ՀԱՊՀ-ի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» (ՄՍ և Հ) միջֆակուլտետային ամբիոնի վարիչ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, տ.գ.դ., պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը դարձավ 60:
Վազգեն Մելիքյանը 1978թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետը: 1984թ. Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտում ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, մեկ տարի անց՝ դոցենտի գիտական կոչում, 2006թ.՝ տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և նույն տարում՝ պրոֆեսորի գիտական կոչում: 2010թ. ընտրվել է ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս: 2014թ. ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ:
Նա 6 մենագրությունների, 250-ից ավելի գիտական և 130-ից ավելի մեթոդական աշխատանքների հեղինակ է, միջազգային գիտաժողովներում ունի 150-ից ավելի զեկուցումներ: Տարբեր միջազգային գիտաժողովներում բազմիցս արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակի: Վ.Շ.Մելիքյանի գիտական աշխատանքները տպագրվում են բարձր վարկանիշ ունեցող միջազգային ամսագրերում, զեկուցվում են միջազգային գիտաժողովների պլենար նիստերում: Նրա ղեկավարությամբ 43 ասպիրանտներ հաջողությամբ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություններ: Վազգեն Մելիքյանը ղեկավարել է 170-ից ավելի մագիստրոսական ատենախոսություններ և մոտ 300 դիպլոմային ու ավարտական աշխատանքներ: Հաջողությամբ ղեկավարել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտական և կրթական նախագծեր: Ստացել է բազմաթիվ պետական և գերատեսչական մեդալներ, ՀԱՊՀ գովեստագիր, ոսկե մեդալ, Երևանի պետական համալսարանի պատվոգիր: Մի շարք բուհերի, այդ թվում նաև Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր է, բազմաթիվ միջազգային հեղինակավոր գիտական պարբերականների խմբագրական կոլեգիաների անդամ, միջազգային գիտաժողովների ծրագրային հանձնաժողովների անդամ կամ բաժանմունքի ղեկավար, ատենախոսությունների պաշտպանությունների մասնագիտական խորհուրդների անդամ, Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային օլիմպիադայի ծրագրային կոմիտեի նախագահ: Եղել է ՏՏ ոլորտում համաշխարհային հեղինակություն վայելող ՀՀ նախագահի մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ: Գիտության և տեխնոլոգիայի ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի հանձնաժողովի անդամ է, ՏՏ բնագավառում լավագույն ուսանողներին և աշակերտներին շնորհվող ՀՀ Նախագահի կրթական պարգևների մրցանակաբաշխության հանձնաժողովի պատասխանատու քարտուղար:
ՄՍ և Հ միջֆակուլտետային ամբիոնի ստեղծման պահից (2001 թ.) առ այսօր ամբիոնի վարիչ է, ՀԱՊՀ-ի և Էլեկտրոնային ավտոմատացված նախագծման բնագավառի համաշխարհային առաջատար «Սինոփսիս» ընկերության հետ համատեղ իրականացվող ու համընդհանուր բարձր գնահատականի արժանացած Բուհ - արտադրություն կրթական մոդելի հիմնական իրագործողը: Նրա կողմից ստեղծված ուսումնական նյութերը լայնորեն կիրառվում են բազմաթիվ երկրների առաջատար բուհերի ուսումնական գործընթացում: Վ.Շ. Մելիքյանը հաճախ հրավիրվում է արտերկրի բազմաթիվ հայտնի համալսարաններ՝ դասախոսություններ անցկացնելու:
2016թ. հունվարի 29-ին «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում տեղի ունեցավ Վ. Մելիքյանի 60-ամյա հոբելյանին և նրա մեծարմանը նվիրված միջոցառում: Ներկա էին հայաստանյան առաջատար բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ՏՏ ոլորտի առաջատար ընկերություների տնօրեններ,ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ մենեջերներ: Նրանցից յուրաքանչյուրը փորձում էր յուրովի բնորոշել Վ.Շ. Մելիքյանին որպես գիտնական, կրթության բնագավառի մասնագետ և մարդ: Հնչեցին գովեստի բազմաթիվ խոսքեր: Միջոցառման ընթացքում Վ. Մելիքյանը «Գիտության բնագավառում ունեցած ձեռքբերումների և համալսարանական կրթության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար» պարգևատրվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի պետական համալսարանի, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի և «Վիվասել» ընկերության ոսկե մեդալներով, ինչպես նաև բազմաթիվ արժեքավոր նվերներով:
ՀԱՊՀ ռեկտորատը, պրոֆեսորադասախոսական կազմը, Ուսանողական խորհուրդը և «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի խմբագրակազմը հոբելյանի առթիվ շնորհավորում են Վազգեն Մելիքյանին և մաղթում ամենայն բարիք ու նորանոր նվաճումներ: