Մայիսի 26-ին, ՀՀ նախագահի հրամանագրով, ՀՀ նախագահի 2015 թվականի մրցանակ է շնորհվել՝ տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ամուսիններ` ք.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Սևան Դավթյանին և ք.գ.դ., պրոֆեսոր Անահիտ Տոնոյանին` «Ադիաբատ և ֆրոնտալ պոլիմերացման տեսությունը և պրակտիկան» (ռուսերեն) մենագրության համար:
Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը մրցանակակիրներին հանձնել են նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողությունը շնորհավորում են Սևան Դավթյանին և Անահիտ Տոնոյանին` մաղթելով առողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ և ամենայն բարիք: