Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը զարգացել է Հայաստանի ինդուստրացման տեմպերին համընթաց և 1980-1985թթ. հասել իր զարգացման գագաթնակետին` ունենալով 25000 ուսանող և 65-ից ավելի մասնագիտություններ, դարձել է Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումական հաստատությունը և Խորհրային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը։ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը 1991թ. նոյեմբերի 29-ին վերակազմակերպվեց և վերանվանվեց` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, իսկ 2014թ. նոյեմբերի 13-ին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ 8 տասնամյակների ընթացքում համալսարանը երկրին տվել է ավելի քան 116 հազար շրջանավարտներ, որոնք հսկայական ավանդ ունեն Հայաստանի արդյունաբերության ստեղծման և զարգացման ճարտարագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորման գործում։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կենտրոնական կրթահամալիրը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղերը` Գյումրիում (web: www.polytechgyumri.am), Վանաձորում (web: haphkapan.com) և Կապանում (web: polytechvan.am)։ Համալսարանն ունի ավագ դպրոցներ Երևանում (www.phs.am) և մասնաճյուղերում, որոնց նպատակն է՝ ի հայտ բերել առավել օժտված երեխաներին` ապագա ինժեներներին` ապահովելով խորացված մինչբուհական ուսուցում։
Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 4 հիմնական ծրագրեր` մասնագետի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով։
Բացի հիմնական ծրագրերից, համալսարանն առաջարկում է նաև շարունակական կրթության լրացուցիչ ծրագրեր։
Համալսարանի մասնագիտացումների տիրույթն ընդգրկում է ճարտարագիտության և տեխնոլոգիաների բոլոր հիմնական ճյուղերը, որոնք ներկայացված են ճարտարագիտական, ճարտարագիտատնտեսագիտական պրոֆիլի 48 բակալավրական, 44 մագիստրոսական և 20 հետազոտական մասնագիտություններով, որոնք իրականացվում են Երևանի կրթահամալիրի և մասնաճյուղերի 61 ամբիոնները միավորող 19 ֆակուլտետներում։
ՀԱՊՀ-ն ունի Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունք, որտեղ հայերեն և անգլերեն լեզուներով սովորում են 87 ուսանողներ և ասպիրանտներ Իրանից, Հնդկաստանից, Սիրիայից, Նեպալից, Լիբանանից, Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից։
Միջին մասնագիտական կրթական ծրագիրը ՀԱՊՀ-ում իրականացվում է քոլեջի միջոցով, որն ունի 7 մասնագիտությունների գծով 712 ուսանող։
Համալսարանում գործում են մի շարք օժանդակ կառույցներ և ծառայություններ` Լեզուների գիտակրթական կենտրոնը, Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնը, Գիտատեխնիկական գրադարանը, տպարանը, «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթը և այլն։
Արագ տեմպերով զարգանում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական - կառավարչական ենթակառուցվածքը։ Համալսարանն ունի զարգացած համակարգչային ցանց, որը ներառում է ավելի քան 1200 ժամանակակից համակարգիչներ, տեխնոլոգիապես զինված լսարաններ, հատուկ ուսումնահետազոտական լաբորատորիաներ։
Համալսարանը ձևավորել է միջազգային համագործակցության լայն ցանց, որն ընդգրկում է աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններ և գիտական կենտրոններ։ Համալսարանն անդամակցում է Եվրոպական համալսարանների ասոցիացիային, ներգրավված է եվրոպական և միջազգային այլ կրթական և գիտական բազմաթիվ ծրագրերում (TEMPUS, ERASMUS-MUNDUS, ERASMUS+, INTAS, COST, NATO Science, SCOPES, DAAD, USAID, OSI, FP և այլն )։
Համալսարանն իր զարգացած գիտահետազոտական համակարգով իրավամբ համարվում է տեխնիկական գիտությունների առաջատար կենտրոն։
Հետազոտական ենթակառուցվածքը ներառում է մի շարք լաբորատորիաներ և գիտական խմբեր, որտեղ պետբյուջետային միջոցներով և միջազգային տարբեր դրամաշնորհների ֆինանսավորմամբ իրականացվում են տասնյակ հետազոտական նախագծեր։
ՀԱՊՀ-ն հատկապես կարևորում է դասախոսների և ուսանողների ներգրավումը հետազոտական գործունեության մեջ՝ դիտարկելով այն որպես ինժեներական կադրերի պատրաստման բարձր որակի երաշխիք և ուսուցման առավել արդյունավետ միջոց։ Համալսարանն առաջատար դերակատարություն ունի Հայաստանում ընթացող բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացում։ ՀԱՊՀ-ն առաջինն էր հանրապետությունում, որ ներդրեց բարձրագույն կրթության երկաստիճան, ապա եռաստիճան համակարգերը, իսկ այսօր հաջողությամբ կիրառում է կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական ECTS համակարգը՝ Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ։
Այսօր համալսարանի ներսում ձևավորվում են ինստիտուտներ: Մեջբերելով ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանի՝ ՀԱՊՀ-ում ձևավորվող ինստիտուտների վերաբերյալ ելույթը, նշենք, որ ինստիտուտների ձևավորումը, ոչ թե ընդհանուր առմամբ մեծ ֆակուլտետի ձևավորում է, այլ խոսքը կառավարման ապակենտրոնացման մասին է, երբ վերին մակարդակի կառավարման լիազորությունները պետք է փոխանցվի ստորին մակարդակ՝ ինստիտուտ: Ֆինանսական միջոցների ձևավորումը կընթանա ինստիտուտների ֆինանսական ֆոնդի պլանավորման և ձևավորման մակարդակով, ինչը, անկասկած արդյունավետ կգործի և դրական արդյունքներ կստացվեն: Եվ ինստիտուտների գիտական կյանքում մեծ խնդիրներ կլուծեն ոչ թե ամբիոններին, այլ ինստիտուտներին կցված պրոբլեմային լաբորատորիաները: Ինչ խոսք, այս ամենը մեծ աշխատանք է պահանջում, բայց համալսարանի կոլեկտիվը շարժվում է այն ուղղությամբ, ինչ տարիներ շարունակ ամրագրված է եղել համալսարանի զարգացման պլաններում: Այսպիսով, համալսարանը զարգանում է ոչ միայն համաշխարհային փորձին համընթաց, այլև այն ստրատեգիական պլանով, որը տարիներ շարունակ դրված է եղել համալսարանի կառուցման հիմքում:
Որպես Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար բուհ, համալսարանի ներքո ձևավորվում է երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարան: Այն ստեղծվում է մասնավոր հատված-պետություն համագործակցության ծրագրի շրջանակներում: Երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարանի գաղափարի աշխատանքային խմբի ղեկավարն է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Աշխատանքային խումբը քննարկում է հենց տեխնոլոգիական ինստիտուտի գաղափարի շուրջ:
Ուսում, գիտահետազոտական աշխատանք, արտադրություն. ահա սա է լինելու մեր օրերի Պոլիտեխնիկական համալսարանի գաղափարախոսությունը, մի բան, որ խորհրդային ժամանակներում իրականացնում էր հենց Պոլիտեխնիկը: