Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին:
Հանդիպմանը քննարկվել են կրթական ոլորտի բարեփոխումներին, Արցախի մայր բուհի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև առկա համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել հանրապետության տնտեսության զարգացման համար պահանջարկ ներկայացնող մասնագետների՝ ինժեներական կադրերի պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ:
Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Պոլիտեխնիկի մասնակցությունն Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտներում: Հովհաննես Թոքմաջյանն իր հերթին տեղեկացրել է, որ շարունակվելու է համալսարանի կողմից Արցախի հանրակրթական դպրոցները համակարգիչներով համալրելու ծրագիրը:
Հիշեցնենք, որ ծրագրի մեկնարկը տրվել էր Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 և Կոլխոզաշենի դպրոցներից:
Այս անգամ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությունը ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի ղեկավարությամբ, Արցախի վարչապետ Ա.Հարությունյանի հետ հանդիպումից հետո այցելեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Խնուշինակ գյուղ: Գյուղական համայնքների կոմպյուտերիզացիայի ծրագրի շրջանակներում Խնուշինակ գյուղի միջնակարգ դպրոցին նվիրաբերվեց երկու համակարգիչ, մեկ պրոյեկտոր՝ էկրանով:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ բաց զրույց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի և Խնուշինակի միջնակարգ դպրոցի ինչպես աշակերտների, այնպես էլ նրանց ծնողների միջև:
Հանդիպման ավարտին Խնուշինակի միջնակարգ դպրոցի աշակերտները հանդես եկան բացօթյա համերգով: