«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ապրիլի 8-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Նշված համագործակցության փաստաթղթերը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:
Ստորագրված փաստաթղթերը կարգավորում են կողմերի միջև համագործակցության հիմնական ուղղությունները, ՀՀ պաշտպանության նախարարության և համալսարանների ներկայացուցիչների միջև հանդիպումների, Կլոր սեղանների, քննարկումների, համատեղ փորձաքննությունների կազմակերպման, համալսարանի ներկայացուցիչների և ուսանողների համար Պաշտպանության նախարարության համապատասխան մասնագետների կողմից դասախոսությունների անցկացման հետ կապված հարաբերությունները:
Իր խոսքում Սեյրան Օհանյանը նշել է, որ Պաշտպանության նախարարությունը կարևորություն է տալիս Զինված ուժերի և երիտասարդության միջև շփումների ընդլայնման իրականացման գործընթացին, բանակ-հասարակություն սերտ կապի ամրապնդմանը, բարձրագույն կրթության որակավորմամբ մասնագետների՝ ՀՀ զինված ուժերում հետագայում ներգրավմանը, զինվորական ծառայության բնագավառում ձեռք բերված փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու դերին ու նշանակությանը, ինչպես նաև ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառությանը և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների դրսևորմանը:
Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնակատարը իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարին համագործակցության նման հնարավորության ընձեռնման համար:
Պայմանագրի համաձայն՝ նախարարությունը կկազմակերպի համալսարանի ուսանողների ուսուցման և ուսումնաարտադրական պրակտիկայի անցկացման գործընթացը նախարարությունում՝ համալսարանի ուսանողների մասնագիտացմանը համապատասխան ստորաբաժանումներում, ինչպես նաև «Թռչող ապարատների և շարժիչների տեխնիկական շահագործում» մասնագիտությամբ ուսանողների որոշ դասընթացների անցկացումը և կրեդիտների հավաքումը ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում։ Կկազմակերպվեն նաև ուսումնական թռիչքներ։ Որպես դիտորդ-օդաչու՝ յուրաքանչյուր ուսանող 2 ժամ ուսումնական թռիչքի հնարավորություն կունենա։