Դեկտեմբերի 14-ին ՀԱՊՀ էին այցելել Լեհաստանի Բելոստոկ քաղաքի տեխնիկական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Լեխ Դզենիսը, նույն համալսարանի դասախոս, Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Անատոլի Գուրինովիչը: Ռեկտորի աշխատասենյակում նրանց հյուրընկալեց բուհի ղեկավարությունը: Հանդիպմանը ներկա էին՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը, Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի գծով պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը, Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Ա. Գրիգորյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Կարեն Արզումանյանը: Նպատակը երկու բուհերի համագործակցության պայմանագրի քննարկումն էր: ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը համառոտ ներկայացրեց Հայաստանի տեխնիկական բուհերի առաջատար Պոլիտեխնիկի պատմությունը, կառուցվածքը, ֆակուլտետները, որդեգրած ուղղություննները: Ապա Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի գծով պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը պատմեց բուհի միջազգային համագործակցության մասին, այդ թվում՝ լեհական բուհերի:
Անատոլի Գուրինովիչը պատմեց, որ իրենք արդեն համագործակցում են նախկին խորհրդային շատ երկրների բուհերի հետ: Առաջիկայում նախատեսվում է համագործակցություն՝ Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ:
Զրույց ծավալվեց երկու երկրների կրթության նոր մարտահրավերների, աշխատաշուկայի պահանջարկի և երիտասարդության նախասիրությունների շուրջ:
Հյուրերը պատմեցին, որ ցերեկային կրթությունը Լեհաստանի բուհերում անվճար է: Նրանք էլ, ինչպես մենք, անցել են 12-ամյա միջնակարգ կրթության: Բայց տեխնիկական բուհը պահպանել է 5-ամյա կրթությունը՝ 3,5 տարի ինժեների աստիճան, 1,5 տարի՝ մագիստրոս-ինժեների աստիճան: Մագիստրոսական կրթությունը, բացի մայրենի լեհերենից, կազմակերպվում է նաև ռուսերեն և անգլերեն: Այնպես որ, հաջող համագործակցության դեպքում, ինչպես խոստացավ պրոֆեսոր Դզենիսը, ՀԱՊՀ-ի միևնույն մասնագիտությամբ տասն ուսանողի Բելոստոկի տեխնիկական համալսարանում անվճար մագիստրոսական կրթության հնարավորություն կտրվի:
Հանդիպումը շարունակվեց նաև դեկտեմբերի 15-ին, որին, բացի բուհի ղեկավարությունից, ներկա էին՝ ակադեմիկոսներ Հարություն Թերզյանը, Յուրի Սարգսյանը, Վանիկ Զաքարյանը, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը, Գիտակազմակերպական բաժնի պետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Տաթև Հովհաննիսյանը։ Լ. Դզենիսը սլայդների օգնությամբ պատմեց հայրենի քաղաքի և իրենց համալսարանի մասին: Ա. Գրիգորյանը պատմեց Պոլիտեխնիկի գիտակրթական համակարգի, ներդրումային ծրագրերի մասին: Հանդիպման նպատակը տեղեկատվության փոխանակման միջոցով գիտական համագործակցության ընդհանուր եզրեր գտնելն էր: Բուհի գիտական ղեկավարության ուղեկցությամբ հյուրերը էքսկուրս կատարեցին համալսարանում: Նրանք ծանոթացան Ինովացիոն և Միջուկային անվտանգության տարածաշրջանային, Մինչբուհական և շարունակական կրթության կենտրոնների, ինչպես նաև Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների գործունեությանը:
Հանդիպման ավարտին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարության ներկայությամբ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և Բելոստոկի տեխնիկական համալսարանի ռեկտոր Լեխ Դզենիսը կնքեցին համագործակցության համաձայնագիր և ուսանողների փոխանակման պայմանագիր: