Փետրվարի 24-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ երիտասարդական հիմնադրամի 15-ամյա պատմություն ունեցող «Հայկյան» մրցանակաբաշխությունը, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մրցանակաբաշխությանը մասնակցում էին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, հասարակական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀԱՊՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Ո. Մարուխյանը, ռեկտորի տեղակալ, ՈւԽ նախագահ Գ. Վարդանյանը, ռեկտորի օգնական, ՈւԽ ՈւԳԸ նախագահ Կ. Կոգարովը, ՈւԽ փոխնախագահ Գ. Հարությունյանը և ՈւԽ ակտիվը: Մրցանակաբաշխությունը նպատակ ունի խրախուսել երիտասարդական կազմակերպությունների, որոշակի հաջողությունների հասած երիտասարդ քաղաքացիների, այդ թվում՝ ուսանողների ձեռքբերումները, ովքեր տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ և տարբեր ոլորտներում իրականացրած ծրագրերի բովանդակությամբ:
2015թ. մրցանակներ են շնորհվել մի շարք անվանակարգերում՝ լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն, ինքնատիպ երիտասարդական նախագիծ, Ուսանողական խորհրդի լավագույն նախագահ, լավագույն միջբուհական ծրագիր, լավագույն երիտասարդական հաղորդում, լրատվական նախագիծ, լավագույն միջազգային կառույց, լավագույն երիտասարդական գիտական նվաճում, լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին:
«Հայկյան» մրցանակաբաշխության «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ» անվանակարգի մրցանակը շնորհվեց ՀԱՊՀ-ի ՈւԽ նախագահ Գոռ Վարդանյանին: Մրցանակը հանձնեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը: