Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները տարեվերջին հնարավորություն են ունենում մասնակցելու տարաբնույթ ուսանողական, կրթական մրցանակաբաշխությունների թե կրթության ու գիտության և թե ուսանողական ինքնակառավարման ոլորտներում: Մրցանակաբաշխությունների նպատակն է խթանել ուսանողների հաջողությունները, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում ուսանողների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:
Պոլիտեխնիկցի ուսանողները իրենց բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսումնական տարվա ավարտին հնարավորություն ունեն մասնակցելու ՀՀ ԿԳ նախարարության «Լավագույն ուսանող», Պոլիտեխնիկի Ուսանողական խորհրդի «Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն», ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա պարգև մրցանակաբաշխություն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան» մրցանակաբաշխություն և այլ տեղական ու միջազգային մրցանակաբաշխությունների:
Որպես կանոն, մրցանակաբաշխություններում սահմանվում են տարվա «Լավագույն բակալավր», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն ասպիրանտ» անվանակարգեր:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան» մրցանակաբաշխությունն իր տեսակի մեջ առանձնանում է՝ որպես ուսանողական ինքնակառավարման ոլորտի ինքնատիպ մրցանակաբաշխություն: Այստեղ սահմանված անվանակարգերը իրենց բնույթով և տրամաբանությամբ այլ են: