Լրացավ հանրապետության կրթական և պետական ոլորտների ճանաչված գործիչ, էներգետիկայի բնագավառի անվանի մասնագետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Զավենի Մարուխյանի 70 ամյակը:
Ոստանիկ Մարուխյանի գիտակցական ողջ գործունեությունն անխզելիորեն կապված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (նախկինում՝ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ) հետ, որտեղ ուսանողական նստարանից անմիջապես հետո անցնելով դասախոսական և ղեկավարի աշխատանքի բարեխիղճ ու երկարատև ճանապարհ` հասել է ռեկտորի պաշտոնին:
Ո. Զ. Մարուխյանը Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումների ակտիվ նախաձեռնողներից է: Լինելով ՀՊՃՀ-ի ուսումնական աշխատանքների գծով երկարամյա պրոռեկտոր, այնուհետև` ռեկտոր, իր անմիջական ղեկավարությամբ ու մասնակցությամբ մշակել է ոլորտի նորմատիվ փաստաթղթերի փաթեթներ` ուղղված բարձրագույն մասնագիտական կրթության բազմաստիճան համակարգի ներդրման գործընթացի կազմակերպմանն ու կարգավորմանը:
Մարուխյան-մասնագետի անմիջական ջանքերով համալսարանում ներդրվել է մասնագիտական նոր ուղղություն` «Շրջակա միջավայրի պաշտպանություն էներգետիկայի ճյուղում», և այսօր կրթական երեք ծրագրերով (բակալավրատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) իրականացվում են գիտակրթական գործառույթներ և պետբյուջետային ֆինանսավորմամբ գիտահետազոտական թեմաներ ու պայմանագրային աշխատանքներ: ԱՄՆ-ի էներգետիկայի դեպարտամենտի հետ Ո.Զ. Մարուխյանի նախաձեռնած համագործակցային փոխհարաբերությունները տվել են ցանկալի արդյունք. համալսարանում ստեղծվել է Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, իսկ ներդրված արդիական սարքավորումներն ու գործիքամիջոցները էապես բարելավել են մի քանի մասնագիտությունների գծով ուսումնառության կազմակերպման գործընթացը, նպաստել գիտամեթոդական և հետազոտական մշակումների ընդլայնմանը: Այսօր կենտրոնը ստացել է նոր կարգավիճակ` դառնալով Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտի բազային ամբիոնի մասնաճյուղ, և պատահական չեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության STARNET ծրագրում համալսարանի ներգրավումը և այդ ոլորտում նոր գործառույթների իրականացումը:
Ընդգրկուն է Մարուխյանի գիտահետազոտական աշխատանքների ոլորտը, որը ներառում է ժամանակակից ՋԷԿ-երի և ԱԷԿ-ների շահագործման, աշխատանքային ռեժիմների օպտիմալացման, բնապահպանական տեսանկյունից դրանք հնարավորինս անվտանգ դարձնելու հիմնախնդիրների մի ամբողջ շարքացանկ: Այդ հետազոտություններն արտացոլված են Մարուխյանի 126 գիտական աշխատություններում, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից բուհական համակարգի համար երաշխավորված 6 դասագրքերում, 20-ից ավելի ուսումնական ձեռնարկներում (որոնց համար մեկ անգամ չէ, որ արժանացել է համալսարանի ամենամյա մրցույթների առաջին մրցանակին) և գիտամեթոդական ուղեցույցներում, ինչպես նաև հանրապետական ու արտասահմանյան տարաբնույթ համաժողովներում ունեցած զեկույցներում, պետբյուջետային և դրամաշնորհային աշխատանքների հաշվետվական նյութերում: Այդ աշխատանքների արդյունքները գործնական կիրառությունն են գտել և հաջողությամբ ներդրվել ՀՀ էներգահամակարգի ջերմային և ատոմային էլեկտրակայանների շահագործման գործընթացներում` նպաստելով էներգետիկական տեղակայանքների հիմնական և օժանդակ սարքավորումների արդյունավետության բարձրացմանը:
Հմուտ մանկավարժի գիտական մտահղացումներն իրենց շարունակությունն են գտնում և ամրագրվում նրա կողմից ղեկավարվող մեծ թվով թեկնածուական և մագիստրոսական ատենախոսություններում: Գիտական աստիճան ձեռք բերած նրա սաներն ու ասպիրանտները հանրապետությունում ճանաչված մասնագետներ են և զբաղեցնում են ղեկավար պաշտոններ ինչպես բուհական համակարգում, այնպես էլ էներգետիկայի բնագավառի ձեռնարկություններում:
Այսօր էլ Մարուխյանն իր գիտական ներուժը հաջողությամբ գործադրում է ՀԱՊՀ-ում գործող 038 մասնագիտական խորհրդում` որպես անդամ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում` որպես փորձագետ, ՀՀ ինժեներական ակադեմիայի նախագահության կազմում` որպես անդամ:
Լինելով քաջահմուտ գիտական խմբագրման և հրատարակչական գործընթացներում` Ո. Մարուխյանն իր ներդրումն ունի նաև գիտական մի շարք հանդեսների խմբագրական աշխատանքում՝ որպես ՀՀ ԳԱԱ և ՀԱՊՀ համատեղ Տեղեկագրի «Տեխնիկական սերիա» ամսագրի, «Էկոնոմիկա» հանդեսի, ՀԱՊՀ-ի «Լրաբեր» և «Բանբեր» գիտամեթոդական հոդվածների ժողովածուների խմբագրական կոլեգիաների անդամ:
Ո. Մարուխյանը պետական և հասարակական-քաղաքական ճանաչված գործիչ է: Կառավարման ու օրենսդրական բնույթի հարցերի լուծմանը մասնակցություն ունենալու նրա կարողությունները և համակարգված մոտեցումները լավագույնս դրսևորվեցին 1999-ին պետական ծառայության մեջ` ՀՀ կրթության և գիտության առաջին փոխնախարարի պաշտոնում և 2003-2006 թթ. հասարակական-քաղաքական ոլորտում, երբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր էր: Որպես ԱԺ պետաիրավական հարցերի մշտական և եվրոպական կառույցներին ինտեգրվելու հարցերով ժամանակավոր հանձնաժողովների անդամ` Ո. Մարուխյանը հանդես է եկել օրենսդրական 20-ից ավելի նախաձեռնություններով, ակտիվորեն մասնակցել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների նախագծի մշակմանը:
Ո. Մարուխյանի` գիտակրթական, ուսումնակազմակերպչական, պետական - հասարակական ոլորտներում ունեցած պատկառելի վաստակը նշանավորված է «Անանիա Շիրակացի», ԼՂՀ-ի «Երախտագիտություն», ՀՀ Պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալներով, ՀՀ Կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալով, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ոսկե և արծաթե մեդալներով, մի շարք պատվոգրերով և շնորհակալագրերով:
Կրթական-հասարակական ոլորտի բազմահմուտ գործիչը, իր բնագավառի ճանաչված գիտնականը և խորապես հայեցի նկարագիր ունեցող օժտված մտավորականն այսօր էլ գիտամանկավարժական և կազմակերպչական ունակությունների բարձունքում է, անխոնջ եռանդով իր ավանդն է ներդնում Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման գործին` ի շահ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բարգավաճման:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորատը, պրոֆեսորադասախոսական կազմը, «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի խմբագրակազմը, Ուսանողական խորհուրդը և ուսանողությունը 70-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորում են Ոստանիկ Զավենի Մարուխյանին, մաղթում երկարակեցություն, գիտական նորանոր ձեռքբերումներ ու ամենայն բարիք: