Պոլիտեխնիկի Ուսանողական խորհրդի գործունեության, ամենամյա միջոցառումների, ուսանողական կյանքի և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ուսանողական «Ճարտարագետ» ամսագրի էջերում:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհուրդը ուսանողության ինքնակառավարման մարմին է, որը կոչված է պաշտպանելու Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողության շահերը, ներկայացնելու ուսանողությանը համալսարանի կառավարման գործընթացում։ ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդը հիմնադրվել է 1994 թ. հոկտեմբերի 29-ին։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է՝ լիազորությունների երկամյա ժամկետով։ Ուսանողական խորհրդի գործունեության գլխավոր բնագավառներից են կրթությունը, մշակույթը, սպորտը, սոցիալական և ժամանցային ծրագրերը, ակտիվ և նախաձեռնող ուսանողական կյանքի կազմակերպումը: Իր գործունեության 21 տարիների ընթացքում բազմաբնույթ միջոցառումների շնորհիվ (կոնֆերանսներ, սեմինարներ, թրեյնինգներ, կլոր սեղաններ, արշավներ, ժամանցային միջոցառումներ) Ուսանողական խորհուրդը կարողացել է համախմբել սովորողների գերակշիռ մասը և Պոլիտեխնիկը պատվով ներկայացրել է նաև համալսարանի սահմաններից դուրս: Դրա վառ ապացույցներից է նշանավոր «Բազե» հավաքում 2013թ.-ին տոնած հաղթանակը, «Տեմպուս ESPAQ» ծրագրի շահումը, որն այսօր արդեն իրականացնում է կրթական միջավայրում:
2002 թվականից Ուսանողական խորհուրդը հրատարակում է ուսանողական ամսագիր: 2012թ. ամսագրի աշխատանքների վերախմբավորման, անվանման ռեբրենդինգից հետո ձևավորվեց խմբագրություն, որն էլ հանձնվեց ՈւԽ-ի նորաստեղծ մամուլի և լրատվության հանձնաժողովի վերահսկողությանը՝ ողջ լրատվական աշխատանքը արդյունավետ կազմակերպելու նպատակով: Այսօր արդեն ՈւԽ-ի մամուլի և լրատվության հանձնաժողովը ոչ միայն ղեկավարում է խմբագրության աշխատանքները՝ իր «Ճարտարագետ» ամսագրով, այլև ՈւԽ-ի պաշտոնական կայքի ու էլեկտրոնային փոստի հետ կապված գործառույթները, իսկ ապագայում՝ նաև ուսանողական ռադիոհանգույցը:
2007 թվականից Ուսանողական խորհրդի շրջանակներում բուհում ստեղծվել է Ուսանողական գիտական ընկերություն, որն իր գործունեության շրջանակներում ապահովում է գիտակրթական մի շարք ծրագրերի իրականացումը: Պոլիտեխնիկի ղեկավարությունը օրավուր ընդլայնում է ուսանողների իրավունքները՝ հանգստի, ժամանցի, մարզական և մշակութային ակումբների հնարավորություններից լիարժեք օգտվելու հարցում: Արդյունքում՝ Պոլիտեխնիկի ուսանողությունը մի շարք մարզաձևերում (բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ֆուտբոլ) նշանավորել է հաղթանակներ հանրապետական և միջազգային մակարդակներում: Ուսանողական խորհրդի աշխատանքը կա և կլինի կարևոր շարժիչ ուժ որը միավորում է բուհական հասարակությունը, բարելավում բուհ-ուսանող հարաբերությունները և կարևորում ուսանողի կշիռն ու ձայնը համալսարանի կամարների ներքո: