Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «ՆանոՀայ» թիմը, ի դեմս ղեկավար՝ «Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր» ամբիոնի դոցենտ, տ.գ.դ. Գագիկ Շմավոնյանի և թիմի համակարգող՝ Oտար լեզուների ամբիոնի դասախոս Գայանե Շմավոնյանի, մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության մաքուր տեխնոլոգիաների UNIDO Global CleanTech նորարարության (բիզնես գաղափարների) մրցույթին։ 2015 թ. հոկտեմբերի 13-ին թիմը դարձել է ազգային հաղթող և ստացել ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովիտ մեկնելու ու CleanTech Open միջազգային ֆորումին մասնակցելու ուղեգիր: Նոյեմբերի 16-20-ը արտերկրի (ԱՄՆ, Հնդկաստան, Մալայզիա, Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն և այլն) ազգային հաղթող թիմերի հետ «ՆանոՀայ» թիմը մասնակցեց Սան Ֆրանցիսկո քաղաքում կայացած CleanTech Open միջազգային ֆորումին ու ցուցահանդեսին և ներկայացրեց վերջերս մշակված, ներկայումս մեխանիկական ամենաամուր և միևնույն ժամանակ՝ ճկուն, ամենամեծ էլեկտրաջերմահաղորդականությամբ նյութի՝ գրաֆինի ստացման ոչ ավանդական նանոտեխնոլոգիան, ինչպես նաև այդ նանոտեխնոլոգիայով պատրաստված նանոսարքը: Նման հաջողությունը հնարավոր դարձավ, քանի որ 2010 թ. Ա. Գեյմի և Կ. Նովոսյոլովի՝ գրաֆինի հայտնաբերման համար Նոբելյան մրցանակ ստանալուց անմիջապես հետո Գագիկ Շմավոնյանին բախտ վիճակվեց աշխատել նրանց լաբորատորիայում։ Այստեղ էլ նա յուրացրեց գրաֆինի ստացման առաջին տեխնոլոգիայի գաղտնիքները: Այնուհետև, կատարելագործելով գրաֆինի ստացման առաջին տեխնոլոգիան (զարգացման տարբեր փուլերում զեկուցելով Իսպանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանարյան կղզիներում, Հունաստանում, Սլովենիայում, Վրաստանում և Երևանում կայացած գրաֆինին նվիրված միջազգային գիտաժողովներում)՝ թիմը, համագործակցելով իսպանացի գիտնականների հետ, մշակեց սկզբունքորեն նոր, նմանը չունեցող գրաֆինի ստացման նոր նանոտեխնոլոգիա: Վերջինս գերազանցում է ներկայիս գրաֆինի ստացման նմանատիպ տեխնոլոգիաներին՝ ամենաէժանն է, ամենակարճատևը և ամենադյուրինը (կարիք չկա կիրառել նանոտեխնոլոգիական բարդ սարքավորումներ, անգամ ավելի դյուրին է Նոբելյան մրցանակակիրների ստացած տեխնոլոգիայից), ավելին՝ էկոլոգիապես մաքուր է, չեն կիրառվում քիմիական նյութեր: Այդ մասին է վկայում ԱՄՆ-ի ԱՐՓԱ հիմնարկի նորարարության մրցույթում արժանացած մրցանակը (2014թ.) և իսպանական արտոնագիրը (2015թ.): Մշակված նանոտեխնոլոգիայով ստացված գրաֆինի փոշին և նանոկառուցվածքների նախատիպերը ցուցադրվել են ․ՄԱԿ-ի բնապահպանական նվաճումների, DigiTech-2015 և CleanTech Open-2015 ցուցահանդեսներում:
Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Սան Ֆրանցիսկոյի նշանավոր «Հերբսթ» թատրոնի «Կանաչ» դահլիճում, որտեղ Գայանե և Գագիկ Շմավոնյանները հանդիսավորությամբ պարգևատրվեցին CleanTech «Օսկար» մրցանակով: Նույն թատրոնում կայացավ նաև ցուցահանդես, որտեղ մասնակից ազգային հաղթող թիմերի հետ նրանք ներկայացրեցին իրենց նորարարական նանոտեխնոլոգիան։ Այն արժանացավ բարձր գնահատականի ինչպես հանձնաժողովի, այնպես էլ ներդրողների և տվյալ տեխնոլոգիայով հետաքրքրվողների կողմից: Մրցանակաբաշխությունը լայնորեն լուսաբանվեց ամերիկյան ու միջազգային հեռուստաընկերությունների և լրատվամիջոցների կողմից: Մրցանակաբաշխությունից հետո թիմը հանդիպեց տարբեր երկրներից ժամանած երկու տասնյակից ավելի հայտնի միջազգային ներդրողների և ձեռներեցների հետ: Վերջիններս մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին «ՆանոՀայ» թիմի մշակած նանոտեխնոլոգիայի նկատմամբ։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն հետագա համագործակցության համար:
Այցի ավարտին տեղի ունեցած հանդիսավոր ճաշկերույթին ազգային հաղթող թիմերի մեծարումից հետո նշվեց CleanTech Open ֆորումի 10-րդ տարեդարձը, որին ներկա էին ԱՄՆ-ի CleanTech բիզնես ֆորումի մասնակիցները, ներդրողները և նորարարական տեխնոլոգիաներով հետաքրքրված ձեռնարկատերերը: Մեկշաբաթյա այցի ընթացքում «ՆանոՀայ» թիմը մյուս ազգային թիմերի հետ այցելեց Սիլիկոնյան հովտում գտնվող ԱՄՆ-ի լավագույն՝ Սթենֆորդի համալսարան, նշանավոր PARC XEROX ընկերություն, էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող աշխարհահռչակ TESLA MOTORS և էլեկտրական մոտոցիկլետներ արտադրող ALTA MOTORS ընկերություններ, ինչպես նաև նորարարությանը և բիզնեսի աջակցման Global Silicon Valley labs համաշխարհային կենտրոն:
Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀԱՊՀ-ի ռեկտորատի նիստ: Այն բացեց ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:
Նա շնորհավորեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «ՆանոՀայ» թիմին՝ ի դեմս ղեկավար, «Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր» ամբիոնի դոցենտ, տ.գ.դ. Գագիկ Շմավոնյանի և թիմի համակարգող՝ Օտար լեզուների ամբիոնի դասախոս Գայանե Շմավոնյանի, Սիլիկոնյան հովտի CleanTech «Օսկար» մրցանակին արժանանալու առթիվ, շեշտելով, որ այսպիսի ձեռքբերումը, անշուշտ, տարիների համառ ու քրտնաջան աշխատանքի արդյունք է: