Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 5-րդ մասնաշենքի նախասրահում մայիսի 5-ին տեղի ունեցավ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ բարձրագույն կրթության և գիտության առաջին նախարար (1990-1991թթ.) Վիլիկ Հարությունյանի կիսանդրու բացումը։ Քանդակի հեղինակն է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը և այլ պաշտոնական անձինք, ինչպես նաև Պոլիտեխնիկի ղեկավարությունը, պրոֆեսորներ, դասախոսներ, ուսանողներ և Վիլիկ Հարությունյանի ընտանիքի անդամները։
Հանդիսությունը բացեց ՀԱՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը։ Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Յուրի Սարգսյանը ընդգծեց Վիլիկ Հարությունյանի առանցքային դերը մեր բուհի պատմական ժամանակաշրջանի կարևորագույն բարեփոխումներում, որոնք ուղենիշ դարձան հետագա զարգացումների համար։ Նա նշեց, որ նախարարի պաշտոնում աշխատելու կարճ ժամանակահատվածում Վիլիկ Հարությունյանը կատարել է շրջադարձային բարեփոխումներ կրթության և գիտության բնագավառում, հիմնել է Հայաստանի ամերիկյան համալսարանը, համալսարանական քոլեջները և այլն։ «Վիլիկ Հարությունյանի կիսանդրու բացումը պոլիտեխնիկցիների հարգանքի քարեղեն ապացույցն է։ Վ.Հարությունյանը հավերժ կմնա մեզ հետ»,- ասաց Յուրի Սարգսյանը։
Ելույթ ունեցավ ՀԱՊՀ գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը։ Նա նշեց, որ իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն է ելույթ ունենալ Վիլիկ Հարությունյանի կիսանդրու բացմանը և քանի որ անձամբ ճանաչել է նրան և, միևնույն ժամանակաշրջանում լինելով ԽՍՀՄ Լուսավորության նախարար, իրականացրել բազմաթիվ համատեղ աշխատանքներ ու նախագծեր։ «Վիլիկ Հարությունյանը կամային ու գործունյա մարդ էր, իսկական մարդ-ժայռ՝ բանիմաց ու իմաստուն: Այսօր հավաքվել ենք, որպեսզի մեր հարգանքի տուրքը մատուցենք Վիլիկ Հարությունյանին՝ անվանի գիտնականին, գիտության կազմակերպչին, պետական գործչին: Շնորհակալություն եմ հայտնում կիսանդրու ստեղծման աշխատանքները նախաձեռնողներին, հեղինակին՝ քանդակագործ Լևոն Թոքմաջյանին, այս առիթով շնորհավորում եմ պարոն Հարությունյանի հարազատներին, բարեկամներին, գործընկերներին ու մեզ բոլորիս»,- նշեց Ա. Գրիգորյանը:
Վիլիկ Հարությունյանի դուստրը՝ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Հովհաննես Թոքմաջյանին նախաձեռնության համար:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը միասին բացեցին անվանի գիտնականի կիսանդրին:
Նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար՝ նշելով, որ Վիլիկ Հարությունյանը, ճեղքելով նեղ բուհական շրջանավարտի կերպարը, մեծ դեր է ունեցել Հայաստանի ողջ կրթական համակարգի զարգացման գործում:
Նշենք, որ Վ.Հարությունյանի գիտական հետազոտությունները վերաբերում են դաշտի քվանտային և օպտիկական քվանտային գեներատորների տեսություններին, ոչ գծային օպտիկային: Նա կանխատեսել և փորձնականորեն հայտնաբերել է մի շարք կոհերենտ երևույթներ լազերներում, առաջարկել նոր տիպի բարակ թաղանթային քվազիալիքատար լազեր և ստեղծել դրա տեսությունը: Ազատ էլեկտրոնների և լազերային ճառագայթման փոխազդեցության բնագավառի` Վ.Հարությունյանի կողմից դեռևս 1963թ. սկսված հետազոտությունները հետագայում հիմք դարձան ժամանակակից հզոր լազերների ստեղծման համար: Նրան են պատկանում ոչ գծային փոխազդեցություններում լազերային ճառագայթման բևեռացման երևույթների ուսումնասիրման առաջնությունը և բացառապես բևեռացմամբ պայմանավորված մի շարք երևույթների տեսական կանխատեսումն ու փորձնական իրականացումը:
Վ.Հարությունյանը հեղինակ է ավելի քան 250 աշխատությունների: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1976) և «Պատվո նշան» (1986) շքանշաններով: