ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը (նախկինում ՀՊՃՀ հենակետային վարժարան) գործում է 1994 թվականից: Սկզբնական շրջանում եղել է ՀՀ ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություն: Սկսած 2011 թվականից ՀՀ Կառավարության որոշմամբ հենակետային վարժարանը վերակազմավորվել է՝ միավորվելով ՀՊՃՀ-ին: Ներկայումս Ավագ դպրոցը ապահովում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը միջնակարգ կրթության III աստիճանի ծրագրերի պահանջներին համապատասխան: Դպրոցն իրականացնում է հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրեր:
Դպրոցի առաջնային խնդիրն է ապահովել ուսումնական հաստատությունում սովորող աշակերտների բազմակողմանի զարգացումը, ինքնակրթության և լրացուցիչ կրթության պահանջմունքների բավարարման լիարժեք պայմանների ստեղծումը, կրթության միջազգային չափանիշների կիրառմամբ ուսուցման բարձր որակի պահպանման, գնահատման ու վերահսկման կիրառումը՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած նոր մեթոդները՝ հետաքրքրություն մտցնելով տարբեր ոլորտների մասին դրսից հրավիրված հանրահայտ դեմքերի ու դասախոսների վարած դասընթացների միջոցով:
Պոլիտեխնիկի ավագ դպրոցն առաջարկում է խստապահանջ, միջառարկայական և ակադեմիական այնպիսի ծրագրեր, որոնք կխթանեն սովորողի հետազոտական ունակությունների և մասնագիտական հմտությունների ձևավորումը: Սովորողների մոտ զարգանում են ստեղծագործական, տրամաբանական և քննադատական մտածողություն, թիմային և անհատական աշխատանքի ունակություններ: Դպրոցում ստեղծված է սովորելու, մշտապես ինքնակատարելագործվելու առողջ միջավայր: Ավագ դպրոցի սովորողները ուսումնական գործընթացին վերաբերվում են պատասխանատվության բարձր գիտակցումով և աչքի են ընկնում ստեղծագործական ունակություններն ազատ դրսևորելու ձգտումներով:
Ներկայումս ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում սովորում է 655 աշակերտ: Այստեղ իրականացվում է բնագիտամաթեմատիկական և տեխնիկական ուղղություններով հոսքային խորացված ուսուցում: Դպրոցում, մասնավորապես, գործում են հետևյալ հոսքերը՝
- Ֆիզիկամաթեմատիկական
- Տեխնոլոգիական
- Տնտեսագիտական
- Դիզայներական
Վերջիններիս նպատակն է սովորողների մոտ ձևավորել պատկերացումներ բնագիտամաթեմատիկական և տեխնիկական մասնագիտությունների վերաբերյալ և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով պատրաստել շրջանավարտներ, ովքեր առանձնակի ցանկություն կունենան իրենց բուհական կրթությունը շարունակելու Պոլիտեխնիկում:
Վարպետաց դասեր: Ավագ դպրոցը հաճախ է կազմակերպում հանդիպումներ հանրապետության լավագույն մասնագետների հետ, ովքեր դասախոսությունների, հարցազրույցների, զրույցների միջոցով իրենց փորձն ու գիտելիքներն են հաղորդում նոր սերնդին: Նրանց անցած ճանապարհը, հաջողությունները, ճանաչված լինելը ոգևորում են սովորողներին՝ նրանց մեջ արթնացնելով գիտությանը նվիրվելու ցանկություն: Սերունդների այսօրինակ շփումը դառնում է անմոռաց ու խիստ նպատակային դաս:
Օլիմպիական խմբակներ: Ավագ դպրոցում գործում են օլիմպիական խմբակներ, որոնք օգնում են պատրաստվելու առարկայական օլիմպիադաների ու գրանցելու բազում հաջողություններ: Դասերը տարբերվում են հանրակրթական հիմնական առարկայական ծրագրից: Մաթեմատիկայի օլիմպիական խմբակում աշակերտները ուսումնասիրում են մաթեմատիկան միանգամայն այլ կողմից և այլ ձևով: Ֆիզիկայի օլիմպիական խմբակում աշակերտների մեջ արթնացվում է սեր դեպի ֆիզիկան՝ ոչ ձանձրալի, հետաքրքիր ու իրական:
Միկրոէլեկտրոնիկայի դասընթացներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել են ՏՀՏ ոլորտի մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները և ծրագրերը: Ծրագիրը գործում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող 5 դպրոցներում և միտված է երկրի տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից և գերակա ուղղություններից մեկը հանդիսացող ՏՀՏ ոլորտի զարգացմանը:
Կրթական ծրագիրն իրականացվում է 5 ուսումնական հաստատությունում՝ Գյումրիի «Ֆոտոն», Երևանի «Քվանտ» վարժարաններում, Վանաձորի՝ Մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցում և Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում:
Ռոբոտաշինություն: Պոլիտեխնիկի ավագ դպրոցում 2011 թվականից գործում է Ռոբոտաշինության խմբակ, որն իր գործունեության ընթացքում ունեցել է բազում հաջողություններ և հաղթանակներ: Ռոբոտաշինության խմբակ հաճախող երեխաների հոսքը մշտապես բավական մեծ է եղել, քանի որ սա այն միջավայրն է, որտեղ նրանք կարող են տեսական գիտելիքները վերածել գործնականի՝ զարգացնելով երևակայությունը, տրամաբանությունը, ստեղծագործական միտքը և թիմային աշխատանքի ոգին:
2012 թվականին Պոլիտեխնիկական համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում բացվեց Ռոբոտաշինության լաբորատորիան, որի հարթակը բաց է ոչ միայն մեր դպրոցի, այլև ռոբոտատեխնիկական նախասիրություններ և հետաքրքրություններ ունեցող այլ դպրոցների աշակերտների համար:
Ռոբոտաշինության խմբակ կարող են հաճախել հիմնական և ավագ դպրոցներում սովորող աշակերտներ:
Գրանցված հաջողություններ: Մինչ այժմ ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը տվել է բազմաթիվ շնորհաշատ շրջանավարտներ, ովքեր իրենց ուսումը շարունակել և շարունակում են տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում. առաջին հերթին, իհարկե, ՀԱՊՀ-ում: Շրջանավարտներից շատերը ներգրավված են հանրապետության գիտության, արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Նրանցից 60-ը ֆիզմաթ և տեխնիկական գիտությունների թեկնածուներ են:
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը մատուցում է բարձրակարգ կրթական ծառայություններ` շնորհիվ իր նվիրյալ ուսուցիչների, որոնցից շատերը ՀԱՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ են: Նրանց աշխատանքի կարևոր արդյունքներից են ամեն տարի ՀՀ նախագահի կողմից դպրոցի լավագույն աշակերտներին տրվող մրցանակները, ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող «Լավագույն աշակերտ» մրցանակը, ինչպես նաև միջազգային և հանրապետական նշանակության օլիմպիադաներից բերված բազմաթիվ մրցանակները և պատվոգրերը:
Դպրոցական առօրյան հետաքրքիր դարձնելու համար ավագ դպրոցը կազմակերպում է կինոդիտումներ, հանդիպումներ, տարբեր միջոցառումներ:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ։ Դպրոցի նոր կազմավորվող 10-րդ դասարաններում սովորել ցանկացող աշակերտների դիմում-հայտերի ընդունումը կատարվելու է ս.թ. հունիսի 20-ից հուլիսի 20-ը՝ Պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկի ճեմասրահում: Դիմումի լրացման համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- ծննդյան վկայական և պատճեն,
- 3X4 չափի լուսանկար /4 հատ/,
- 9-րդ դասարանի ավարտական վկայական և պատճեն,
- ծնողի անձնագիր։
Դպրոցում իրականացվում է Հումանիտար, Բնագիտամաթեմատիկական և Տեխնիկական ուղղություններով խորացված հոսքային ուսուցում: Դպրոցում գործում են հետևյալ հոսքերը և դրանք ձևավորելու նպատակով անցկացվում են հետևյալ գրավոր հարցումները.
- Ֆիզիկամաթեմատիկական ենթահոսք մաթեմատիկա, ֆիզիկա – գրավոր հարցում/,
- Տեխնոլոգիական ենթահոսք /մաթեմատիկա, ֆիզիկա – գրավոր հարցում/,
- Բնագիտական ենթահոսք /մաթեմատիկա, ֆիզիկա կամ քիմիա – գրավոր հարցում/,
- Տնտեսագիտական ենթահոսք /մաթեմատիկա – գրավոր հարցում/,
- Դիզայներական ենթահոսք /մաթեմատիկա – գրավոր հարցում, ներկայացնել գծագիր, նկար/,
- Հումանիտար հոսք /հայոց լեզու և գրականություն, օտար լեզու – գրավոր հարցում/:
Պոլիտեխնիկի ավագ դպրոցը կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից:
Նախապատրաստական դասընթացի նպատակն է հիմնական դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին և սովորողներին Պոլիտեխնիկի ավագ դպրոց ընդունվելուն նախապատրաստելը, ինչպես նաև ուսումն այնտեղ շարունակելու համար ամուր հիմքերի ստեղծումը:
Դասընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել կամ այցելել ՀԱՊՀ 7-րդ մասնաշենք: