ՀԱՊՀ-ում գործում է Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնը, որի նպատակը բուհի ուսանողներին և շրջանավարտներին իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնելու հարցում օգնելն է:
Կենտրոնը, որը ղեկավարում է Գոռ Մարտիրոսյանը, ստեղծել է տեղեկատվական բազա՝ ՀԱՊՀ մասնագիտությունների գծով համապատասխան տնտեսվարող կազմակերպությունների վերաբերյալ, որում առկա են 346 կազմակերպությունների տվյալներ (տնօրենների անուն ազգանուններ, հասցեներ, հեռախոսահամարներ և էլ. հասցեներ, պաշտոնական կայքի հասցեներ)։ Նա համագործակցության առաջարկով նամակներ է ուղարկում հնարավոր գործատու և գործընկեր կազմակերպություններին, ապա նրանցից ստացված թափուր աշխատատեղերի, պրակտիկա և փորձաշրջան անցնելու հնարավորությունների մասին տեղեկությունները ոչ միայն տեղադրում է ՀԱՊՀ պաշտոնական կայքի իր էջում, այլև ավելի հետամուտ լինելով՝ ուղարկում է համապատասխան ֆակուլտետների դեկաններին, Ուսանողական խորհրդին: Հետաքրքրված շրջանավարտների և ուսանողների տվյալները հավաքագրում և փոխանցում է գործատուներին։
Աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար կենտրոնը պարբերաբար կազմակերպում է «Ուսանող-գործատու» տարբեր ձևաչափի հանդիպումներ: Դրանք կազմակերպվում են ինչպես գործատու կազմակերպություններում, այնպես էլ ՀԱՊՀ-ում: Այցելությունների ընթացքում ուսանողները ծանոթանում են կազմակերպության (գործարանի) արտադրական գործընթացին, արտադրամասերին, արտադրական տեխնոլոգիաների յուրահատկություններին, կազմակերպությունում գործող պրակտիկա և փորձաշրջան անցնելու ծրագրերին, աշխատանքի ընդունվելու հեռանկարներին, հնարավորություն են ստանում գործատուի հետ անմիջական շփման պայմաններում հասկանալ, թե գործատուն ինչ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ է պահանջում:
Անցած՝ 2015 թ. ՀԱՊՀ ուսանողներն այցելել են «Թարգեթ Սիսթեմս» «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա», «ՎիվաՍել-ՄՏՍ» գործատու կազմակերպություններ:
ՀԱՊՀ են այցելել «Ռոստելեկոմը»՝ «door to door», «Արմենտելը»՝ «3-րդ սերունդ», «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»՝ «Ուսուցանվող շրջանավարտ» ծրագրերը ներկայացնելու նպատակով: Ծրագրերի հիմնական նպատակը ուսանողներին աշխատանքի մեջ ներգրավելն էր:
«Ռոսգոսստրախ Արմենիա» և «Աթենք» կազմակերպությունները մեր ուսանողների հետ հանդիպել են թափուր աշխատատեղերը ներկայացնելու նպատակով:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» կազմակերպությունը հանդիպել է նաև ՀԱՊՀ քոլեջի ուսանողների հետ:
«Կենտրոնն իր գործունեության երեք տարիներին օգնել է աշխատանքի ընդունվել 126 շրջանավարտի և ուսանողի, որոնցից 72-ը հիմնական աշխատանքի, 54-ը՝ պայմանագրային»,- մեզ հետ զրույցում հավաստեց պարոն Մարտիրոսյանը։
2014թ. մայիսի 26-ին ՀԱՊՀ Կարիերայի կենտրոնի և ՀՀ 8 համալսարանների համապատասխան ստորաբաժանումների մասնակցությամբ կնքված համագործակցության հուշագրի համաձայն՝ կազմակերպվում են համատեղ ամենամյա «Հանրապետական միջբուհական աշխատանքի տոնավաճառներ», համատեղ կոնֆերանսներ, սեմինարներ, խորհրդակցություններ և այլ միջոցառումներ: Բացի դրանից, ամեն տարի կենտրոնը մասնակցում է միջազգային մասնագիտացված ցուցահանդեսների: Այսպես, միայն 2015թ. մասնակցել է «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015», «Կրթություն և կարիերա EXPO 2015», «Կովկաս. շինարարություն և վերանորոգում EXPO 2015», ArmProd EXPO 2015, «Պանարմենիան Էքսպո 2015» միջազգային ցուցահանդեսներին, DIGITEC EXPO 2015 տեխնոլոգիական ցուցահանդեսին, Armenia EXPO 2015 տարածաշրջանային ունիվերսալ խոշորագույն ցուցահանդեսին, «ԴիջիԹեք բիզնես ֆորում 2015» միջազգային միջոցառմանը:
Խորությամբ ուսումնասիրելով ինժեներական աշխատաշուկան՝ կենտրոնը կատարել է մանրամասն վերլուծություն՝ փորձելով կանխատեսել զարգացման միտումները։
ՀԱՊՀ մասնագիտությունների գծով կառույցը տրամադրել է 3500-ից ավելի թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարություն։ Ղեկավարը նշեց, որ հայտարարությունների 79%-ը վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, 21%-ը՝ այլ ինժեներական մասնագիտությունների։ Իսկ ահա ՏՏ ոլորտին վերաբերող հայտարարությունների մեջ ամենապահանջվածը ծրագրավորողի, Web դիզայների մասնագիտություններն են, այլ ինժեներական մասնագիտություններում՝ մեխանիկի, ՀՉՍ ինժեների և էներգետիկի մասնագիտությունները։
Կարիերայի կենտրոնն իրականացնում է նաև խորհրդատվական գործառույթ, անցկացնում է սեմինարներ, որտեղ հանգամանորեն ուսանողներին հուշումներ է կատարում, թե ինչպես փնտրել աշխատանք, ինչպես գրել արդյունավետ ու գրագետ ինքնակենսագրական, ուղեկից և հիմնավորող նամակներ, ինչպես նախապատրաստվել հարցազրույցի և այլն:
Հավելենք նաև, որ ՀԱՊՀ-ն ԵՄ TEMPUS ծրագրի HEN-GEAR և ARARAT նախագծերի շրջանակներում ստեղծված երկու կոնսորցիումների («Համալսարան - շրջանավարտ - գործատու կապի պորտալ» և «Համալսարան - աշխատաշուկա համագործակցության ցանց») անդամ է: