Ապրիլի 13-ին ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ, Ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը, անվտանգության ծառայության պետ Թեմուր Ասատրյանը ուղևորվեցին Արցախ՝ աշխատակիցների և ուսանողության ջանքերով ապրիլի 5-ից 12-ը հավաքված և փաթեթավորված անհրաժեշտ պարագաներով ավելի քան 200 արկղ ՀԱՊՀ օգնությունն արցախցիներին հասցնելու նպատակով:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 14-ին ընդունեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին:
Հանդիպմանը քննարկվեցին ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության տուժած մի շարք բնակավայրերում վերականգնողական աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը ողջունեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատրաստակամությունը Արցախին մշտապես աջակցելու և սատարելու գործում՝ այն համարելով կարևոր մեր հանրապետության համար:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:
Պոլիտեխնիկի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև Արցախի ԿԳ նախարարի, ԱԺ պատգամավորների հետ:
Արցախին աջակցման և օգնության համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին շնորհվեց ԼՂՀ վարչապետի շնորհակալագիր:
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև Արցախա - ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված լայնամասշտաբ ռազմական գործողությունները, որ տևեցին շուրջ 4 օր, պատմության մեջ կմնա որպես Քառօրյա պատերազմ։ Այդ օրերին թեժ մարտեր էին ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիս-արևելյան (Մարտակերտ) ուղղություններով։ Ապրիլի 1-ից մինչև 5-ը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացնում էր լայնածավալ հարձակողական գործողություններ` կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ցավոք, հայկական կողմից ևս եղան կորուստներ: Զոհվածների մեջ էին նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջի ուսանող Արամ Աբրահամյանը ու Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող Կարեն Ներսիսյանը:
Դեպքերին հաջորդեցին հայտարարություններ, քննարկումներ: Ապրիլի 4-ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելու նպատակով:
Հաջորդ օրը ապրիլի 5-ին Մինսկի խմբի անդամ 9 երկրները հանդես եկան դատապարտողական հայտարարությամբ` շեշտելով, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում:
Արցախի համար ստեղծված այդ ծանր իրավիճակում հազարավոր հայրենակիցներ, պետական, երիտասարդական և ուսանողական կառույցներ, համալսարաններ և այլ ընկերություններ դիմում էին Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Այդ կապակցությամբ` Արցախի Հանրապետության կառավարությունը թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար ստեղծել էր օպերատիվ շտաբ՝ ԼՂՀ վարչապետի գլխավորությամբ:
Օգնությանը միացան նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի աշխատակիցները, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը: Ապրիլի 5-ի Ռեկտորատի ընդլայնված նիստում քննարկվեց Արցախին աջակցման և օգնության հարցը, ապա համալսարանի աշխատակիցները և ուսանողությունը հանդես եկան դատապարտող հայտարարություններով: Նիստում որոշվեց երևանյան կրթահամալիրի և մասնաճյուղերի հետ Արցախի ֆինանսների նախարարության՝ Արցախբանկում բացած հաշվեհամարին փոխանցել 8.000.000 դրամ: Ապա օգնության կոչին միացան ՀԱՊՀ-ի աշխատակիցները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները: Արցախի աջակցության աշխատանքները համակարգելու համար բուհում ստեղծվեց Արցախին աջակցության և օգնության շտաբ, իսկ կամավոր դրամահավաքի նպատակով Կոնվերսբանկի ՀԱՊՀ 19300045349102000 հաշվեհամարը վերանվանվեց «Արցախ», որտեղ փոխանցվում և կուտակվում էին Երևանի կրթահամալիրի և մասնաճյուղերի հանգանակությունները: Արդյունքում` հավաքվել և Արցախի ֆինանսների նախարարության Արցախբանկում բացած հաշվեհամարին փոխանցվեց 20.000.000 դրամ:
Ուսանողական խորհուրդը նույնպես ապրիլի 5-ի նախագահության նիստում ընդունեց հայտարարություն` Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ ուսանողները դիմում էին ԱՊՀ, ԵԱՀԿ անդամ երկրներին և այլ միջազգային երիտասարդական և ուսանողական կառույցներին` ներկայացնելով իրավիճակը:
Շարունակելով Արցախին աջակցման և օգնության ծրագիրը, ՀԱՊՀ աշխատակիցները և ուսանողությունը իրենց աջակցությունը ցուցաբերեցին Արցախին ոչ միայն կամավոր դրամահավաքի միջոցով, այլև մթերքներով և անհրաժեշտ պարագաներով, որոնց ցանկը ՀԱՊՀ-ի` Արցախին աջակցման և օգնության շտաբը ճշտել էր ԼՂՀ օպերատիվ շտաբից: