ՀԱՊՀ-ի քոլեջի (Մանանդյան 36) դահլիճում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ երկար սպասված, քոլեջի 4-րդ կուրսեցիներին և այդ կուրսերի՝ ՀՀ զինված ուժերում ծառայության մեկնող տղաներին նվիրված «ԵՍ ՄԻ ԶԱՐԿՆ ԵՄ ՔՈ ԲԱԶԿԻ» ռազմահայրենասիրական միջոցառումը։ Այն կազմակերպել էր ՀԱՊՀ-ի հայոց լեզվի և գրականության դասախոս Հասմիկ Մանուկյանը: Միջոցառման նպատակն էր երգերով, պարերով ու օրհնությամբ ոգեվորելու մեր ուսանողներին, ովքեր շաբաթներ անց ճանապարհվելու են Հայոց բանակ:
Միջոցառումը բացվեց հայ ազգի կենաց ծառի խորհրդի մեկնաբանությամբ և բանակային կյանքի մեկ դրվագով: Հնչեցին «Մարտիկի երգը», «Հայ զինվոր», «Պատերազմ ենք գնում», «Շարքային», «Ազգ իմ փառապանծ», ինչպես նաև Լիլիթ Համբարձումյանի՝ «Ձեզնով սկսվեց», «Զորավար» երգերը: Պարեցին քոլեջի ուսանողները: Ապագա զինվորներին ոգևորեցին փառապանծ հայ ազգի, հայոց պատմության հերոսական դրվագները: Ասվածն ամբողջացվեց, երբ օրհնանքի խոսք ասաց Արցախյան ազատամարտի հերոս Դուշման Վարդանի մայրը՝ տիկին Զարիկը: Հետևեց նորակոչիկների օրհնության կարգը, որը կատարեց Արարատյան հայրապետական թեմի Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մկրտիչ ավագ քահանա Թովմասյանը: Խոսք ու օրհնանք հղեց նաև Հայ ազգային գաղտնի բանակի հերոս Վազգեն Սիսլյանը: Հյուրերի թվում էին նաև Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանը, երգչուհի, երգահան, միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Համբարձումյանը, ՀԱՊՀ-ի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լիլիթ Սեյրանյանը, ուսանողների ծնողները: Միջոցառման վերջում երկու ավարտական կուրսեր դիտեցին հատուկ իրենց համար նկարված երկու ֆիլմաշար, որոնք ներկայացնում էին իրենց ուսանողական չորս տարիները:
Վազգեն Սիսլյանը իր խոսքում նշեց, որ երբեք չպետք է մոռանալ, որ դարավոր թշնամի ունենք և պետք է պատրաստ լինել ամեն ինչի, միշտ պետք է պատերազմի պատրաստ լինել: Նա այս առումով շատ բարձր գնահատեց միջոցառումը, քանի որ զինվորներին հենց այդպես՝ երգերով, բարձր տրամադրությամբ, պարերով ու օրհնանքով է պետք ճանապարհել բանակ: Միջոցառման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վ.Սիսլյանը դասախոսություն կանցկացնի քոլեջի ուսանողների համար:
ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈԻԿՅԱՆ