Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը իրավահաջորդն է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) և հանդիսանալով ՀՀ բարձրագույն կրթոլորտի ինժեներական ուղղվածությամբ հիմնական բարձրագույն ուսումնական հաստատություն՝
- իրականացնում է երկրի տնտեսության կարիքներին և հասարակության կրթական պահանջմունքներին համահունչ կրթահետազոտական ծրագրեր և մատուցում դրանց առնչվող տարաբնույթ ծառայություններ,
- համապարփակ տեղեկատվական հասարակության պայմաններում ապահովում է պոլիտեխնիկական բարձրագույն կրթության այնպիսի հատկանիշներ, որոնք հնարավորություն են տալիս ճկուն ձևով արձագանքել մասնագետների պատրաստման անընդհատ փոփոխվող պահանջներին և տնտեսական - կառուցվածքային տեղաշարժերին,
- նշանակետն է դարձել լայն պրոֆիլի մասնագետների պատրաստումը՝ շրջանավարտների տարբերիչ հատկանիշը դարձնելով համակարգված գիտելիքներին տիրապետելը,
- իր վրա է վերցրել ոչ միայն որակյալ մասնագետի, այլև հայրենասեր, ազգային ոգով դաստիարակված, օրինապահ, համակողմանիորեն զարգացած և բարոյական արժեքներին դավանող ու բարեկիրթ անձնավորության պատրաստման հույժ կարևոր առաքելությունը։
Համալսարանն այսօր դրել է կրթության որակի և բովանդակության անվերապահորեն արդիականացման խնդիր, որի իրականացման արդյունքում միայն հնարավոր կդառնա այնպիսի մասնագետի պատրաստումը, ով մրցունակ կլինի աշխատանքի շուկայում, կկարողանա նաև արդյունավետ գործունեություն ծավալել հարակից ոլորտներում, պատրաստ կլինի սոցիալական և մասնագիտական շարժունությանը։
Վերոնշյալի հետ մեկտեղ, համալսարանը քայլեր է ձեռնարկում իր նոր կարգավիճակի ընձեռած հնարավորությունների լիարժեք օգտագործմամբ զարգացնել և ընդլայնել գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակները՝ ուղենիշն ունենալով համատեղ հետազոտական փորձարարական միավորների ստեղծումն ու դրանց նպատակային ծառայեցումը։
Համալսարանը հաստատակամ է նախադեպը չունեցող «Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ» (ANEL) կառույցի օգտագործման արդյունավետության էապես բարձրացմանը միտված ծրագրերի իրականացման առումով և ձգտում է այն դարձնել ոչ միայն տեխնիկական դասընթացների, այլև հետազոտական աշխատանքների կենտրոնատեղ։
Համալսարանն իր նպատակների լիարժեք իրականացումը էապես պայմանավորում է նաև արտաքին կապերի բազմազանեցման և ընդլայնման ուղղությամբ ընթացող առաջանցիկ քայլերով, դնելով արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ փոխշահավետ լայն համագործակցության խնդիր, ներկայացնելով վերոնշյալ գործառույթներում համալսարանը՝ որպես կարող, վստահելի և բարձր վարկանիշ ունեցող գործընկեր կառույց:
Համալսարանն այսօր իրականացնում է իր գործունեության միջազգայնացման և ուսանողական համակազմի, պրոֆեսորադասախոսական կազմի և գիտաշխատողների անարգել շարժունությունն ապահովող միջոցառումների հավակնոտ ծրագիր, ինչը Եվրոպական բարձրագույն կրթատարածքին ինտեգրման կարևորագույն նախապայմաններից է, և դրա առաջին արդյունքները ներկայանում են արտերկրի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համատեղ մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերի հաջող իրականացմամբ և որակավորման աստիճանների համատեղ շնորհմամբ:
2015թ. համալսարանն ստացավ հանրապետական հավատարմագրում, իսկ նույն տարվա ապրիլին ՏՏ ոլորտին առնչվող երկու կրթական ծրագրերն ստացան նաև եվրոպական հավատարմագրում, ինչը վկայում է, որ հաստատությունը զարգանում է՝ փորձելով իր գործառույթներում ներառել միջազգային լավագույն փորձն ու կրթական տեխնոլոգիաները: