Մայիսի 20-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ռեկտորատի նիստերի դահլիճում կայացավ «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի ուսանողական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մասնակցում էին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, «Սիլ կոնցեռն» ՍՊԸ հիմնադիր, տնտեսական և քաղաքական գործիչ Խաչատուր Սուքիասյանը, պրոռեկտորներ, դեկաններ, ուսանողներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Պոլիտեխնիկի ուսանողներին տրվող այս կրթաթոշակի նպատակը բարձր առաջադիմություն ցուցաբերածներին խթանելն է՝ հայաստանյան աշխատաշուկան հնարավորինս համալրելով հմուտ և բանիմաց երիտասարդ մասնագետներով:
Ողջունելով ներկաներին` ՀԱՊՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց Խ. Սուքիասյանին այս շարունակական բնույթ ունեցող կարևոր իրադարձության համար: «Մինչ միջոցառմանը անցնելը, կարևոր առաքելություն պետք է կատարեմ»,- ասաց ռեկտորը: Այնուհետև Պոլիտեխնիկի շրջանավարտ Խաչատուր Սուքիասյանին հանձնեց պոլիտեխնիկական հիշողություններ արթնացնող արխիվային փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ՝ միջնակարգ կրթության վկայականը, Պոլիտեխնիկի դիմորդ Խաչատուր Սուքիասյանի դիմումը՝ կից լուսանկարներով, քննաթերթիկը, քննական առարկաների գրավոր աշխատանքները, դիպլոմային նախագծի ղեկավարի և խորհրդատուի կարծիքները…
Խաչատուր Սուքիասյանը ՀԱՊՀ-ի տարբեր ֆակուլտետների բակալավրիատի բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով 20 ուսանողների հանձնեց «Հայէկոնոմբանկ»-ի պլաստիկ քարտեր՝ 250 000-ական դրամի առկայությամբ:
Գործարարն ապագա մասնագետներին ներկայացրեց մեր տնտեսության հնարավորությունները, նրա տարբեր ճյուղերի զարգացման ուղղությունները և միտումները: «Մեր հանրապետության այսօրվա հնարավորությունները բավականին բարձր են, և կան բոլոր նախադրյալները՝ բարեկեցությունը մի քանի անգամ բարձրացնելու համար: Իսկ դրա իրագործման թիվ մեկ միջոցը մեր մտավոր կարողությունն է»,- ասաց նա:
«Պոլիտեխնիկը բավական լավ մասնագետներ է թողարկում, և, իզուր չէ, որ «Սիլ կոնցեռնի» աշխատողների գերակշիռ մասն այս բուհից է: Կրթված մասնագետն այսօր մեծ պահանջարկ ունի: Ձեր ժամանակը տրամադրեք միայն սովորելուն»,- դիմելով ուսանողներին՝ շարունակեց բանախոսը:
Խաչատուր Սուքիասյանը, ընդգծելով, որ Հայաստանը տարեկան 2000-ից ավելի բանիմաց ծրագրավորողի կարիք ունի, առաջարկեց արտասահմանյան փորձը ներդնել՝ Պոլիտեխնիկում քոլեջի ու բակալավրիատի միջև ստեղծելով ուսումնական հարթակ՝ ծրագրավորողի արագ պատրաստման համար, «որտեղ ուսանողները կկարողանան արագորեն ձեռք բերել ծրագրավորողի նեղ մասնագիտական գիտելիքներ և կհամալրեն մեր տնտեսության տարբեր ոլորտները»:
Խ. Սուքիասյանը պատմեց գործարար աշխարհի իր աշխատանքների և ներդրումային ծրագրերի մասին, ապա պատասխանեց ուսանողների հարցերին: Վերջում շնորհակալություն հայտնելով ուսանողներին լավ առաջադիմության համար՝ հավելեց. «Եթե շատ լավ սովորեք, ցանկացած կազմակերպություն կցանկանա «ձեռք բերել» ձեզ: