Հունվարի 22-ին ՀԱՊՀ-ի 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճը լեցուն էր։ Հյուրերը պատկառելի էին, նախկին շինջոկատայիններ, Պոլիտեխնիկական համալսարանը նշում էր ուսանողական շինարարական ջոկատների կազմավորման 50 ամյակը։
Հանդիսությանը ներկա էին` Պոլիտեխնիկի ղեկավարությունը՝ ռեկտոր Ո. Զ. Մարուխյանի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալներ Արա Սիմոնյանը, Լևոն Շահվերդյանը, Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության ղեկավար Սամվել Սանամյանը, «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ Էդվարդ Թադևոսյանը, նախկին պոլիտեխնիկցիներ, շինջոկատի առաջամարտիկներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Ներկաներին ողջունեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, շինջոկատի առաջամարտիկ Ոստանիկ Մարուխյանը։ «Ուսանողական շինարարական ջոկատները շատ-շատերիս համար առաջին մկրտության կենտրոնատեղեր էին, նախաձեռնումների, փորձարարության, խիզախումների և միմյանց աջակից ու սատար լինելու կառույց,- նշեց պարոն Մարուխյանը։ - Մեր ուսանողության ներկայացուցիչներն իրենց անձնվեր ու շնորհակալ աշխատանքով արժանի համբավ ու հարգանք էին վայելում մայր հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող բանավաններում, քաղաքներում, գյուղական վայրերում ու խոշորագույն արդյունաբերական կենտրոններում` բարձր պահելով շինարար ու կառուցապատող հայ ժողովրդի վարկանիշը»։ Ծանրակշիռ է շինջոկատների ներդրումը հանրապետության տարբեր կարևորագույն օբյեկտների շինմոնտաժային աշխատանքների իրականացման գործում՝ «Զվարթնոց» օդանավակայան, Երևանի մետրոպոլիտեն, Մարզահամերգային համալիր, Հրազդանի ՋԷԿ, Արփա-Սևան թունել և այլն։ Ռեկտորն ընդգծեց նաև մյուս բուհերի ներդրումը, նշելով որ հանրապետական ուսանողական շինարարական ջոկատների ամենակարող ուժն ու հիմնական կորիզը կազմում էին պոլիտեխնիկցիները։ Եվ ոչ պատահաբար, անցած դարի 80 - ականներին հանրապետության բուհերի ուսանողության 40 տոկոսից ավելին սովորում էին Պոլիտեխնիկում։
«Միանգամայն օրինաչափ էր, որ ուսանողական աշխատանքային կիսամյակի բովով անցած շատ անձինք հետագայում դարձան պետական, քաղաքական, հասարակական ականավոր գործիչներ, արտադրության, գիտական ու կրթական օջախների ղեկավարներ, հաջողակ գործարարներ, շատերն էլ իրենց մասնակցությունը բերեցին Արցախյան ազատամարտին` հայրենիքի զոհասեղանին դնելով ամենաթանկը՝ իրենց կյանքը»,- ընդգծեց ռեկտորը։
Ջերմորեն շնորհավորելով նախկին շինջոկատայիններին հոբելյանի առթիվ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տեղակալ, ՈւԽ նախագահ Գոռ Վարդանյանն ասաց. «Շինարարական ջոկատների հրամանատարներ և անդամներ էին ընտրվում արժանիները։ Նրանք, մեկնելով եղբայրական հանրապետություններ, կառուցում էին ֆերմաներ, դպրոցներ։ Չարձանագրելով որևէ լուրջ դժբախտ պատահար՝ յուրաքանչյուր անգամ հայրենիք էին վերադառնում փոխանցիկ դրոշներով՝ որպես շինջոկատի առաջամարտիկներ»։ Ելույթի վերջում Գ. Վարդանյանը մաղթեց, որ այսօրվա սերունդն իր հայրենիքում հնարավորություն ունենա կազմավորելու նոր ուսանողական շինարարական ջոկատներ։
Շինջոկատի ավանդույթի վերականգնման անհրաժեշտության մասին նշեցին նաև մյուս ելույթ ունեցողները։ Նախկին շինջոկատայիններն առաջարկեցին կազմավորել նույնիսկ վետերանների ջոկատ։ Իր ելույթում նախկին շինջոկատային, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ Սարգիս Ստեփանյանը, ընդգծելով շինջոկատների գործունեության մեջ Պոլիտեխնիկի հսկայական ներդրումը, առաջարկեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում կանգնեցնել հուշակոթող՝ ի պատիվ շինջոկատայինների։
Ելույթ ունեցան նաև նախկին շինջոկատայիններ Ստեփան Ստեփանյանը, Լաուրա Մկրտչյանը, Հրաչյա Մուսայելյանը, Աշոտ Ալիխանյանը, Արտավազդ Յախշիբեկյանը, Արամ Գրիգորյանը, Գագիկ Թադևոսյանը։
Նրանց ելույթներն ուղեկցվում էին շինջոկատային կյանքի մասին լուսանկարներով, որոնք քաղցր հիշողություններ էին արթնացնում ներկաների հոգիներում։ Իսկ պատմելու և հիշելու շատ բան ունեին։
Շնորհավորական ուղերձներ և տեսաուղերձներ էին ուղարկել նախկին շինջոկատայիններ, աշխատանքային վետերաններ՝ ԱՄՆ-ից, նախկին խորհրդային հանրապետությունների մի շարք քաղաքներից։
Հիմք ընդունելով ռեկտորատի որոշումը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը առաջամարտիկներին պարգևատրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ոսկե մեդալով և վաստակագրով: Իսկ միջոցառման կազմկոմիտեի անդամները պարգևատրվեցին հուշանվերներով։
Ամփոփելով հանդիսավոր նիստը՝ միջոցառման կազմակերպիչներից Լևոն Մացակյանը ներկաներին հրավիրեց հյուրասիրության, որտեղ նախկին շինջոկատայինները վերհիշելու և միմյանց պատմելու շատ բան ունեին։
Վերջում հյուրերը տպավորությունների մատյանում գրառումներ կատարեցին։