Մայիսի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի հանդիպումը «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի հետ: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց կնքել համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում կստեղծվի «Յուքոմ»-ի լսարան՝ վերազինված անհրաժեշտ սարքավորումներով, կկազմակերպվի ուսանողների այց ընկերության տվյալների կենտրոն, ինչպես նաև համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան պրակտիկ աշխատանքներն անցկացնել ընկերությունում, իսկ լավագույնները կանցնեն աշխատանքի:
Հանդիպումից հետո ՀԱՊՀ-ի Անդրանիկ Մարգարյանի անվան դահլիճում «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը դասախոսություն կարդաց՝ «Հեռահաղորդակցական տեխնոլոգիաների արդի վիճակը և զարգացման միտումը Հայաստանում» թեմայով: Ներկա էին դասախոսներ, ուսանողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հայկ Եսայանը պատմեց ընկերության գործունեության և առաքելության մասին, բացահայտեց իրենց հաջողության գաղտնիքը: «Երբ 2009 թվականին «Յուքոմ»-ը մտավ շուկա՝ առաջարկելով IP հեռուստատեսություն, ՏՏ ոլորտում շատ առաջատար կազմակերպություններ թերահավատությամբ վերաբերվեցին»:
Բանախոսը նշեց, որ շուկայում երկարատև հաջողություն գրանցելու համար պետք է կենտրոնանալ ոչ թե արտադրանքի վաճառքի, այլ այն ստեղծելու գաղափարի վրա, կարողանալ լիարժեք հասկանալ և վերլուծել շուկայի աճի պոտենցիալը: «Քանզի հաճախ շուկայի միտումների ոչ ճիշտ գնահատումը տանում է ուղիղ դեպի սնանկացում: Օրինակ՝ «Օրանժ» ընկերությունը փորձեց մրցակցել ֆիքսված ցանցի հետ՝ լուծարվեց, - հավելեց նա: - Մեր ընկերությունն աշխատում է բացառապես հայկական կապիտալով և իրականացնում է բիզնես՝ Հայաստանից դուրս՝ ՌԴ-ում, Ամստերդամում, աշխարհի շատ երկրներում: Մենք պետք է դուրս գանք համաշխարհային շուկա, որի համար լուրջ ներուժ ունենք»:
Գործարարը պատասխանեց ուսանողների և դասախոսների հարցերին: Նա նաև նշեց, որ ընկերությունը լավ մասնագետների կարիք ունի, և աշխատանքի ընդունելիս միշտ առավելությունը տրվում է տեխնիկական բուհի շրջանավարտին, քանի որ իրենք կարևորում են տեխնիկական և ինժեներական ունակությունները և մտածելաոճը: Ուստի խորհուրդ տվեց ուսանողներին լայն մտածել, գտնել իրական և արդյունավետ լուծումներ և երբեք չհուսահատվել: