Սիրելի՛ պոլիտեխնիկցիներ, անթաքույց հուզմունքով և խորին երախտագիտությամբ իմ շնորհակալանքի խոսքն եմ հղում բոլորիդ՝ պրոֆեսորադասախոսական ու գիտական կազմին, ուսումնաօժանդակ և վարչական անձնակազմին, սպասարկող ենթակառուցվածքների աշխատակիցներին, մեր հրաշալի ուսանողությանը, վարժարանների ուսուցչական հանրույթին և աշակերտներին, խոնարհվում եմ ձեր համախմբված, միասնական ու ոգու կանչով ցուցաբերած ազգանվեր և հպարտ կեցվածքի առջև: Շնորհակալ եմ, որ ականջալուր եղաք ձեզ հղված կոչին և պոլիտեխնիկցուն վայել արժանապատվությամբ ու պատասխանատվությամբ բռնցքվեցիք ու կանգնեցիք վտանգված Արցախի կողքին, Արցախի թիկունքին՝ ինքնաբուխ կազմակերպելով ու կարճ ժամկետում իրականացնելով լուրջ դրամական ու առաջին անհրաժեշտության սննդամթերքի և ուղեկցող այլ ապրանքախմբերի անշահախնդիր նվիրաբերում: Այս դժվարին օրերին Դուք ապացուցեցիք, որ կրողն եք 83 ամյա հաստատության՝ մեր հարազատ Պոլիտեխնիկի լավագույն ավանդույթների, ավանդույթներ, որոնք ձևավորվել են պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների ու ուսանողների տարբեր սերունդների կողմից:
Սիրելինե՛րս, հայոց անկախ պետականության կերտման ներկայիս ոչ այնքան դյուրին ժամանակահատվածում թող լավատեսությունը երբեք չլքի մեզ և նեցուկ լինի մեր բոլոր նախաձեռնումներին՝ ի փառս մեր պետության ու մեր ժողովրդի բոլոր հատվածների: