«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում գործում են ուսման վարձի փոխհատուցման տարաբնույթ հնարավորություններ` ըստ ուսանողի սոցիալական կարգավիճակի և առաջադիմության:
Համալսարանում գործող ուսանողական նպաստները ձևակերպվում և տրամադրվում են 1-ին կուրսի սկզբում և պարտադիր կարգով վերանայվում են յուրաքանչյուր կիսամյակի սկզբում:
Ուսանողական բոլոր տեսակի զեղչերից օգտվելու համար դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր կիսամյակ նախապես սահմանված ժամանակահատվածում: Դիմումների քննարկումը կազմակերպվում է Ընդունող հանձնաժողովի կողմից:
Հարգելի պատճառով (ակադեմիական արձակուրդի, առողջական վիճակի, զինծառայության մեկնելու կամ ուսանողական փոխանակման ծրագրերով արտասահման ուսումնառության գործուղվելու կապակցությամբ) ուսումնառությունն ընդհատած ուսանողի կարգավիճակի վերականգնման դեպքում պահպանվում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ ստանալու իրավունքը:
Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է՝
- մեկ ուսումնական տարվա ընթացքում սահմանված ժամկետներում հանձնված (առանց լուծարքային շրջանի) քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին՝ մրցութային կարգով,
- օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերում ընդգրկված անձանց՝ առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց,
1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց, զոհված զինծառայողի երեխա ուսանողներին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին, պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:
Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին՝
< 5 - 50 տոկոսի չափով,
5-10 - 60 տոկոսի չափով,
10-15 - 70 տոկոսի չափով,
15-20 - 80 տոկոսի չափով.
> 20 - 100 տոկոսի չափով:
Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում ստանալու համար ուսանողն իր ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանքը յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է բուհին:
Համալսարանում գործում են նաև անվանական կրթաթոշակներ, որոնք տրվում են այն ուսանողներին, ովքեր դրսևորում են գերազանց և լավ առաջադիմություն, հասարակական ակտիվություն, պատշաճ վարքագիծ:
Համալսարանում կան հետևյալ անվանական կրթաթոշակները. Գիտնական, ակադեմիկոս, քաղաքական գործիչ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Ֆադեյ Սարգսյանի (ՔՀ և Ի կամ Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ), Հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (2000-2007), ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի (Կիբեռնետիկայի ֆակուլտետ), հայ քաղաքական և պետական գործիչ, ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար (1974–1988), ՀՀ Ազգային ժողովի նախագահ (1999), Հայաստանի Ազգային հերոս (1999, հետմահու) Կարեն Դեմիրճյանի (Մեխանիկամեքենագիտական կամ Մեքենաշինական ֆակուլտետ)։
Համալսարանի ուսանողները կարող են օգտվել նաև կրթական հիմնադրամների տրամադրած կրթաթոշակներից:
Հիմնադրամի կրթաթոշակներ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Հայ կրթական հիմնարկության «Հայ համայնքը հայ ուսանողությանը» հիմնադրամի և այլն: