Մայիսի 2-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Հայաստանի ամերիկյան համալսարանների մասնակցությամբ մեկնարկեց «Էներգաարդյունավետ շենքերի նորարար տեխնոլոգիաների մագիստրոսական ծրագիր ՌԴ և ՀՀ համալսարանների և շահագրգիռ կողմերի համար» (MARUEEB) ծրագիրը։
ՀԱՊՀ Ռեկտորատի նիստերի դահլիճում կայացավ ՀԱՊՀ-ի ու ՀԱՀ-ի ղեկավարների, MARUEEB ծրագրի փորձագետների ու պատվիրակության ներկայացուցիչների հանդիպումը:
ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը ողջունեց ներկաներին՝ ընդգծելով, որ էներգետիկային առնչվող հարցերը առաջնային են: Այդ տեսակետից շատ կարևորվում է հատկապես էներգախնայողական բնագավառի մասնագետների ուսուցումը և պատրաստումը: «Պատահական չէ, որ այս մագիստրոսական ծրագիրը ցանկություն ունենք իրագործել միջազգային գործընկերների աջակցության միջոցով», - նկատեց ռեկտորը: Ծրագրի ղեկավար, Ճենովայի համալսարանի Միջազգային կապերի ծառայությունների տնօրեն Անջելո Մուսայոն խոսեց համատեղ ծրագրի և տեխնիկական ասպեկտների մասին: «Ծրագիրը հնարավորություն է տալիս փոխանակել մեր գիտելիքները և հմտությունները: Էներգաարդյունաբերությունը և էներգախնայողությունը շատ կարևոր են, որոնցով զբաղվում են աշխարհի գիտնականները: Կարծում ենք, որ սա կլինի ինտերակտիվ համագործակցություն»,- ասաց ՀԱՀ դեկան Արամ Հաճյանը: Որակի ապահովման իտալացի մասնագետն ընդգծեց. «Էներգետիկական խնդիրները տարբեր երկրներում տարբեր են, այս ծրագիրը կօգնի հարմարեցնել տվյալ երկրի պահանջներին»: ՀԱՊՀ 1-ին մասնաշենքի Գիտխորհրդի նիստերի դահլիճում տրվեց MARUEEB ծրագրի մեկնարկը: Նախագիծը համառոտ ներկայացվեց եվրոպական և հայաստանյան համակարգողների կողմից: Հայկական խմբի համակարգող, ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը և ՀԱՀ «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը նշեցին ծրագրից իրենց ակնկալիքները: Ռուբեն Աղգաշյանը մասնավորապես նշեց. «Սա մեր գործընկերների առաջին փորձագիտական այցն է, որին մասնակցում են 5 երկրների 9 մասնագետներ: Եվ հաջող իրականացման դեպքում կլինի մեկ քայլ առաջ ՀԱՊՀ-ի միջազգայնացման ասպարեզում: Կուզենայի ընդգծել նախագծի ուղղվածության մեր սպասելիքները, կրթական ծրագիր ասելով՝ նկատի չունենք նոր մասնագիտություն, քանի որ երկու համալսարաններում էլ կան մասնագիտական բազային ծրագրեր, որոնց հիմքի վրա էլ կստեղծվեն նոր մասնագիտություններ: Սա բացառիկ հնարավորություն է»: «Մենք այս ծրագրին մոտեցել ենք մեծ հետաքրքրությամբ: Հույս ունենք, որ նոր ծրագիրը կառուցվելու է հնի վրա», - ասաց Ալեն Ամիրխանյանը: Հանդիպումը շարունակվեց ՀԱՊՀ-ի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի նիստերի դահլիճում: MARUEEB առարկաների վերաբերյալ ուսումնական առաջարկների և նախագծի ակնկալվող վերջնարդյունքները ՀԱՊՀ-ի կողմից ներկայացրեց ՀԱՊՀ էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի փոխտնօրեն Արամ Գևորգյանը, իսկ ՀԱՀ կողմից՝ Ալեն Ամիրխանյանը: Հետևեց քննարկումը և ծրագրի ձեռնարկների նախնական գնահատումը:
MARUEEB ծրագրի փորձագետների և պատվիրակության հետ աշխատանքային շաբաթն ավարտվեց ՀԱՊՀ Ռեկտորատի նիստերի դահլիճում՝ Ճենովայում, Բրատիսլավայում և Կաունասում կայանալիք ինտենսիվ վերապատրաստումների հնարավոր մասնակիցների հետ հանդիպումով:
Աշխատանքային շաբաթի ակտիվ մասնակիցներին, ովքեր ունկնդրել էին եվրոպացի գործընկերներին և մասնակցել սեմինարներին (30 մարդ), հավաստագրեր հանձնեց հայկական խմբի համակարգող Ռուբեն Աղգաշյանը:
Հյուրերն այցելեցին Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ, ծանոթացան լաբորատորիաների կառուցվածքին, հնարավորություններին:
Ապա ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի նիստերի դահլիճում կայացավ MARUEEB ծրագրի Կառավարող խմբի անդամների ամփոփիչ հանդիպումը, որին մասնակցում էին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, հայկական խմբի համակարգող Ռուբեն Աղգաշյանը, Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրեն Նորայր Հարությունյանը, Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնավարժանքային կենտրոնի տնօրեն Համբարձում Հովսեփյանը, տ.գ.թ., պրոֆեսոր Լաերտ Հովհաննիսյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվիրակությունը՝ ՀԱՀ «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանի գլխավորությամբ:
«Բավական հագեցած շաբաթ էր՝ օգտակար, փոխադարձ շփումներով, - ողջունելով ներկաներին՝ ասաց ՀԱՊՀ ռեկտորը: - Մեր պրոֆեսորների հետ ծանոթացել ենք ծրագրային փաթեթին և հիմնականում եկել ենք դրական եզրակացության: Ունենք վերնագրային և բովանդակային առումով որոշակի առաջարկներ, որոնք վերջնական տեսքի կբերվեն հունիսյան այցից հետո: Մենք կներկայացնենք նաև մեր ծրագրերը և դասագրքերը, որոնք կիրառել ենք էներգետիկական մասնագիտությունների ուսուցման համար»:
Համբարձում Հովսեփյանն առաջարկեց ծրագրի մեջ ընդգրկել երկու թեմա. «Կլիմատիզացիայի համակարգի լավարկում», «Կոգեներացիոն տեղակայանքներ»: Նիստի համակարգող, պրոֆեսոր Լուկա Տագլիաֆիկոն ընդգծեց, որ անպայման պետք է հաշվի առնվեն տարածաշրջանային առանձնահատկությունները:
MARUEEB ծրագրի ղեկավար Անջելո Մուսայոն և Լուկա Տագլիաֆիկոն մանրամասն ներկայացրին եվրոպական համալսարաններում դասընթացների անցկացման ժամանակացույցը, պայմանները, վայրերը, ապա լսեցին հայկական կողմի առաջարկները և հարցադրումները: Ամռանը նախատեսվեց հայաստանյան երկու բուհերի առաջատար դասախոսների և երիտասարդ վերապատրաստվող մասնագետների փոխադարձ այց: Իսկ հոկտեմբերի վերջին Հայաստանում կլինի առաջին արդյունքների ամփոփումը:
MARUEEB ծրագրի հիմնական նպատակներն են.
-Ստեղծել ՀՀ երկու և ՌԴ հինգ համալսարաններում բնական գիտությունների մագիստրոսական ծրագրեր,
-ուսուցման ծրագրի բարեփոխման աշխատանքներն իրականացնել աշխատաշուկայի պահանջներին համահունչ,
-շարունակել բարեփոխված կրթական տարրերի տարածումը և կիրառումը ծրագրի ավարտից հետո,
-համալսարանների և գործատուների միջև կապ ստեղծելով՝ նպաստել ծրագրի իրականացմանը,
-տարածել, խթանել և զարգացնել ԵՄ «20-20-20 թիրախները» քաղաքականությունը՝ կապված շրջակա միջավայրի պահպանության և էներգախնայողության հետ,
-ուսումնական ծրագրերի մշակման մեջ ներդնել ԵՄ չափորոշիչը՝
խթանել ուսուցման «ուսանողակենտրոն» մոտեցումը՝ կենտրոնանալով ուսուցման արդյունքների սահմանումների վրա (մասնավորապես, ի՞նչ կսովորեն ուսանողները, ի՞նչ կկարողանան կատարել կամ ցուցադրել ուսումնական ծրագիրն ավարտելուց հետո) և գործատուների պահանջներին համապատասխան, ուսումնական բարեփոխումը համապատասխանեցնել Բոլոնիայի գործընթացի վերջին տարրերին (թափանցիկություն, համեմատելիություն, ուսումնական ծրագրերի ազգային և միջազգային հավաստագրում):