ՀԱՃԼ–ն (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ) հիմնվել է 2013 թ. սեպտեմբերի 2-ին և ավելի քան 30 մասնագիտացված և ունիվերսալ ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներից կազմված առաջավոր փորձարարական կենտրոն է:
ՀԱՃԼ-ն տեղակայված է ՀԱՊՀ-ի Երևանի կրթահամալիրի տարածքում և զբաղեցնում է 10-րդ մասնաշենքի առաջին չորս հարկերը՝ 1600 մ2 տարածքով:
ՀԱՃԼ-ի ծրագրի հիմնական նպատակն է բավարարել ճարտարագիտական ոլորտում առկա ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնիկական կրթություն ունեցող որակյալ մասնագետների և շրջանավարտների պահանջարկը, լրացնել ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններում առկա աշխատակիցների պակասը, ինչպես նաև նպաստել նորարար բիզնես գործունեության զարգացմանը՝ բարձրացնելով հայաստանյան ընկերությունների միջազգային մրցունակությունը:
ՀԱՃԼ-ի խնդիրներն են՝ ամրապնդել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կրթական կարողություններն ու ընդլայնել հետազոտությունների իրականացման ներուժը՝ ՀԱՊՀ կրթական և հետազոտական լաբորատորիաների բարելավման և համաշխարհային ստանդարտներին համահունչ արդիականացման միջոցով:
ՀԱՃԼ-ն ունի մի շարք գործառույթներ: Գործառույթներից հիմնականներն են Պոլիտեխնիկի վեց ֆակուլտետների ուսումնական գործընթացի սպասարկումը, ինչպես նաև գիտահետազոտական ծրագրերի իրականացումը:
ՀԱՃԼ-ի ուսումնական լաբորատորիաներում ուսանողները սովորում են հիմնարար ճարտարագիտական առարկաներն ինտերակտիվ ձևով՝ օգտագործելով ժամանակակից ուսումնական մեթոդներ, ինչպիսին է գործնական և նախագծի վրա հիմնված ուսուցումը: Այն իրենից ներկայացնում է ավելի քան 30 մասնագիտացված և ունիվերսալ ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներ: Ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների համակցությունը թույլ է տալիս ապահովել ուսանողների մասնակցությունը գիտական նախագծերի, որոնց զարգացումը հնարավոր է իրականացնել ժամանակակից սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ հագեցած ՀԱՃԼ-ի հիման վրա: Լաբորատորիաները հագեցած են արդի սարքավորումներով և ծրագրերով:
Այդ լաբորատորիաները նախատեսված են այնպես, որ ուսանողները կապ ունենան տեխնոլոգիաների հետ և փոխներգործեն իրական աշխարհի հետ՝ զարգացնելով ֆիզիկական ինտուիցիան և ըմբռնելով իրական սահմանափակումները:
Գիտահետազոտական լաբորատորիաները հագեցած են համակարգչային չափման և վերահսկման սարքերով: Դրանք հնարավորություն են տալիս ուսանողներին և դասախոսներին իրականացնել դիպլոմային աշխատանքներ, մագիստրոսական թեզեր և բարձր մակարդակի գիտահետազոտական աշխատանքներ:
ՀԱՃԼ-ում առկա են հետազոտողների համար դասընթացներ: Դրանք ներածական դասընթացներ են, որոնք հնարավորություն են տալիս հետազոտողին օգտվել ՀԱՃԼ-ի սարքավորումների բազայից:
ՀԱՃԼ-ն համագործակցում է երկրի արտադրական և գիտահետազոտական միավորումների հետ:
Մասնավորապես, հետազոտական լաբորատորիաները Հայաստանի արդյունաբերության եւ հետազոտական ինստիտուտներին առաջարկում են արագորեն և մատչելի գնով լուծել իրենց տեխնիկական և գիտական մարտահրավերները: Կրթական լաբորատորիաներն ապահովում են միջոցներ՝ պատրաստելու կադրեր հետազոտական ինստիտուտների, Հայաստանի արդյունաբերության և ինժեներական խմբերի համար:
Հիմնական գործառույթներից բացի ՀԱՃԼ-ում իրականացվում են մի շարք այլ ծրագրեր:
Օրինակ՝ «Արհեստանոց» ծրագիրը այն ուսանողների համար է, ովքեր ցանկանում են բարելավել իրենց հմտությունները էլեկտրոնիկայի, մեխանիկայի, ծրագրավորման և այլ բնագավառներում, ընդհանուր առմամբ՝ ճարտարագիտությունում: Ուսանողներն անցնում են «Ճարտարագիտական ներածություն» դասընթացը, որը տալիս է բազային գիտելիքներ և հմտություններ նախագծերի հետագա զարգացման համար: Ծրագրի ավարտից հետո ուսանողներն իրականացնում են իրական նախագծեր: Նախագծի մեխանիկական և ծրագրավորման մասերն ամբողջությամբ իրականացվում են ուսանողների կողմից:
Առկա է տարբեր բարդության աստիճաններով նախագծերի հետաքրքիր գաղափարների բազա, որից ուսանողները կարող են ընտրություն կատարել կամ առաջարկել սեփական գաղափարները: Ըստ անհրաժեշտության՝ մասնագետների խումբը պատրաստակամ է օգնելու և իրականացնելու խորհրդատվություն: Այս ծրագիրը շատ օգտակար է ապագա ճարտարագետների համար:
Լրացուցիչ ծրագրերի շարքում է նաև մասնագիտացված և ուղղորդված տարբեր դասընթացների իրականացումը: Լինելով տարածաշրջանում միակ նման սարքավորումային հագեցվածությամբ կենտրոնը, այսօր ՀԱՃԼ-ն հաջողությամբ համագործակցում է մի շարք արտասահմանյան համալսարանների հետ ինչպես ուսումնական, այնպես էլ գիտական հարթակներում: Հատուկ մշակված ծրագրերով իրականացնում է այլ բուհերի, ինչպես նաև արտադրության ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացներ՝ համապատասխան հավաստագրմամբ:
Մեծ է նաև ՀԱՃԼ-ի մասնակցությունը դպրոցականների մասնագիտական կողմնորոշման գործառույթում: Այս խնդրի շրջանակներում ՀԱՃԼ-ի կողմից կազմակերպվում են տարբեր վարպետաց դասեր, բաց դռներ, շրջայցեր, այցելություններ տարբեր ընկերություններ և այլն: Այս ամենը նպատակ ունի հանրությանը մատչելի ձևով ներկայացնելու ինժեներական կրթությունը և ՀԱՊՀ-ի հնարավորությունները:
Մեկ այլ ուղղություն է ուսումնական և արտադրական պրակտիկաների իրականացումը ինչպես ՀԱՃԼ-ի բազայի հիման վրա, այնպես էլ գործող ընկերություններում:
Շատ են արդեն իսկ իրականացված ծրագրերը, շատ են նաև ապագայի պլանները։ Եվ այս ամենը միտված է մեկ անգամ ևս ապացուցելու, որ ՀԱՊՀ-ն իրականացնելով իր առաքելությունը, այսօր էլ մնում է այն բուհը, որը պատրաստում է աշխատաշուկայի համար մրցունակ ինժեներներ: