Հայկական բուհերում սովորող յուրաքանչյուր ուսանող, ով ձգտում ունի զարգացնելու մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ցանկանում է իր ուսումը շարունակել արտասահմանյան առաջատար բուհերում։ Արտասահմանում սովորելը հնարավորություն է ընձեռում ոչ միայն բարելավել մասնագիտական ունակությունները, այլև զարգացնել օտար լեզվի հմտությունները, տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ շփվելու միջոցով ծանոթանալ նոր մշակույթների և ընդլայնել աշխարհայացքը, մրցունակ դառնալ աշխատաշուկայում, ավելի տեսանելի դարձնել կարիերայի համար ապագա լուսավոր հեռանկարները։
Սովորելով Բրագանզայի պոլիտեխնիկական ինստիտուտում օրեցօր ավելի ու ավելի եմ համոզվում վերը նշվածի մեջ։ Այստեղ սովորում են ավելի քան 50 ազգի ներկայացուցիչներ տարբեր մայրցամաքներից՝ յուրաքանչյուրն իր առանձնահատուկ հատկանիշներով։ Յուրաքանչյուր օր ներկայացնում ենք միմյանց հայրենի երկրների պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը։ Այստեղ ես հասկանում, թե ինչքան կարևոր է ունենալ սեփական ու մյուսներից առանձնացող մշակույթ, ներկայանալի և դարավոր պատմություն։ Ամեն անգամ նորովի հպարտություն եմ ապրում՝ ներկայացնելով հայերենի բազմադարյա պատմությունը։ Միայն այբուբենի ցուցադրումը բավարար է օտարերկրացիների զարմանքը տեսնելու համար։ Հաճախ են մեզ՝ հայ ուսանողներիս, բախտավոր մարդիկ համարում՝ կատակելով, թե կարող ենք ցանկացած միջավայրում ցանկացած բանի մասին ազատորեն խոսել, անգամ բամբասել, քանի որ մեր հայերենն իր տեսակի մեջ եզակի է և մեզ ոչ ոք չի կարող անգամ մասամբ հասկանալ։
Եթե փորձեմ համեմատականներ անցկացնել ՀԱՊՀ-ում իմ մասնագիտական ամբիոնի և ԲՊԻ-ում մասնագիտական ամբիոնների դասավանդման որակական և կազմակերպչական աշխատանքների միջև, ապա հպարտորեն կարող եմ նշել, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։ Այստեղի կրթությունը տեսնելով՝ ավելի ու ավելի եմ սկսել գնահատել ամբիոնում աշխատող այն դասախոսների կատարած աշխատանքը, ովքեր ունեն միջազգային կրթություն և փորձ։ Վերջինս շատ մեծ դերակատարում է ունեցել Պորտուգալիայում կրթական գործընթացին ինտեգրվելու վրա։ Վստահորեն կարող եմ նշել, որ ՀԱՊՀ-ում ստացած կրթությունը բավարար հիմք է Եվրոպայում կրթությունը շարունակելու համար։ Դասավանդման գործընթացների մեջ համեմատականներ անցկացնելու ընթացքում կարևորում եմ նշել հատկապես այն փաստը, որ Բրագանզայի պոլիտեխնիկական ինստիտուտում ուսանողները կարիք չունեն գրի առնել դասախոսների կողմից ներկայացվող տեսական նյութերը։ Առարկայական նյութերը տրամադրվում են բացառապես էլեկտրոնային տարբերակներով կամ համապատասխան գրքերի միջոցով։ Վերջինս օգնում է խնայել ժամանակը և ուշադրությունը սևեռել ավելի կարևորի վրա։ ԲՊԻ-ում ուսանողների գնահատման համակարգը բավական տարբերություններ ունի։ Այստեղ ավելի մեծ ուշադրություն են դարձնում գործնական աշխատանքներին, առարկայական վերլուծություններին։ Տեսական գիտելիքները հիմնականում փորձում են ամրապնդել զանազան հոդվածներ վերլուծելու միջոցով։ Մասնագիտական հոդվածներ վերլուծելն ամբողջովին նորություն էր ինձ համար, նախկինում երբևէ այդպիսի փորձառություն չէի ունեցել ՀԱՊՀ-ում։ Սակայն Պոլիտեխնիկում ձևավորված ճարտարագիտական միտքն օգնում է արագ կողմնորոշվել անգամ այնպիսի իրավիճակներում, որոնց նախկինում չես բախվել։
Ուսանողների մեծամասնությանը հաճախ թվում է, որ արտասահմանում սովորելը բացառիկ հնարավորություն է միայնակ ապրելու, երիտասարդական խենթ ցանկություններին հագուրդ տալու համար, քանզի ոչ ոք քեզ չի խանգարում կամ կամքիդ բռնանում։ Բայց իրականում հենց դա է արտասահմանում սովորելու ամենամեծ դժվարությունը։ Այստեղ դու սկսում ես պատասխանատվություն կրել տարբեր մակարդակների և կարևորության որոշումներ կայացնելու համար, սեփական մաշկի վրա զգալ տարբեր կենցաղային խնդիրներ։ Յուրաքանչյուր խնդիր պետք է լուծել ինքնուրույն՝ տեղավորվելով սահմանափակ ժամանակի մեջ։
Հոդվածի վերջում կցանկանայի անպայման կոչ անել ՀԱՊՀ-ի ողջ ուսանողական կազմին մեծ ուշադրություն դարձնել արտասահմանյան բուհերում ուսումը շարունակելու վրա։ Վերջինիս համար պարտադիր պայման է ՀԱՊՀ-ում առավելագույնս մասնագիտանալը և օտար լեզվի հմտությունները զարգացնելը։ Արտասահմանյան կրթությունը յուրաքանչյուր հայ ուսանողի համար առաջին քայլն է դեպի գիտելիքահենք համաշխարհային տնտեսություն։
ՇԱՎԱՐՇ ԶՈՀՐԱԲՅԱՆ
Ռադիոտեխնիկայի և կապի
համակարգերի ֆակուլտետի
Կապի ճյուղի ձեռնարկությունների
տնտեսագիտության և կառավարման
ամբիոնի մագիստրանտ