Դեկտեմբերի 26-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ ՀԱՊՀ-ի Ուսանողական խորհրդի կազմակերպած «Ամանորը Պոլիտեխնիկում» խորագրով տոնական մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ՀԱՊՀ-ի ռեկտորի տեղակալ, ՈւԽ նախագահ Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ, բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և այլ բուհերի ուսանողական կառույցների ղեկավարներ։ Միջոցառումը նվիրված էր 2015 թվականի ՀԱՊՀ-ի լավագույն ուսանողների, նաև Ավագ դպրոցի աշակերտների պարգևատրմանը, ինչպես նաև Ամանորը ուրախ մթնոլորտում դիմավորելուն։ Ինչպես արդեն կռահեցիք, այդ օրը տեղի ունեցավ ամենամյա «Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն-2015»-ը։ Մրցանակաբաշխության անվանակարգերն էին՝ «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրոս», «Լավագույն բակալավր» և Ավագ դպրոցի «Լավագույն աշակերտ»։ Համապատասխան մրցանակները հանձնեցին ՀԱՊՀ-ի ռեկտոր Ո. Մարուխյանը և ՀԱՊՀ-ի ռեկտորի տեղակալ, ՈւԽ նախագահ Գ. Վարդանյանը։
«Լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Էլեն Ալթունյանը, «Լավագույն բակալավր» ճանաչվեց՝ Ալեքսանդր Դռնոյանը, «Լավագույն մագիստրոս»՝ Էլեն Ասատրյանը, «Լավագույն ասպիրանտ»՝ Լևոն Կիրակոսյանը: Հաղթողները պարգևատրվեցին ՀԱՊՀ-ի Ուսխորհրդի Ոսկե հուշամեդալներով, իսկ անվանակարգերում երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։
Մրցանակաբաշխության ժամանակ տասն ուսանողների շնորհվեցին ՀԱՊՀ ՈւԽ-ի կողմից հիմնադրված Սպիտակ դիպլոմներ, որով պարգևատրվում են այն ուսանողները, ովքեր կրթության հետ համատեղել են ազնիվ և անաչառ հասարակական աշխատանքը: Ուսանողական խորհրդում իրենց ունեցած ավանդի համար 2015 թվականին Սպիտակ դիպլոմի արժանացան՝ Արեգ Խաչատրյանը, Գևորգ Հարությունյանը, Արթուր Թովմասյանը, Լևոն Ազիզյանը, Տիգրան Ալիխանյանը, Սոնա Խաչիկյանը, Ջանիկ Սևոյանը, Տիգրան Գալստյանը, Մերուժան Պետրոսյանը, Գեղամ Հարությունյանը։ Սպիտակ դիպլոմները ուսանողներին հանձնեց ՀԱՊՀ-ի ՈւԽ նախագահ Գոռ Վարդանյանը։ «Սպիտակ դիպլոմը հնարավորություն է տալիս գնահատել այն ուսանողներին, ովքեր 4 տարի շարունակ ազնիվ հասարակական գործունեություն են ծավալել: Այն ուսանողը, ով անաչառ հասարակական գործունեություն է իրականացնում համալսարանում, կպարգևատրվի Սպիտակ դիպլոմով: Ինչո՞ւ սպիտակ, քանի որ սպիտակը նկարագրում է աշխատանքի ազնվությունը, և ինչո՞ւ ոսկեգույն, քանի որ ոսկին ազնիվ մետաղ է և այն գնահատականն է հասարակական աշխատանքի: Սպիտակ դիպլոմը նաև կարևոր ինքնակենսագրական է ուսանողի համար: Այն մեծ հնարավորություններ է ընձեռում ուսանողներին հետագա աշխատանքային գործունեության ընթացքում», - ասաց Գ․ Վարդանյանը:
Միջոցառման երկրորդ մասում մասնակիցները տոնեցին գալիք Ամանորը։ Ուսանողները և դասախոսները ուրախ մթնոլորտում շնորհավորեցին միմյանց։
Շնորհավորական խոսք ասաց նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը. «Ես տեսնում եմ, թե ինչպես է Պոլիտեխնիկը հաստատ քայլերով գնում առաջ: Ցանկանում եմ տեսնել մեր համալսարանը միասնական և ուժեղ։ Միայն միասին աշխատելով կհասնենք այն բոլոր նպատակներին և խնդիրների լուծմանը, որոնք դրված են մեր առջև։ Անընդմեջ նշել եմ, որ ուսանողն է մեր բուհի հիմնական շահառուն և հիանալի է, որ մենք ունենք այսքան հզոր և խելացի ուսանողներ։ Թող գալիք տարին շենություն բերի մեր բոլորի օջախներին և մեր միասնական տանը՝ Պոլիտեխնիկին։ Շնորհավոր Ամանոր»։
Շնորհավորական ուղերձից հետո ՀԱՊՀ-ի ռեկտոր Ո. Մարուխյանը և ՀԱՊՀ-ի ռեկտորի տեղակալ, ՈւԽ նախագահ Գ. Վարդանյանը կտրեցին «Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն-2015»-ի տոնական տորթը։ Սա էլ հանդիսացավ օրվա բարձրակետը, որից հետո արդեն ուսանողուհիներ Սոնա ու Զարուհի Խաչիկյանների կողմից կատարվեց հեղինակային «Պոլիտեխը մենք ենք» երգը, որին ձայնակցելու եկան բոլոր ներկաները։
Դեկտեմբերի 26-ը զարդարեց 2015 թվականի ՀԱՊՀ-ի օրացույցը։ Այն իր տեսակի մեջ եղավ բացառիկ ոչ միայն մտահղացմամբ, այլև կազմակերպչական բարձրագույն մակարդակով։
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՌՆՈՅԱՆ