Դեկտեմբերի 10-ին ՀԱՊՀ-ի Գիտխորհրդի նիստերի դահլիճում անցկացվեց «Պոլիտեխնիկական ընթերցումներ» գիտական սեմինարը՝ «SPARCS-M1 համակարգի կիրառումը ճառագայթային ֆոնի մոնիթորինգի նպատակով» խորագրով:
Սեմինարը բացեց ակադեմիկոս Յու. Սարգսյանը` ներկայացնելով զեկուցողներին` ռեկտոր, պրոֆեսոր Ո.Մարուխյանին և ՋԷ և ՇՄՊ ամբիոնի վարիչ, դոցենտ Մ. Ղազարյանին:
Ռեկտոր Ո.Մարուխյանը ներկայացրեց ՀԱՊՀ-ի և ԱՄՆ-ի Էներգետիկայի դեպարտամենտի, մասնավորապես միջուկային անվտանգության բաժնի 14-ամյա համագործակցությունը, որը հնարավորություն է տվել ռադիոլոգիական տվյալների հավաքագրման և վերլուծության «SPARCS M-1» սարքի օգնությամբ տարին 2 անգամ կազմակերպել վարժանքներ:
Սարքը կարող է տեղադրվել ավտոմեքենայում, ջրային տրանսպորտում` մոտորանավում, ինչպես նաև թռչող ապարատների վրա: Այն կիրառվում է ինչպես ճառագայթային ֆոնի չափման, այնպես էլ միջուկային ու ճառագայթային վթարներին արձագանքման գործառույթների իրականացման պարագայում:
«Այս սարքի օգնությամբ անցկացրել ենք 3 վարժանք: Սարքի 2 օրինակ մեր համալսարանին ի պահ է տրվել ԱՄՆ-ի մեր գործընկերների կողմից, որոնք մի քանի ամիս հետո, հուրախություն բոլորիս, կնվիրատրվեն ՀԱՊՀ-ին»,- ասաց Ո. Մարուխյանը:
Այնուհետև ելույթ ունեցավ Մ.Ղազարյանը։ Նա ներկայացրեց հասարակության զարգացման ապահովման գործառույթում առաջնակարգ դեր ունեցող հիմնախնդիրներից մեկը` շրջակա միջավայրի պաշտպանությունը, որտեղ խիստ կարևոր է էկոլոգիական մոնիթորինգի անցկացումը: Այս համակարգում նա առանձնացրեց ճառագայթային մոնիթորինգը, որի անցկացման գործում շատ արդյունավետ է ամերիկյան արտադրության «SPARCS M-1» սարքը: Մ.Ղազարյանը մանրամասնորեն բացատրեց սարքի հնարավորություններն ու առավելությունները։ Ունկնդիրները տեղեկացան նաև իոնացնող ճառագայթման մասին, որը լայնորեն կիրառվում է բժշկության մեջ հիվանդությունների բուժման և ախտորոշման նպատակով:
Ո.Մարուխյանը առաջարկեց որոշակի վթարային իրադրություններին արագ արձագանքման համար համալսարանում կազմակերպել համապատասխան ուսուցում:
Հնչեցին բազմաթիվ հարցեր: