Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը փետրվարի 19-ին կազմակերպել էր երեկույթ՝ նվիրված մշակույթի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Արուսյակ Սահակյանի 75-ամյա հոբելյանին։
Երեկույթի նպատակի մասին գիտեին բոլոր ներկաները, բացի Արուսյակ Սահակյանից, նրան հրավիրել էին` իբրև ունկնդրելու ճապոնացի մշակութաբանի զեկույցը։ Ինչպես պարզ դարձավ` «զեկույցն» ամբողջությամբ նվիրված էր տիկին Արուսյակի կյանքին և հայանվեր գործունեությանը։ Երեկույթի կազմակերպիչները՝ հանձին Արկադի Դուրինյանի, ջանացել էին ինքնատիպ նվեր մատուցել հայ մշակույթի նվիրյալին։ Տեսաշնորհավորանքներ էին ուղարկել աշխարհի տարբեր ծագերի հայ համայնքներից` անվանելով նրան հայեցի քրմուհի։ Սրտառուչ էին Դիլիջանի կենտրոնական դպրոցի նրա սաների ողջույնը։ Բոլորն իրենց խոսքն ավարտում էին Արուսյակ տատիկի հայտնի արտահայտությամբ՝ սիրեմ ձեզ։ Հոբելյարը չհամբերեց և վերցրեց բարձրախոսը. «Մի շտկում եմ ուզում անել իմ կենսագրության մեջ, ես ծնվել եմ ոչ թե Երազգավորս գյուղում, ինչպես հնչեց այստեղ, այլ Պոլիտեխնիկում, այս դահլիճում և 37 տարի է՝ ձեզ հետ եմ։ Ես համոզվեցի, որ չպետք է երբեք երազել, ուղղակի պետք է սպասել «դավադրության» »։ Ողջունելու եկած բոլոր երաժշտական խմբերը, ի պատիվ հոբելյարի, կատարեցին Արուսյակ Սահակյանի հիմնադրած «Նարոյ» խմբի երգացանկի երգերը։ Շնորհավորելով հոբելյարին՝ Թովմաս Պողոսյանը հպարտորեն շեշտեց. «Ես Արուսյակ Սահակյանի աշակերտն եմ»։
Պոլիտեխնիկը, բարձր գնահատելով Արուսյակ Սահակյանի դերը մշակութային կյանքում, նրան պարգևատրեց ՀԱՊՀ -ի վաստակագրով։