Այսօր աշխարհը կանգնած է ոչ միայն մարդկային հազարավոր կյանքեր խլող արմատական, այլև կիբեռահաբեկչության համընհանուր սպառնալիքի առջև: 21-րդ դարի համաշխարհային այդ մարտահրավերը ծառացած է բոլոր պետությունների, ինչպես նաև սովորական քաղաքացիների առջև: Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության գծով կադրեր պատրաստող Պոլիտեխնիկական համալսարանը նոյեմբերի 30-ին հյուրընկալել էր համաշխարհային ճանաչում ունեցող ռուսական «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության Հետազոտությունների և սպառնալիքների վերլուծության կենտրոնի ղեկավարի տեղակալ Սերգեյ Նովիկովին:
Ս.Նովիկովը սլայդների ցուցադրմամբ՝ ինտերակտիվ դասախոսություն կարդաց: Պոլիտեխնիկցիների՝ հընթացս հարցեր բարձրացնելու բանախոսի կիրառած մեթոդը հանդիպումը դարձրեց առավել անբռնազբոս և անմիջական:
Բանախոսը նկարաշարով ցուցադրեց 1988 թվականից ի վեր ծրագրային վիրուսների բարդացման դինամիկան, դրանց ներքին տրամաբանությունը, հասցեավորվածությունը, թիրախների ընտրության մեխանիկան: Նա հիմնավորեց, թե ինչու է վիրուսների հայտնաբերման, վերլուծման, վնասազերծման իրենց բաժանմունքը, որ բազմաթիվ մասնաճյուղեր ունի աշխարհի մի քանի տասնյակ երկրներում, համարվում էլիտար. «Քիչ թե շատ լուրջ պետություններն այս ոլորտի շարժերին հետևող և ակտիվ գործունեություն ծավալող հատուկ ստորաբաժանումներ ունեն: Ապագայում դրան առավել մեծ ուշադրություն է դարձվելու, քանի որ օրեցօր մեծանում է կիբեռլրտեսության ու կիբեռհանցագործության աշխարհագրությունը»:
Ս. Նովիկովը, ով ՏՏ ոլորտի աշխարհի լավագույն մասնագետներից է, կիբեռհանցագործություն իրականացնողների և թիրախների հստակ դասակարգում կատարեց: Իրականացնողներից ամենավտանգավորը նա համարեց պետությունները, որոնք քաղաքական, ռազմական և տնտեսական նկատառումներից ելնելով՝ տարատեսակ վիրուսներ են մշակում և դրանք կիրառում մրցակից պետությունների դեմ: Այդ համաճարակները գլոբալ են, որոնք աշխատում են նույնիսկ ատոմակայանների դեմ, ուստի, ըստ մասնագետի, նմանատիպ ընկերությունները սերտորեն համագործակցում են իրենց երկրների հատուկ ծառայությունների հետ: Օրինակ բերելով «Կասպերսկու լաբորատորիայի» գործունեությունը՝ նա նշեց, որ շատ հաճախ նոր վիրուսների մասին իրենց տեղեկացնում են հենց հատուկ ծառայությունները: «Եվ պարզ է դառնում, թե ինչու որոշ երկրներում մեզ չեն սիրում, քանի որ մեր գործունեությունը սերտորեն առնչվում է աշխարհաքաղաքականությանը»,- հավելեց բանախոսը:
Վտանգավորությամբ հաջորդ տեղում են այն խմբերը, որոնք զբաղված են տնտեսական, արդյունաբերական, բանկային լրտեսությամբ, ֆինանսական մեքենայություններով ու հափշտակումներով: Միայն 2006 թ. 100 000 000 դոլարի ֆինանսական կորուստներ են եղել վիրուսների պատճառով: Եվ իրենց՝ մասնագետների խնդիրն է կորսված տվյալները վերականգնել, առաջարկել հակաթույներ, ինչն իրենց ընկերությանը հաջողվում է, թեև երբեմն պահանջվում է մեկ տասնամյակից ավելի:
Կիբեռհարձակումների թիրախներն են՝ իշխանությունը, փողը և տեղեկատվությունը: Այս ուղղություններից յուրաքանչյուրն ունի իր նրբությունները, որոնցով զբաղվում են մասնագիտացված ստորաբաժանումները: Բանախոսի կանխատեսմամբ՝ առաջիկայում հատկապես չորս ուղղությամբ են ընթանալու կիբեռհարձակումները՝ ա) պետությունների կողմից պետությունների դեմ, բ) հեռահաղորդակցման ուղիներ, գ) առանցքային նշանակություն ունեցող քաղաքների ժամանակակից ենթակառուցվածքներ, դ) գեոստրատեգիական նշանակության տեղեկատվություն (ինչպես բանախոսը որակեց՝ «նոր Վիկիլիքս», նոր Սնոուդեն և այլն):
Ըստ նրա՝ պետք չէ վհատվել, քանի որ «կոտրում» են անխտիր բոլորին, նույնիսկ իրենց պես պրոֆեսիոնալ ընկերությանը: Խնդիրն այն է, թե դա պետք է համարել պրոբլե՞մ, թե՞ համակերպվել ու լուծումներ գտնել: Իրենք ընտրել են երկրորդ տարբերակը, որի համար անհրաժեշտ է երբեմն վերստուգել ոչ միայն իրենց ներքին քաղաքականությունը, այլև ընկերության աշխատանքի կազմակերպման կառուցվածքը:
Ս.Նովիկովը խնդրի լուծման համար առաջարկեց ավելի մեծ ներդրումներ կատարել կրթական համակարգի այն հատվածում, որը մասնագետներ է պատրաստում արդի անվտանգության ոլորտի համար:
Հարց ու պատասխանի ժամանակ բանախոսն անդրադարձավ մի քանի առանցքային խնդիրների ևս: Նա ասաց, որ «Կասպերսկու լաբորատորիան» համաշխարհային շուկայում ունի բավականին զորեղ ու բանիմաց մրցակիցներ: Խոսեց ուսանողներին հետաքրքրող օպերացիոն համակարգերի՝ անխոցելիության տեսանկյունից առավել կատարյալների մասին: Իսկ գաղտնիք պարունակող հիմնարար հարցերը բանախոսը հմտորեն և քաղաքավարի շրջանցում էր՝ տալով դիվանագիտական պատասխաններ:
Հայաստանում «Կասպերսկու լաբորատորիան» ունի իր ներկայացուցիչը և հետաքրքրված է հատկապես տեխնիկական կադրերով, որոնց բացահայտում են հենց այսպիսի սեմինար-հանդիպումների ընթացքում:
Այսպիսի հանդիպումները չափազանց կարևոր են հայաստանյան ուսանողության համար, քանի որ զուտ մասնագիտական կողմից զատ՝ ունեն նաև աշխարհաճանաչողական բնույթ և նպաստում են մտահորիզոնի ընդլայնմանը:
Ն. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ