Փետրվարի 10-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Անդրանիկ Մարգարյանի անվան դահլիճում անցկացվեց «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը: Հյուրընկալվել էին՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, բուհերի ղեկավարներ, ՀԱՊՀ-ի ղեկավարությունը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ:
ԿԳ նախարարությունը, ՀՀ երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, երեք տարի առաջ նախաձեռնեց «Լավագույն ուսանող» մրցույթը՝ ՀՀ բուհերի ուսանողների մասնակցությամբ, որի նպատակն է՝ բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում: Մրցույթն իրականացվում է երկու փուլով՝ ներբուհական և միջբուհական (հանրապետական), բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց ՀԱՊՀ-ին՝ հյուրընկալության, ԶԼՄ-ներին և մյուս ներկաներին՝ մրցանակաբաշխությանը ներկա գտնվելու համար: Ապա նշեց. «Հարյուր հազար ուսանողից 39 լավագույնի ընտրությունն ամենևին չի նշանակում, որ լավագույն ուսանողների թիվը դրանով սահմանափակվում է, լավ ուսանողներ շատ կան: Պարզապես նրանք մի քիչ ավելի համառ, հետևողական, նաև խիզախ, համարձակ են եղել՝ մասնակցելով մրցույթին: Կարծում եմ, որ նրանց օրինակը ոգևորող կլինի երիտասարդության համար»:
Նախարարը հավաստագրեր հանձնեց լավագույն ուսանողներին, ապա հավելեց, որ միանվագ անվանական կրթաթոշակները նրանք կստանան գալիք ամիս՝ ԿԳ նախարարությունում: Կրթաթոշակները հասնում են մինչև 400.000 ՀՀ դրամի: «Կրթաթոշակները պետք է օգտագործել ոչ միայն կրթության նպատակով: Հուսամ, մի փոքր մասնաբաժին կհանեք ՝ ընկերների հետ նշելու ձեր հաջողությունը: Փորձեք համադրել, կարծում եմ՝ կհերիքի»,- կատակեց Աշոտյանը՝ ընդգծելով, որ նմանատիպ մրցույթները գիտելիքի քարոզչության նպատակ ունեն:
Եվս 3 ուսանող պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու կողմից, սակայն նրանց մրցանակները կհանձնվեն Էջմիածնում՝ Վեհափառի ներկայությամբ: Ի դեպ, Եկեղեցին հանձնառել է նրանց ուսման վարձերի ամբողջական մարումը:
Լավագույնների մեջ էին նաև մեր բուհի ուսանողները.
Ճարտարագիտության ոլորտում հաղթող ճանաչվեցին՝ բակալավրի կրթական ծրագրով՝ Ալեքսանդր Արտաշեսի Դռնոյանը, Գյումրու մասնաճյուղի ուսանող Տիգրան Արտյոմի Միրվելյանը, մագիստրոսի կրթական ծրագրով՝ Արգիշտի Գուրգենի Եղիազարյանը, Հայկ Զավենի Ծատրյանը, բնագիտական ոլորտում բակալավրի կրթական ծրագրով՝ Ջանիկ Սեյրանի Սևոյանը:
Նախարարը շնորհակալություն հայտնեց մրցանակակիր ուսանողների դասախոսներին՝ «նրանց բնական հմտությունների բացահայտման համար» և հավելեց. « Տա Աստված, որ այս մրցանակները ձեր կյանքում լինեն ամենահամեստը և ոչ վերջինը»: