Հայրենասիրությունը բառերով չի արտահայտվում և հնարավոր չէ այն կեղծել: Սրանում կրկին համոզվեցինք վերջին օրերի ղարաբաղա-ադրբեջանական սահմանի տագնապալի իրադարձությունների ընթացքում, երբ վտանգված էր մեր ժողովրդի խաղաղությունը:
Ապրիլի 6-ին Անդրանիկ Մարգարյանի անվան դահլիճում կայացած միջոցառումը նվիրված էր Արցախին, որը կազմակերպել էր ՀԱՊՀ-ի Հասարակական գիտությունների ամբիոնը: Դահլիճում ներկա գտնվողները 1 րոպե լռությամբ հարգեցին` թշնամու դեմ մարտերում զոհված հայ զինվորականների հիշատակը:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանի և քաղաքական գիտությունների թեկնածու Արթուր Ղազարյանի ելույթները նվիրված էին Մեծ Հայքի 15 նահանգներից մեկի` Արցախի հերոսական պատմությանը:
Այնուհետև ազատամարտիկ, Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի հրաձգության մարզիչ Հակոբ Դաշյանը ունկնդիրներին ներկայացրեց Արցախյան ազատամարտի տարիներին իր կյանքի պատմությունը` հետաքրքիր դրվագներով ու փաստերով նկարագրելով դեպքերը: Հ. Դաշյանը ուսանողներին պատգամեց` միշտ համախմբված լինել, զարգացնել հայրենի երկիրը, որպեսզի նահատակված մեր հերոսների գործը շարունակություն ունենա:
Ուսանողական խորհրդի ՈւԳԸ նախագահ, ռեկտորի օգնական Կարապետ Կոգարովը իր ելույթում կարևորեց մեր ժողովրդի պատմության իմացությունը, որպեսզի կարողանանք պատասխանել, թե որտեղից ենք գալիս և ուր ենք գնում հարցերին:
«Այս վերջին օրերին համոզվեցինք, որ շատ լավ, հայրենասեր երիտասարդություն ունենք: Եվ նրանց մարտական ոգին սկիզբ է առնում մեր հայրերից, որը մեր հայրերին էր փոխանցվել իրենց ավագներից: Եվ հաղթանակի մեջ ամենակարևորը զենքի ու զորքի քանակը չէ, այլ միասնական ոգին»:
Կ. Կոգարովը նշեց, որ Արցախին փոխանցված նյութական օգնությունից բացի, ՀԱՊՀ-ում կազմավորվել են նաև ուսանողական կամավորական ջոկատներ, որոնք անհրաժեշտության դեպքում կմեկնեն պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները:
Միջոցառումն ամփոփեց Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու Նելլի Բաղդասարյանը: