Ծնվել է 1973 թվականի նոյեմբերի 28-ին Երևանում:
1991 թ. ավարտել է Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոցը և ընդունվել Կ.Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: 1997-1999թթ. սովորել է ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ)-ի մագիստրատուրայում: Այնուհետև ուսումը շարունակել Պոլիտեխնիկի ասպիրանտուրայում:
2007թ. 031 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1996թ. աշխատում է մեր բուհի Ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնում՝ որպես ավագ լաբորանտ, 1999 թ.-ից նաև ասիստենտ: 2010 թ. Գ. Բալումյանը ստացել է դոցենտի գիտական կոչում:
Տասնյակից ավելի գիտական հոդվածների ու մեթոդականների և մեկ միջբուհական դասագրքի հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀԱՊՀ-ի արհեստակցական կազմակերպության հերթական կոնֆերանսը։ Ներկա էին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ, ՈՒԽ նախագահ Գոռ Վարդանյանը, Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը, սկզբնական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Զեկուցումով հանդես եկավ արհեստակցական կազմակերպության կոմիտեի նախագահ Համլետ Մկրտչյանը: «Արհեստակցական կազմակերպությունների ուսերին է դրված աշխատողների իրավունքների պաշտպանությունը»,- շեշտեց զեկուցողը։ Ընդհանուր դրույթներով ներկայացնելով կազմակերպության կատարած աշխատանքները՝ 2011-2015թթ., պարոն Մկրտչյանն իր զեկուցման մեջ նշեց, որ արհեստակցական կազմակերպության գործունեության արդյունավետությունը, հետևաբար՝ աշխատողների շահերի պաշտպանությունը, հիմնականում պայմանավորված է անհատական և հատկապես կոլեկտիվ պայմանագրի բովանդակությամբ՝ նրանում ընդգրկված դրույթների նպատակայնությամբ, սոցիալական ծրագրերի հստակ ձևակերպմամբ, ապա հավելեց. «Համալսարանում ռեկտոր-արհկոմիտե համագործակցությունն առկա է նաև կոլեկտիվ պայմանագրի մակարդակով։ Արհեստակցական կազմակերպությունը մշտապես համագործակցել է բուհի ղեկավարության հետ։ Հանձին նախագահի, հանդիսանում է Ռեկտորատի, Գիտական խորհրդի անդամ՝ մասնակցում համալսարանի գործունեությանը վերաբերող հիմնարար հարցերի քննարկմանը, հարկ եղած դեպքում՝ նաև դրանց իրականացմանը»։
Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Սեդրակ Ներսիսյանի ֆինանսական հաշվետվությունից հետո կատարվեց մտքերի փոխանակություն, հնչեցին առաջարկություններ։ Էդիկ Մանուկյանն առաջարկեց փոփոխություններ կատարել հին կանոնադրության մեջ` չմոռանալով արհեստակցական կազմակերպության հիմնական գործառույթի մասին. «Նրա հիմնական ֆունկցիան աշխատավորների շահերի պաշտպանությունն է, ոչ թե բարեգործությունը»։ Քվեարկությամբ ընդունվեց որոշում առ այն, որ նորընտիր կոմիտեն զբաղվի կանոնադրական փոփոխություններ կատարելու աշխատանքով։
Ապա ելույթ ունեցավ ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը։ Նա նշեց, որ Պոլիտեխնիկը ճյուղային միության հիմնադիրներից է։ «Քիչ կազմակերպություններ ունենք, որոնց բուհերի ղեկավարները թույլատրեն կոնֆերանս հրավիրել. սոցիալական խնդիրների վերհանումը ինչ-որ տեղ շահերի բախում է առաջացնում»,- ասաց նա։
Խոսքը տրվեց ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին։ «Արհմիության հետ աշխատանքը փորձել եմ ներկայացնել սոցիալական գործընկերության տեսանկյունից»,- ասաց ռեկտորը՝ ներկաներին հիշեցնելով, որ իր նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից էր արհեստակցական կազմակերպության հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը։ Ապա նշեց, որ հիմնադրամների մասին Էդիկ Մանուկյանի առաջարկների հիման վրա նախապատրաստվում է փաստաթուղթ՝ ներկայացնելու ԱԺ, Հիմնադրամների մասին օրենքի մեջ փոփոխություններ կատարելու համար։ Ընդգծելով հիմնադրամի առավելությունները, ռեկտորը շեշտեց, որ ի տարբերություն ՊՈԱԿ-ի, այն զգալիորեն կաշկանդում է ղեկավարին։ «Կանոնադրական փոփոխությունների մասին առաջարկները քննարկելով մեր գործընկերների հետ` պարզվել է, որ նման խնդիրների բախվում են հիմնադրամի կարգավիճակ ունեցող մյուս բուհերը ևս։ Օրենսդրական նոր նախաձեռնության մեջ պետք է հաշվի առնել բուհի առանձնահատկությունը»։
Ռեկտորն անդրադառնալով բուհի ֆինանսական սուղ միջոցներին, առաջարկեց իր լուծումը. «Հիմնադրամը մեզ հնարավորություն է տալիս ստեղծել ընկերություն, և չհենվել միայն վարձավճարների վրա։ Եթե համառություն ցուցաբերենք, կունենանք ֆինանսական հոսքեր»։ Ապա պատմեց Պաշտպանության նախարարության, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համագործակցության պայմանագրերի, նոր ծրագրերի մասին։ Ի դեպ, ինչպես հավաստեց համալսարանի ռեկտորը, ՀԱՊՀ-ն առաջին բուհն է, որ իրականացնում է առողջության ապահովագրության փաթեթը, ներառելով նաև մարզերի մասնաճյուղերին, որոնցից արդեն եկել են առաջին արձագանքները։
Պարոն Մարուխյանը, ներկայացնելով արհեստակցական կազմակերպության հետ գործընկերային հարաբերությունները, ասաց. «Մենք ունենք մեկ ընդհանուր խնդիր՝ բարձրացնել բուհի վարկանիշը, ուստի կոչ եմ անում հանդիպակաց աշխատանքի»։
Ելույթներին հետևեցին ընտրությունները. աշխույժ քննարկումներով ընտրվեցին արհկոմիտեի կազմ և Վերստուգիչ հանձնաժողովի անդամներ։ Նորընտիր արհկոմիտեի անդամներն ընտրեցին իրենց նախագահին։ Նախագահ ընտրվեց Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի ներկայացուցիչ Գևորգ Բալումյանը։