար տարիներ աշխատել է Պոլիտեխնիկում՝ Մեխանիկամեքենաշինական ֆակուլտետի դեկանի տեղակալ (1961-68), իր հիմնադրած Մեքենաշինության ավտոմատացման և կոմպլեքսային մեքենայացման ամբիոնի վարիչ, Մեխանիկական ֆակուլտետի դեկան (1980-1990): Տ.գ.թ., պրոֆեսոր Մնացական Վարդանյանը Մեծ հայրենականում աչքի է ընկել խիզախությամբ, որի համար պարգևատրվել է շքանշաններով, մեդալներով, հուշամեդալներով, պատվոգրերով:
Արցախյան ազատամարտի մասնակից, հրաձիգ, մայոր Հեկտոր Բաղյանը պարգևատրվել է 12 գերատեսչական, այդ թվում՝ Մարտական ծառայության մեդալներով, սակայն նրա համար թանկ են հատկապես ԼՂՀ և ՀՀ «Արիության» մեդալները: Ապրիլի սկզբին 75-ամյա ազատամարտիկը կամավոր մեկնել է ԼՂՀ՝ ոչ միայն իր մարտական փորձով ու հմտություններով օգտակար լինելու զինվորներին, այլև անձամբ մասնակցել է Մարտակերտի մարտական գործողություններին՝ երիտասարդ զինակիցների և մարտական ընկերների հետ մարտնչելով Մարտակերտի 5-րդ պաշտպանության գոտու առաջնային գծում:
ՀԱՊՀ Հասարակական գիտությունների ամբիոնի պրոֆեսոր Համլետ Գևորգյանը մասնակցել է Շուշիի առանձնակի գումարտակի մարտական ջոկատների կազմավորմանը: Պարգևատրվել է «Զորավար Անդրանիկ», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ» մեդալներով:
ՀԱՊՀ Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի հրաձգության մարզիչ, սպորտի վարպետ, ազատամարտիկ Հակոբ Դաշյանը մասնակցել է Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի և Քարվաճառի պաշտպանական և ազատագրական մարտերին: Պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան» մեդալներով: