Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի համագործակցության նախագիծն սկսվել է 2012 թվականից: Ծրագիրն առայժմ ընդգրկում է «Ռոբոտատեխնիկա» և «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (կապի ճյուղում)» մասնագիտությունների մագիստրոսական կրթությամբ ուսուցումը: Ըստ համագործակցության՝ Պոլիտեխնիկական համալսարանի համապատասխան մասնագիտությունների գծով ուսանողները մագիստրոսական կրթական ծրագրի առաջին տարին սովորում են Պոլիտեխնիկում, իսկ երկրորդ տարին՝ Բաումանի համալսարանում: Արդյունքում՝ ուսանողներին տրվում է երկու դիպլոմ: Նշենք. որ, այս տարի համագործակցության շրջանակում եղան առաջին շրջանավարտները, ովքեր հունիսին իրենց մասնագիտական թեզերը գերազանց պաշտպանեցին Մոսկվայում:
Մինչ համագործակցության կնքումը, երկու համալսարանների պատվիրակությունների կողմից ուսումնասիրվել են բոլոր կրթական ծրագրերը, քննարկումներ են եղել ատենախոսությունների պաշտպանության ուղղությամբ: Ըստ այդմ, ձևավորած կրթական ծրագրի հիման վրա 2013 թվականի մայիսին համագործակցության պայմանագրերը վավերացրին երկու բուհերի ռեկտորները:
Ըստ պայմանագրի՝ կրթական ծրագրի տևողությունը տասն ամիս է` սեպտեմբերից հունիս ընկած ժամանակահատվածը: Ֆինանսավորումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը: Ուսանողները ստանում են կրթաթոշակ ոչ միայն ծրագրի շրջանակներում, այլև գիտական հոդվածներ տպագրելու համար:
Ուսանողները համոզված են, որ Բաումանի համալսարանը տալիս է լավ կրթություն, ձևավորվում է լայն աշխարհայացք, հնարավորություն ընձեռում՝ շփվելու այլ մշակույթների հետ:
Ըստ առաջին տարին ձեռք բերված պայմանավորվածության՝ ուսանողների թեզի ղեկավարները եղել են Բաումանի համալսարանի դասախոսները, իսկ պաշտպանությունը տեղի է ունեցել հեռուստակամրջի միջոցով: Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Բաումանի համալսարանի 4, իսկ պոլիտեխնիկական համալսարանի՝ 2 դասախոսներ: Պոլիտեխնիկական համալսարանից «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ թեզի պաշտպանության հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, տնտ.գ.թ., դոցենտ Ա. Թադևոսյանը և Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի դեկան, տ.գ.թ, դոցենտ Մ. Այվազյանը, իսկ «Ռոբոտատեխնիկա» մասնագիտությամբ Կիբեռնետիկայի ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., պրոֆեսոր Գ. Բարեղամյանը և Ա. Գալստյանը:
Այս տարի «Տնտեսագիտություն» մասնագիտությունից տրված է 3 տեղ, իսկ «Ռոբոտատեխնիկայից»՝ չորս: Նշենք, որ ծրագրին մասնակցում են անվճար համակարգի ուսանողները և նրանք, ովքեր բարձր առաջադիմություն ունեն: Առաջնային է նաև օտար լեզուների իմացությունը, այսինքն՝ վերը նշված չափորոշիչներով Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարան կմեկնի արդեն ՀԱՊՀ-ի 7 ուսանող: