Դեկտեմբերի 22-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մանկապարտեզում տոնական մթնոլորտ էր տիրում։ Կազմակերպվել էր ամանորյա տոնական հանդես։ Դահլիճը ձևավորված էր գունագեղ կախազարդերով, ծաղկաշղթաներով և շքեղ տոնածառով, որոնք բարձր տրամադրություն էին հաղորդում բոլորին։
Հնչեցին երաժշտության կախարդական հնչյունները, և բեմ մտան մանկապարտեզի կրտսեր խմբի՝ նապաստակի զգեստներ հագած սաները։ Նրանք ուրախ երգեր կատարեցին, արտասանեցին ու շուրջպար բռնեցին։ Ապա ելույթ ունեցան միջին խմբի սաները։ Կենդանիների գեղեցիկ հանդերձավորումով նրանք ներկայացրին անտառի գազանների կյանքը և բոլոր ներկաներին ուրախացրին իրենց երգ ու պարով։ Իսկ ահա ավագ խմբի երեխաները ներկայացան բեմականացմամբ։ Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները պատրաստվում էին Ձմեռ պապի և Ձյունանուշի գալուն։ Փայտահատները եկել էին անտառ, որպեսզի կտրեն եղևնիները, բայց բարեկամանալով նրանց հետ, փերիների ընկերակցությամբ, միասին երգեցին ու պարեցին։ Այնուհետև ամանորյա ուրախ երաժշտության ներքո բեմ դուրս եկան բոլոր մասնակիցները և կանչեցին Ձմեռ պապին ու Ձյունանուշին։ Բեմ մտան Ձմեռ պապն ու Ձյունանուշը։ Նրանք շնորհավորեցին բոլոր երեխաների Նոր տարին և իրենց երգերով, խաղերով ու հանելուկներով զվարճացրին մանուկներին և տվեցին նրանց շատ սպասված նվերները։
Մանկապարտեզի ղեկավար Նարինե Բախչինյանը, դաստիարակներն ու դայակները, երաժշտության ուսուցչուհին և մյուս աշխատակիցները ջանք չէին խնայել, որպեսզի դահլիճում ստեղծվեր ամանորյա ուրախ մթնոլորտ։