Անցյալ տարեվերջին Երևանում կայացավ Պոլիտեխնիկում հայերենի երկարամյա դասախոս, այժմ Ֆրանսիայում գտնվող Լեյլա Ստեփանյանի «Հայպոլինեզյան լեզվամշակութային ընդհանրություններ» ստվարածավալ գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է Երևանում, «Յասոն» հրատարակչության կողմից: Այն քսանամյա երկարատև ճանապարհ է անցել՝ մինչև ընթերցողի սեղանին հայտնվելը:
Ավստրոնեզիական լեզվաընտանիքի պոլինեզիական լեզվախմբի մեջ հնդեվրոպական շերտեր հայտնաբերելու իր պրպտումները Լ. Ստեփանյանը սկսել էր դեռևս 1998-ին: Հեղինակի ուսումնասիրություններից առանձին հատվածներ լույս էին տեսել ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների», ՀՊՃՀ «Լրաբեր», ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հայագիտական առաջին գիտաժողովի նյութերի ժողովածուներում, Վենետիկի «Բազմավեպ» հեղինակավոր պարբերականում, իսկ 2001-ին առանձին գրքով հրատարակվել էր նրա «Հայկական (հնդեվրոպական) ենթաշերտ պոլինեզիական լեզուներում» հետազոտությունը:
Ներկա աշխատությունն իր ընդգրկմամբ առավել տարողունակ է և համակարգված ներառում է ոչ միայն ռապանուերեն-հայերեն լեզվաբանական տարատեսակ և տարբեր մակարդակների առնչությունները (հնչյունական, գրային, շեշտային համակարգեր, հընչյունաբանություն, բառապաշար, ձևաբանություն, շարադասություն), այլև տեղանվանական և դիցաբանական՝ երբեմն ընդհանրությունների հասնող հարուստ առնչությունները: Այս առումով գիրքը հետաքրքիր է, ուշագրավ և արժեքավոր: Լ. Ստեփանյանը գիրքն ավարտում է բավականին համարձակ «Եզրակացություններ» բաժնով: Անշուշտ, մասնագետները կարող են որոշ դրույթներ վիճարկել, որոշները՝ չընդունել, բայց ամբողջության մեջ սա պրպտող անհատականությանը վայել մի տքնաջան աշխատանքի արգասիք է, ինչն իր նպաստը կարող է բերել ոչ միայն հայագիտությանը, այլև ընդհանուր մշակութաբանությանը: Եվ ամենևին խնդիրը ներկայացված դրույթների և դրանց ապացուցողական համակարգի բացարձակ անխոցելիությունը չէ, այլ առաջին հերթին հեղինակի կողմից խնդրի դրվածքի ընկալումը, որը պետականության ավանդույթներ ունեցող ազգերի համար նորություն չլինելով՝ ցանկալի է, որ ուղենշային դառնա առաջին անգամ պետականության պայմաններում իր առաջնահերթություններն արձանագրող հայկական գիտության համար:
Գիտական և անձնական հետագա հաջողություններ մաղթենք մեր նախկին գործընկերոջն ու ջերմ հայրենասերին: